Վարուժան Սուքիասյան. «Կրասնոդարի» հետ խաղը շատ կարևոր էր

Վարուժան Սուքիասյան. «Կրասնոդարի» հետ խաղը շատ կարևոր էր

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Կրիմսկում կայացած ուսումնամարզական հավաքի, «Կրասնոդարի» հետ ստուգողական հանդիպման և թիմի նպատակների մասին:

-Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս անցավ ռուսաստանյան ուսումնամարզական հավաքը:

-Կարելի է ասել, որ հավաքը ծառայեց իր նպատակին: Պետք է փորձարկեցինք նոր ֆուտբոլիստների և կողմնորոշվեինք օպտիմալ կազմի հարցում, ինչը մեզ մեծամասամբ հաջողվեց: Ծանրաբեռնված մարզումներ էինք անցկացնում և գտնում եմ, որ տղաները լավ աշխատեցին:

-Առաջին ստուգողական խաղում հանդիպեցիք Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարին»:

-«Կրասնոդարի» հետ խաղը շատ կարևոր էր: Ցանկանում էինք հասկանալ մեր հնարավորությունները: Ճիշտ է` հանդիպումը անցավ ռուսական թիմի առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստներն աչքի ընկան նվիրվածությամբ և խաղային կարգապահությամբ: Պարտվեցինք նվազագույն հաշվով, սակայն կարող էինք ինչպես ևս 1-2 գոլ բաց թողնել, այնպես էլ` հավասարեցնել հաշիվը խաղավերջում: Մրցավարը չարձանագրեց Գևորգ Նռանյանի մաքուր գոլը: Մյուս խաղերում մեկական հաղթանակ և պարտություն գրանցվեց: Մրցավարությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր:

-Հավաքը անցնում էր Կրիմսկում, սակայն «Արարատը» երկու հանդիպում անցկացրեց «Կրասնոդարի» մարզաբազայում: Ի՞նչ տպավորություն թողեցին այդ մարզական կառույցները:

-Կրիմսկում մի քանի խաղադաշտեր կային, մարզումների համար լավ պայմաններ էին ստեղծված: Ինչ վերաբերում է «Կրասնոդարի» մարզաբազային, ապա այն պարզապես հիանալի էր: Մարզաբազային կից գործում էր ակումբի ակադեմիան: Շատ բարձր մակարդակի մարզակառույց էր, որում մարզվելն ու խաղալը շատ հաճելի էր:

Նորեկները արդարացրեցի՞ն սպասելիքները:

Ջուլիանոյի, Գևորգ Նռանյանի և Նորայր Գրիգորյանի հետ նախկինում աշխատել եմ: Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են և օգուտ կտան մեր թիմին: Վատ տպավորություն չթողեցին Գևորգ Պրազյանը, Սարգիս Կարապետյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Զավեն Բուլուտը: Իսկ իսպանացի կիսապաշտպան Կասաբելյան չարդարացրեց սպասելիքները: Հրաժարվել ենք բրազիլացի հարձակվողի ծառայություններից:

-Ի՞նչ նպատակներ են դրվելու «Արարատի» առջև:

-Գալիք մրցաշրջանում պայքարելու ենք բարձր տեղերի համար, իսկ մոտ ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել արդեն եվրոպական ակումբային մրցաշարերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում