Ինչպե՞ս և ու՞մ տրանսֆերներն են «գողացել»

Ինչպե՞ս և ու՞մ տրանսֆերներն են «գողացել»

Գուցե ֆուտբոլն այլ լիներ, եթե այս տղաներին վերջին պահին չխլեին: Ներկայացնում ենք ֆուտբոլիստների, ում տրանսֆերները հաջողվել է «գողանալ» կանոններ չունեցող պայքարում:

Զլատան Իբրահիմովիչ. 2006-ին «Ինտերը» գողացավ «Միլանից»

Երբ Զլատանը հայտարարեց Բ Սերիայում հայտնված «Յուվենտուսը» լքելու ցանկության մասին, միլանյան գերակումբները պայքար սկսեցին շվեդ հարձակվողի համար: Ինքնակենսագրական գրքում Զլատանը ներկայացրել է, որ տրանսֆերային պատուհանի փակումից մի քանի օր առաջ իր համար պայքարում «Միլանն» առաջատար դիրքում է եղել, ակումբում անգամ նախապատրաստվել են աստղի շնորհանդեսին, սակայն ամեն ինչ այլ ընթացք ունեցավ: Ներկայացնում ենք շվեդ ֆուտբոլիստի ինքնակենսագրականից մեկ հատված:

«Սիլվիո Բեռլուսկոնին ցանկանում էր հանդիպել ինձ հետ: Դա նշանակում էր՝ նրանք իսկապես հետաքրքրված են: Ես մտադիր էի «Ինտեր» տեղափոխվել, բայց հասկանում էի, որ այդ հանդիպումն ավելորդ չէր:

-Մենք կարո՞ղ ենք օգտագործել այդ հանդիպումը,-հարցրեցի ես:
-Կարծում եմ՝ այո,-պատասխանեց Մինո Ռայոլան (Իբրահիմովիչի գործակալը-խմբ.) և միանգամից զանգահարեց Մորատտիին, քանի որ դա կարող էր նրանց ստիպել շարժվել:
-Պարզապես ցանկանում եմ` իմանաք՝ Իբրահիմվիչը պատրաստվում է գնալ Բեռլուսկոնիի հետ ընթրիքի:
-Ի՞նչ:
-Նրանք սեղան են պատվիրել «Ջանինո» ռեստորանում:
-Սատանայի հետ նրանք կճաշեն,-դժգոհեց Մորատտին,-Ես այնտեղ իմ մարդկանցից կուղարկեմ»:

«Ինտերի» ներկայացուցիչը ոչ թե ռեստորան, այլ միանգամից Ռայոլայի և Իբրահիմովիչի սենյակ է գնացել: Նրա ձեռքում եղել է պայմանագիրն այն բոլոր կետերով, որոնք ցանկանում էին տեսնել Իբրահիմովիչն ու Ռայոլան: Ահա այսպես, Իբրահիմովիչը տեղափոխվեց «Ինտեր», իսկ 5 տարի անց արդեն չմերժեց Բեռլուսկոնիի հետ ընթրելու նոր հրավերը:

Ժոֆֆրի Կոնդոգբիա. 2015-ին «Ինտերը» գողացավ «Միլանից»

Այս ամռանն «Ինտերը» ևս մեկ հաղթանակ տարավ տրանսֆերային շուկայում: Ժոֆֆրի Կոնդոգբիան կես քայլ էր հեռու «Միլանի» հետ համաձայնագիր ստորագրելուց ու անգամ սեղմել էր Ադրիանո Գալլիանիի ձեռքը, սակայն «Ինտերի» հաջողությունից հետո «Միլանի» փոխնախագահին միայն մնում էր արդարանալ.

«Գործարքը կնքվեց հունիսի 20-ին, ժամը 13:20-ին: «Մոնակոն» համաձայնեց 40 միլիոն եվրոյի դիմաց նրան մեզ տալ: Պայմանագիրը, որ մենք առաջարկում էինք ֆուտբոլիստին, շաբաթ առավոտյան հաստատվել էր Կոնդոգբիայի և նրա հոր կողմից: Երբ մենք փոխանակվում էինք փաստաթղթերով, նրանք փոխեցին իրենց որոշումը կամ երրորդ կողմն ավելի լավ առաջարկ արեց»,-պատմել է Գալլիանին:

«Ինտերի» որոշիչ քայլերում իր դերն է ունեցել Ռոբերտո Մանչինին, ով անձամբ է զանգահարել կիսապաշտպանին ու համոզել նրան տեղափոխվել «Ինտեր»: Ժոֆֆրին արդեն խոստովանել է, որ «Միլանի» առաջարկն ավելի շահավետ է եղել թե՛ իր, թե՛ «Մոնակոյի» համար, սակայն ընտրություն կատարելիս առաջնորդվել է Մանչինիի հետ զրույցով:

Մոհամեդ Սալահ. 2014-ին «Չելսին» գողացավ «Լիվերպուլից»

2013-ի աշնանը Սալահը խաղում էր Չեմպիոնների լիգայում՝ «Բազելի» մարզահագուստով: «Չելսին» և «Լիվերպուլը» հետաքրքրված էին կիսապաշտպանի տրանսֆերով, իսկ լրատվամիջոցները Ռոման Աբրամովիչին հիշեցրին, որ Մոհամեդը բարդ հարաբերությունների մեջ է հրեական համայնքի հետ: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Մակկաբիի» դեմ խաղում եգիպտացին մրցակցի ձեռքը սեղմելու փոխարեն կոշիկների ամրաններն էր ձգել, իսկ Իսրայել գնալ առհասարակ չէր ցանկանում. «Ես կմեկնեմ, որովհետև ֆուտբոլը քաղաքականությունից կարևոր է: Պարզապես կպատկերացնեմ, որ Պաղեստինում եմ խաղում: Պատրաստվում եմ գոլ խփել ու հաղթել: Սիոնիստական դրոշ ՉԼ-ում չի լինի»:

Թվում էր` Մոհամեդն ամեն ինչ արեց «Չելսի» չտեղափոխվելու համար: Մերսիսայդցիներն ակնհայտ առաջատար էին Սալահի տրանսֆերի համար պայքարում և նրա հետ արդեն քննարկել էին անձնական պայմանագրի կետերը, սակայն «Չելսիի» սեփականատերը որոշեց քաղաքականությունը չխառնել ֆուտբոլի հետ և նրան խլեց «Լիվերպուլից»: Եգիպտացու տեղափոխությունից հետո Մոուրինյուն խոստովանեց, որ «Չելսին» սկզբում մտադիր չէր պայքարել Սալահի համար.

«Եթե Մատան չորոշեր հեռանալ, ապա այս ձմռանը միայն Մատիչին կգնեինք, իսկ այսպես ստիպված եղանք փնտրել մեկին, ով կկարողանար հարձակման գծում խաղալ»,-հայտարարեց ճշմարտությունը չթաքցնող Մոուրինյուն:

Ռոբինյո. 2008-ին «Մանչեսթեր Սիթին» գողացավ «Չելսիից»

Բրազիլացին «Ռեալում» երեք մրցաշրջան անցկացրեց, իսկ հետո մադրիդցիները որոշեցին ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին, ով քիչ թե շատ նույն դիրքում էր խաղում: Բոլոր ռեսուրսներն ուղղվեցին պորտուգալացու տրանսֆերի իրագործմանը: Վիրավորված Ռոբինյոն սկսեց Իսպանիայից դուրս փնտրել հարմար ակումբ: Այդ ժամանակ նրա գործակալին զանգահարեցին «Չելսիից»: Բրազիլացին երկար չմտածեց ու մամուլի ասուլիս հրավիրեց, որի ժամանակ հայտարարեց կարիերան Լոնդոնում շարունակելու մտադրության մասին:

Սակայն «Չելսիի» և Ռոբինյոյի միջև բանակցությունները բարդացրեց «Ռեալի» սահմանած գինը՝ 40 միլիոն եվրո: Լոնդոնցիներն այդքան վճարելու ցանկություն չունեին, ու գործը երկարեց մինչև տրանսֆերային պատուհանի փակման վերջին ժամերը: Այդ ժամանակ խաղի մեջ մտավ «Մանչեսթեր Սիթին», և ֆուտբոլիստի տրանսֆերի համար 42 միլիոն առաջարկեց` այդպիսով ԱՊԼ-ի տրանսֆերային նոր ռեկորդ սահմանելով: Առաջարկը շահավետ էր և՛ ֆուտբոլիստի, և՛ «Ռեալի» համար:

Ռոնալդինյո. 2003-ին «Բարսելոնան» գողացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

«ՊՍԺ»-ում երկրորդ մրցաշրջանից հետո Ռոնին սկսեց մտածել ակումբը փոխելու մասին, քանի որ փարիզյան թիմը եվրագավաթներին չէր մասնակցում: «Բարսելոնան» նրա կարիերայի շարունակության գլխավոր կետը չէր:

«Ես 48 ժամով հեռու էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից, սակայն նրանց առաջարկից առաջ Ժոան Լապորտան հարցրել էր ինձ. «Եթե ես դառնամ «Բարսելոնայի» նախագահ, կմիանա՞ս մեզ»: Ես դրական պատասխան էի տվել: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մնում էր մի քանի հարց կարգավորել, երբ Լապորտան զանգահարեց ու ասաց, որ հաղթում է ընտրություններում: Ես խոստացա, որ հանդես կգամ «Բարսելոնայում»: Բանակցություններն արագ ընթացան: Անգլիացիներին պարզապես ասացի, որ կատալոնական ակումբն եմ ընտրել»,-խոստովանել է հրաշագործ ֆուտբոլիստը:

Այս տրանսֆերը շրջադարձային է եղել եվրոպական ֆուտբոլի համար, ինչը փաստում են սըր Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակեսագրական գրքի հետևյալ տողերը. «Ինձ համար մեծ հիասթափություն էր: Կարծում էի, որ հարցը լուծված է, բայց երբ գնացի Փարիզ, իրավիճակը շատ էր փոխվել: Հաջորդ օրը Ռոնին Բարսելոնայի ճանապարհին էր, իսկ մենք սկսեցինք լրջորեն զբաղվել «Սպորտինգից» մի երիտասարդ տղայով, ում անունը Կրիշտիանու է»:

Դևիդ Բեքհեմ. 2003-ին «Ռեալը» գողացավ «Բարսելոնայից»

Որքան էլ տարօրինակ է` Ռոնալդինյոն Լապորտայի համար երկրորդ տարբերակ էր: «Բարսելոնայի» ապագա նախագահը մինչև ընտրվելը կենտրոնացել էր Դևիդ Բեքհեմի տրանսֆերի վրա: Անգլիացու՝ Կատալոնիա տեղափոխվելուց կշահեր նաև «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ այդ դեպքում Ռոնալդինյոն պետք չէր լինի «Բարսելոնային»: Ակումբներն արդեն հայտարարություններ էին արել բանակցությունների մասին, բայց Բեքսը հրաժարվեց կրել կապտանռնագույն համազգեստը: Բեքհեմը չէր ցանկանում բաց թողնել հաջորդ Չեմպիոնների լիգան, որին «Բարսելոնան» չէր մասնակցելու:

Դրանից երջանկացավ Ֆլորենտինո Պերեսը, ով «Ռեալի» աստղային թիմում տեսնում էր նաև Բեքհեմին: Մադրիդյան ակումբի ղեկավարը «Մանչեսթեր Յունայթեդին» 35 միլիոն եվրո առաջարկեց` գումարած աստղի անունով մարզաշապիկի վաճառքից ստացված գումարի մի մասը: Անգլիական կողմը չառարկեց:

Ռոյ Քին. 1993-ին «Մանչեսթեր Յունայթեդը» գողացավ «Բլեքբերնից»

ԱՊԼ-ի 1992-93 թթ. մրցաշրջանում «Նոթինգեմ Ֆորեսթը» պայքարում էր գոյատևման համար: Ֆուտբոլային այդ մռայլության մեջ փայլում էր Ռոյ անունով իռլանդացի տղան, սակայն նա «Ֆորեսթին» չփրկեց վերջին տեղից, իսկ Քենի Դալգլիշը, ում «Բլեքբերնը» խոստացել էր լուրջ ուժ դառնալ անգլիական ֆուտբոլում, ցանկացավ Քինին հանդերձարանի առաջնորդը դարձնել:

«Ուրբաթ երեկոյան արդեն համաձայնություն էի տվել Դալգլաշին իր ակումբ տեղափոխվելու համար, սակայն նա չհանդիպեց փաստաբաններին ու որոշեց գործարքը ներկայացնել երկուշաբթի: Հանգստյան օրերին ինձ զանգահարեց նա:

-Ռոյ, Ալեքս Ֆերգյուսոնն է: Դու արդեն պայմանագի՞ր ես կնքել:
-Ոչ, բայց մենք ձեռք ենք սեղմե, ու ես պարտավոր եմ վաղը ստորագրել թղթերը:
-Ինչո՞ւ չես գալիս Մանչեսթեր ու նախ ինձ հետ խոսում:
-Այո, բայց ես արդեն համաձայնություն եմ տվել:
-Դու ոչինչ չես ստորագրել: Արի ու կխոսենք»:

Շաբաթ Ռոյը «Օլդ Թրաֆֆորդում» ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը, ակումբի պատմությունում նոր գլուխ սկսվեց: 

Վիլլիան. 2013-ին «Չելսին» գողացավ «Տոտենհեմից»

2013-ի ամռանը Սուլեյման Կերիմովի գործերը չստացվեցին. Ռուսական «Forbes»-ի ամենագլխավոր հերոսներից մեկը 1 շաբաթում 5 միլիարդ դոլար կորցրեց և «Անժիի» հեռանկարային ծրագիրը վերածվեց աստղերի վաճառակետի: Տրանսֆերային շուկայի քաղցրավենիքներից որոշեցին օգտվել «Տոտենհեմը», որը Մախաչկալա ուղարկեց 35 միլիոն եվրոյով Վիլլիանին գնելու ծրագիրը: Բանակցությունները հարթ ընթացան, և երեք օր անց ֆուտբոլիստը գնաց նոր ակումբում բուժզննում անցնելու: «The Times»-ը գրեց, որ բրազիլացին արդեն պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ:

Սակայն դա հետ չպահեց «Չելսիին», որը մտադրվել էր ձեռք բերել Վիլլիանին: Լոնդոնցիների հնարավորությունները  միշտ մեծացնում են Աբրամովիչի դրամապանակն ու Մոուրինյուի գրավչությունը: Առաջինն «Անժիին» 40 միլիոն առաջարկեց, իսկ երկրորդը սկսեց բացատրել թիմի՝ կիսապաշտպանի միջոցով հզորացման անհրաժեշտության մասին: «Տոտենհեմին» մնում էր միայն սպասել ֆուտբոլիստի որոշմանը, ով միանգամից հիշեց, որ երազել է կրել «Չելսիի» մարզաշապիկը:

 

Ջոն Օբի Միկել. 2005-ին «Չելսին» գողացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

2005-ին նիգերիացու «Չելսի» տեղափոխությունը քրեական պատմություն է հիշեցնում: Ամեն ինչ սկսվեց 2005-ի ապրիլի 25-ին, երբ Միկելը դարձավ 18 տարեկան: Ծննդյան օրվանից 3 օր անց «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Օբիի գնման մասին ու մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ ֆուտբոլիստին ներկայացրեց կարմիր մարզահագուստով: Համաձայնագրի կետերը հրապարակված էին ակումբի պաշտոնական կայքում, իսկ պայմանագիրն ուժի մետ մտավ Նիգերիայի առաջնությունից հետո, որտեղ Միկելը խաղում էր «Լյունի» կազմում: «Մանչեսթեր Յունայթեդ» հետ համաձայնությունից հետո Միկելը սկսում է զանգեր ստանալ ու սպառնալիքներ լսել անհայտ անձի կողմից: Անգլիական ակումբը նրա համար թիկնապահ վարձեց և ապահով հյուրանոցում տեղավորեց: Սակայն մայիսի 11-ին Օբին «Կլեմետսրուդի» դեմ խաղի ժամանակ դաշտում չհայտնվեց:

Հետաքննությունը պարզեց, որ նա Լոնդոն է մեկնել գործակալ Ջոն Շիթի հետ, որպեսզի պայմանագիր կնքի «Չելսիի» հետ: «Յունայթեդը» լոնդոնցիներին մեղադրեց առևանգման մեջ, իսկ մեղադրվող կողմը հայտարարեց, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առանց ֆուտբոլիստին պաշտոնապես ներկայացնելու է պայմանագիր կնքել ու այդպիսով համաձայնագիրը օրենքի ուժ չուներ: ՖԻՖԱ-ն երկար քննարկումներից հետո Միկելի տրանսֆերը «Չելսիին» հանձնեց, սակայն նրանց ստիպեց որպես փոխհատուցում մոտ 12 միլիոն եվրո վճարել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ռոբերտո Ֆիրմինո. 2015-ին «Լիվերպուլը» գողացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Մինչ Բրազիլիայի հավաքականը տանջվում էր Ամերիկայի գավաթի խաղարկությունում, Ռոբերտոն որոշեց փոխել ակումբը: Ֆիրմինոյի հետաքրքրության մասին հայտարարեցին Մանչեսթերում, Մյունխենում և Լիվերպուլում: Մի քանի օր անց «ESPN»-ի լրագրող Ժոզե Էլիաշը Twitter-ում գրեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հենց Չիլիում բուժզննման է ուղարկել ֆուտբոլիստին ու արդեն հաջողությամբ քննարկվել են գործարքի մանրամասները: Սակայն «Լիվերպուլի» գործադիր տնօրեն Իեն Էյրի ինքնաթիռն էլ ավելի արագընթաց դուրս եկավ. մինչև «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները կհասնեին Հարավային Ամերիկա, Ֆիրմինոն իմացավ, որ կարիերայի լավագույն շարունակությունն իրեն «Էնֆիլդում» է սպասվում:

Ռոբերտոյի տրանսֆերի ձեռքբերման կարևորության մասին խոսեցին Բաբելը, Կոուտինյոն, Ռոնալդինյոն ու Ջերրարդը, իսկ Մանչեսթերում, հավանաբար, դիտեցին Ամերկայի գավաթում բրազիլացիների անհաջող խաղն ու իրենց հույս տվեցին, որ լավ է` հեռու են մնացել կասկածելի տրանսֆերից:

Օգտագործած աղբյուր` «Eurosport»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում