Իկեր Կասիլյաս. Որտեղ էլ տեղափոխվեմ, միշտ ասելու եմ` «Hala Madrid» (տեսանյութ)

Իկեր Կասիլյաս. Որտեղ էլ տեղափոխվեմ, միշտ ասելու եմ` «Hala Madrid» (տեսանյութ)

Կայացավ դարպասապահ Իկեր Կասիլյասի Մադրիդի «Ռեալում» վերջին մամուլի ասուլիսը: 34-ամյա ֆուտբոլիստը, ով «Ռեալի» կազմում է 8 տարեկանից և 18 տիտղոս է նվաճել, չկարողացավ զսպել հուզմունքը:

«Առաջին հերթին շնորհակալ եմ, որ ինձ համար պատասխանատու այս պահին կողքիս եք: Այս մեծագույն մարզադաշտ եմ եկել, որպեսզի հրաժեշտ տամ բոլորին, հատկապես «Ռեալին»: Երեկվանից ես «Ռեալի» ֆուտբոլիստ չեմ: Որոշել եմ տեղափոխվել «Պորտու», որին շնորհակալ եմ: Շնորհակալ եմ մարզչին, ով ինձ հրավիրելու խոսքեր գտավ, իսկ ես ուրախ եմ միանալ նրանց: «Պորտու» եմ հեռանում հավատով և հույսով, որ այն կարող է դառնալ իմ ճակատագիրը: Ջանք չեմ խնայի, որպեսզի ոչ ոքի հուսախաբ չանեմ:

Այժմ դիմում եմ «Ռեալին»: Աշխարհի լավագույն ակումբում 25 տարի անցկացնելուց հետո ժամանակն է եկել, որպեսզի հրաժեշտ տամ թիմին, որն ինձ ամեն ինչ է տվել: Կարծես երեկ լիներ, երբ եկա այստեղ, երբ դեռ երեխա էի: Երբ առաջին անգամ հագա սպիտակ մարզահագուստը, կարծես երազ լիներ: Իմ կարիերայի ընթացքում մենք ծիծաղել ենք, լացել ենք, հաղթել ենք ու պարտվել: Այս ակումբն ինձ ձևավորել է որպես անհատականություն, օգնել է կյանքում արժեքներ գտնել, հասկանալ` ինչ է հարգանքը, շփումը և առաջին հերթին համակերպումը: Հիշում եմ բոլոր նրանց, ում հետ երբևէ խաղացել եմ: Նրանք եղել են իմ ընտանիքը: Ես այստեղ շատ ընկերներ եմ թողնում: Նաև հիշում եմ բոլոր մարզիչներին, ում հետ մանկուց աշխատել եմ: Բոլորին սիրում եմ: Շնորհակալ եմ Կարլո Անչելոտիին, ով ինձ վերջին հնարավորությունը տվեց: Բոլոր մարզիչներն ինձ խելք, փորձ, պրոֆեսիոնալիզմ են տվել: Ամեն օր մենք եղել ենք «Ռեալ Մադրիդի» մի մասն ու խնդիրները միասին ենք լուծել: Մենք միասին շատ երջանիկ պահեր ենք ապրել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, առաջին հերթին կնոջս ու որդուս: Նրանք շատ են ինձ օգնել:

Վերջին տողերը ցանկանում եմ նվիրել երկրպագուներին: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար և ձեր ավագը լինելու հնարավորության համար: Դուք ինձ օգնել եք բարձրացնել ձեռքերս, երբ դրա անհրաժեշտությունը եղել է: Չգիտեմ` լա՞վ դարպասապահ եմ եղել, թե՞ վատ: Ես ցանկանում եմ հիշվել որպես լավ մարդ: Շնորհակալություն, շնորհակալություն, հազարավոր շնորհակալություններ: Որտեղ էլ ես տեղափոխվեմ, միշտ ասելու եմ` «Hala Madrid!»: Հավատում եմ, որ դեռ հանդիպելու եմ ձեզ հետ»,-հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իկեր Կասիլյասը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում