Նախարարն ընդունել է Բրունո Բակոբզային

Նախարարն ընդունել է Բրունո Բակոբզային

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ հուլիսի 31-ին, ընդունել է մարաթոնյան վազքի միջազգային ֆեդերացիայի (ՄՎՄՖ) նախագահության խորհրդի անդամ Բրունո Բակոբզային, ով Երևանում է այս տարվա հոկտեմբերի 3-ին Երևանում միջազգային մարաթոնյան վազքի անցկացման աշխատանքները կազմակերպելու համար:

Նախարարը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել ՄՎՄՖ-ին Երևանում միջազգային ստուգատես կազմակերպելու նախաձեռնության համար և հավաստիացրել, որ թե́ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, թե́ Երևանի քաղաքապետարանի և թե́ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից կարվի առավելագույնը երևանյան մարաթոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

«Հոկտեմբերի 3-ին կայանալիք վազքը կիսամարաթոն է` 21,1 կմ երկարությամբ, որն անցնելու է Երևանի փողոցներով, ինչը իրավամբ ֆիզկուլտուրայի և սպորտի ամենամասսայական քարոզչության ձևերից մեկը կարելի է համարել»,- Գաբրիել Ղազարյանի խոսքը մեջբերված է նախարարության պաշտոնական կայքից:

Գաբրիել Ղազարյանը նաև շնորհակալություն է հայտնել հյուրին ուղեկցող Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին` վազքի կազմակերպման ուղղությամբ նրա կողմից իրականացված մեծածավալ աշխատանքների համար:

Բրունո Բակոբզան շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ ինքն անձամբ ուսումնասիրել է վազքուղին, որի ասֆալտածածկը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հյուրը նաև տեղեկացրել է, որ ակնկալվում է շուրջ մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը երևանյան վազքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում