Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում վերջին մարզումներն է անցկացնում Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Եվրոպայի առաջնությունը թերևս այս տարվա ամենակարևոր ստուգատեսներից մեկն է, որտեղ 1- 6-րդ տեղերը գրաված բռնցքամրտիկները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ աշխարհի առաջնությունում էլ արդեն կփորձեն ձեռք բերել օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք:

Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր՝ 10-ը քաշային կարգերում: 49 կգ քաշային կարգում հանդես կգա Հայաստանի գործող չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը:

52 կգ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի պատանիների աշխարհի և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը: 56 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա 2013 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը, 60-ում՝ Սամվել Բարսեղյանը: 64 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարի Հովհաննես Բաչկով: 69-ում ասպարզ դուրս կգա այս տարի Խաբարովսկի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Վլադիմիր Մարգարյանը: 75 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի 2014 թվականի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Արման Հովհիկյանը, 81-ում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Նիկոլ Արությունովը: 91 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարի Հենրիկ Սարգսյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ռաֆայել Սիմոնյանը: Հայաստանի հավաքականը Բուլղարիա կմեկնի օգոստոսի 4-ին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում