Իսպանական թիմերի՝ 2015-16թթ. մրցաշրջանի մարզահագուստները

Իսպանական թիմերի՝ 2015-16թթ. մրցաշրջանի մարզահագուստները

Իսպանիայի 2015-16թթ. առաջնության մեկնարկին հաշված ժամեր են մնացել: Առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչ մարզահագուստներով են նոր մրցաշրջանի հանդիպումներին մասնակցելու իսպանական թիմերը:

«Բարսելոնա»

Տնային: Կատալոնացիների նոր մարզահագուստը կապույտ և կարմիր հորիզոնական գծերով է: Ակումբի պատմության մեջ առաջին դեպքն է, որ գծերը հորիզոնական են, ոչ թե ուղղահայաց: Ինչպես «Nike»-ում են վստահեցնում, նրանց ոգեշնչել են ակումբի երկրպագուների դրոշները։ Փոխվել է նաև ֆուտբոլիստների անունների և համարի տառատեսակը։ Մարզաշապիկի V-աձև օձիքը կատալոնական դրոշի գույներն ունի։ Հագուստի եզրերին դեղին գիծ է։ Կիսատաբատները կարմիր են այնպես, ինչպես 2005-06թթ. և 2010-11թթ. մրցաշրջաններում։ Զուգագուլպաները մուգ կապույտ են՝ վերևում մեծ կարմիր գծով:

Այստեղ կարելի է տենել, թե ինչպիսին կլիներ «Բարսելոնայի» մարզահագուստը, եթե մոդելավորողներն այլ ապրանքանիշ ներկայացնեին։

Արտագնա: «Nike»-ը որոշեց վերադառնալ 2013-14թթ. մրցաշրջանի դեղին մարզաշապիկին։ Հագուստի առջևի մասն ամբողջությամբ դեղնանարնջագույն է, իսկ թիկունքին ուղղահայաց չորս կարմիր գծեր կան, որոնք, բնականաբար Կատալոնիան են խորհրդանշում։ Մարզահագուստի եզրերին կապույտ գծեր են, իսկ օձիքը և՛ կարմիր է, և՛ կապույտ։ 

Երրորդ մարզահագուստ: Այն դեռևս պաշտոնապես վաճառքի հանված չէ։ «Բարսելոնայի» համար երրորդ մարզահագուստ ստեղծելու համար «Nike»-ը որևէ մեկին որևէ բանով չի ցանկացել զարմացնել։ Սա սովորական հագուստ է։ 

«Ռեալ Մադրիդ»

Տնային: «Adidas-ի մոդելավորողների համար շատ հեշտ է ստանալ «Ռեալի» տնային մարզահագուստը, քանի որ ինչ-որ լուրջ բան հորինել պետք չէ։ Սպիտակ մարզաշապիկը, կիսատաբատը, գուլպաները «Ռեալի» մարզահագուստի անբաժանելի բաղադրիչներն են։ Ահա այս անգամ ևս ոչ մի յուրահատուկ բան չի կատարվել։ «Ռեալի» մարզահագուստը ոտքից գլուխ սպիտակ է։

Արտագնա: Մարզահագուստն անսպասելի գույն ունի։ Այն իր մեջ համադրել է սև ու կանաչ գույները։ «Adidas»-ի դասական երեք գծերը կանաչ են։ Մարզաշապիկի վերևի մնացած հատվածը մոխրագույն է, իսկ տարբերանշանը և հովանավորների անունները համապատասխանում են մյուս հատվածների երանգավորմանը։ Կիսատաբատները մուգ մոխրագույն են, իսկ գուլպաները՝ բաց մոխրագույն։ Ի դեպ, մադրիդցիներն արդեն հասցրել են հանդես գալ իրենց նոր մարզահագուստով ու հաղթանակներ տոնել ընկերական խաղերում:

Երրորդ մարզահագուստ: Մուգ կապույտ է: Այս անգամ «Adidas»-ը որոշել է ճոխություններ չմտածել ու շեշտը դրել է հասարակ տարրերի վրա։

«Ատլետիկո»

Տնային: 20 տարի առաջ «Ատլետիկոն» հաղթել է Իսպանիայի առաջնությունում: Հենց այդ գաղափարն էլ հիմք են ընդունել «Nike»-ի մոդելավորողներն թիմի նոր մարզահագուստը ստեղծելու ժամանակ։ Նոր մարզաշապիկը հինգ կարմիր գծեր ունի սպիտակ ֆոնի վրա, դրանցից յուրաքանչյուրը եզրավորված է փոքրիկ կարմիր գծով։ Թևերն ու թիկունքն առաջին անգամ պատմության մեջ կարված են միայն կարմիր կտորով։ V-աձև օձիքը կապույտ գիծ ունի, իսկ ներսի կողմում իսպանական փոքրիկ դրոշն է հաղթական «995-96 — 2015-16» մակագրությամբ։ Կիսատաբատները կապույտ են, իսկ գուլպաները՝ կարմիր։

Արտագնա: Մարզաշապիկի ներսի մասում ևս իսպանական դրոշն է՝ վերոնշյալ մակագրությամբ։ Մարզահագուստը մուգ երանգների մեջ է, եթե ավելի ստույգ՝ մուգ-կապույտ և կարմիր։ Նույն երանգավորումն ունեն նաև գուլպաներն ու կիսատաբատը։

«Վալենսիա»

Տնային: «Adidas»-ի այս մարզաշապիկը սպիտակ ու սև գույների մեջ է։ Կիսատաբատը սև է, իսկ գուլպաները՝ սպիտակ գծերով։ Այս մարզահագուստը շատ համեստ է ու պարզ։ Ակումբը նախկինի պես չունի այնպիսի հովանավոր, որի անունը կարելի կլիներ գրել մարզաշապիկին։

Արտագնա: Այս մարզահագուստով «Վալենսիան» արդեն հասցրել է մի քանի խաղ անցկացնել՝ մասնավորապես «Ռեալի» դեմ անցյալ մրցաշրջանի ավարտին: Մարզաշապիկը մի քանի գույնի համադրությամբ է: Դրանք առաջին հայացքից կարելի է նաև չտարբերել, սակայն, «Adidas»-ն ամեն դեպքում կարողացել է պահպանել հավասարակշությունը։ Դեղինը, կարմիրը, կապույտն ու նարնջագույնը բնական համադրություն են ստեղծում:

Երրորդ մարզահագուստ: Նարնջագույնն այս հավաքածուի հիմնական գույնն է։ Հատուկ ուշադրություն է գրավում վալենսիացիների ՄԱԿ-ի հետ համագործակցությունը: «UN WOMEN»-ի տարբերանշանը Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ պատկերված կլինի «Վալենսիայի» մարզաշապիկին։

«Սևիլյա»

Տնային: «New Balance»-ի մոդելավորողներն առաջին անգամ հագուստ են կարել «Սևիլյայի» համար: Պետք է ասել, որ լավ է ստացվել: Տնային հավաքածուն սպիտակի և կարմիրի համադրությամբ յուրահատուկ ձևավորում ունի: Թևերի և մեջքի հատվածի գծերը, անխոս, մարզաշապիկին էլեգանտ տեսք են տալիս: Մարզաշապիկի վերևի հատվածում տեղակայված է թիմի գերբը: Կիսատաբատն ու գուլպաները սպիտակ են: Պետք է նշել, որ «Սևիլյայի» երկրպագուների խնդրանքով մոդելավորողները ժամանակակից գերբին են ավելացրել հին գերբի բաղադրիչ սրբերին և կարմիր-սպիտակ գծերը:

Արտագնա: Մարզաշապիկի մեջտեղի հատվածում ուղղահայաց կարմիր ու սպիտակ գծեր են, իսկ հետևից հարթ կարմիր է: Թիկունքին ևս գերբն է տեղադրված:

Երրորդ մարզահագուստ: Հիմնական գույնը սևն է, առկա են մոխրագույնն ու դեղինը՝ բարակ գծերի տեսքով:

«Վիլյառեալ»

Տնային: «Վիլյառեալի» տնային մարզահագուստի հիմնական դեղին գույնը մոդելավորողներին թույլ չի տալիս զարկ տալ երևակայությանը: Նրանք կարողանում են միայն մանրուքների վրա աշխատել: Օրինակ այս մրցաշրջանում թեթևակի նկատելի կլինի թիկունքի վանդակները և ռազմա-ծովային ոճով կարված օձիքը:

Արտագնա: Այս մարզահագուստը մի փոքր տարբերվում է նրանից, ինչ կար անցյալ մրցաշրջանում: Հիմա այն կապույտի փոխարեն փիրուզագույն է:

«Ատլետիկ» Բիլբաո

Տնային: «Nike»-ի ներկայացրած մարզահագուստը տարբերվում է ավանդականից. նեղ գծերի փոխարեն հիմա խոշոր սև ու կարմիր գծեր կան: Մարզաշապիկը սև օձիք ունի: Կիսատաբատն ու գուլպաները սև են՝ կարմիր նախշերով:

Արտագնա: Սևն ու մոխրագույնը մասերի են բաժանում «Ատլետիկի» արտագնա մարզահագուստը: Կիսատաբատն ու գուլպաները կարմիր են, և «Nike»-ի մոդելավորողները պնդում են, որ նրանք ոգեշնչվել են պատմական օրինակներից:

«Սելտա»

Տնային: Մարզահագուստն ավանդական երկնագույն է՝ կարմիր նմուշներով, որոնք կային նաև անցյալ մրցաշրջանում: «Adidas»-ն այս ձևը վերցրել է «Սելտայի» անցյալ դարի 80-ականների մարզահագուստից: Մարզաշապիկը սպիտակ օձիք ունի և դրանից մինչև թևերը ձգվող «Adidas»-ին հատուկ երեք սպիտակ գիծ:

Արտագնա: Հիմնական գույնը սևն է՝ մոխրագույն երանգով, իսկ կարմիր գծերով ընդգծվել է օձիքից թևեր տանող հատվածը: «Adidas»-ի տարբերանշանը նույնպես կարմիր է, իսկ ահա հովանավորի տարբերանշանն այդպես էլ սպիտակ է մնացել: Կիսատաբատներն ու գուլպաները համապատասխանում են մարզահագուստի գույներին:

«Մալագա»

Տնային: Մարզահագուստը դասական գույների մեջ է՝ սպիտակ ու երկնագույն գծերով, իսկ «Nike»-ի տարբերանշանը, ֆուտբոլիստների համարներն ու անունները մանուշակագույն են: Մարզաշապիկին մանուշակագույն բարակ գծեր կան:

Արտագնա: Հավաքածուն մանուշակագույն է՝ «Nike»-ի բաց կանաչ տարբերանշանով, իսկ ֆուտբոլիստների անուններն ու համարները սպիտակ են:

«Էսպանյոլ»

Տնային: Թևերն ու մեջքի հատվածը կապույտ են, իսկ մարզահագուստն ամբողջությամբ սպիտակ-կապույտ գծեր ունի և՛ դիմացից, և՛ հետևից: Թիկունքին Կատալոնիայի դրոշն է:

Արտագնա: Մարզահագուստն արտահայտիչ է ու հարուստ գույներով: Հիմնական գույնը կարմիրն է, բայց կենտրոնում սպիտակ-կապույտ հորիզոնական գծեր են տեղ գտել: Օձիքը հավասարաչափ չէ, իսկ թևերին կատալոնական դրոշի գույներն են:

«Ռայո Վալեյկանո»

Տնային: Սպիտակ կտորից է կարված, վրան կարմիր շեղ գիծ կա: Կիսատաբատն ու գուլպաները լրացնում են ակումբի դասական, տնային մարզահագուստը:

Արտագնա: Այս մարզահագուստը սև է, ծիածանի գույներով շեղ գիծ ունի: Թևերին ևս ծիածանի բոլոր գույներն են: Ծիածանը խորհրդանշում է աջակցությունը սեռական փոքրամասնություններին:

Երրորդ մարզահագուստ: Մոխրագույնի վրա վարդագույն գիծն ու փոքրիկ ժապավենը խորհրդանշում են քաղցկեղի դեմ պայքարը:

«Ռեալ Սոսյեդադ»

Տնային: Մարզահագուստն ավադական գույներով է, իսկ օձիքի տակ Բասկոնիայի դրոշն է:

Արտագնա: Պատմության մեջ առաջին անգամ թիմի ֆուտբոլիստները մրցակիցների դաշտերում ալ կարմիր մարզահագուստով ելույթ կունենան: Օձիքը երկնագույն է, իսկ առջևից կարելի է նկատել մուգ կարմիրի երկու երանգներով գծերը: Կիսատաբատը, գուլպաները  ալ կարմիր են ու երկնագույն տարրեր ունեն:

«Լևանտե»

Տնային: Մարզահագուստը կարմիր ու կապույտ գծեր ունի, ընդ որում կապույտը կարմիրների կենտրոնում է: Կա նաև V-աձև օձիք, իսկ ձախ թևի վրա Վալենսիայի դրոշն է: Կիսատաբատն ու գուլպաները համեստ են՝ ամբողջությամբ կապույտ:

Արտագնա: Վառ դեղին ու սև գույներով կարված մարզահագուստը հիշեցնում է «Բարսելոնայի» անցյալ տարվա երկրորդ մարզահագուստը: «Nike Callenge Jersey» ՝ հենց այս մարզահագուստով են «Լևանտեի» ֆուտբոլիստները խաղալու մրցակիցների դաշտերում:

«Խետաֆե»

Տնային: «Խետաֆեի» տնային մարզահագուստը չի տպավորում: Հիմնական բաղադրիչը կապույտ կտորն է՝ դեղին երիզներով: Կիսատաբատն ու գուլպաները ևս կապույտ են:

Արտագնա: Այն նման է տնային մարզահագուստին: Այստեղ, սակայն, հիմնական գույնը կարմիրն է:

Երրորդ մարզահագուստ: «Joma»-ի մոդելավորողները փոքրիկ + են ստանում այս մարզահագուստի համար: Այստեղ մի փոքր զգացվում է եթե ոչ նորաձևության շունչը, գոնե դրան մոտենալու ձգտումը: Այն ակումբի պատմության մեջ առաջին անգամ կանաչ է, իսկ երիզները սև են:

«Դեպորտիվո»

Տնային: «Դեպորտիվոյի» տնային նոր մարզահագուստը կապույտ և սպիտակ ուղղահայաց գծեր ունի՝ փոքրիկ, կարմիր երիզներ թևերին: «Lotto»-ն որևէ աննախադեպ բան չի առաջարկել ակումբին, քանի որ դրա ձևը վերցված է գերմանական «Հոֆենհայմի» մարզահագուստից: Օձիքի հետևի մասում գրված է. «Դեպորտիվո» հիմնված 1906 թվականին»:

Արտագնա: Մնացել են թևերի կարմիր երիզները, իսկ սպիտակ մարզաշապիկին տեղ է գտել կապույտ շեղ գիծը: Օձիքը սև է ու համապատասխանում է ակումբի հովանավորի տարբերանշանին:

«Գրանադա»

Տնային: Սպիտակի վրա սև ու կարմիր հաստ գծեր կան, նմանատիպ երկուսն էլ հետևի մասում են: Կողքերին ու թևերին կապույտ երիզներ կան: Օձիքը ևս կապույտ է՝ կարմիր ու սպիտակ բարակ գծերով: Մարզաշապիկի թիկունքի վերևի հատվածում Գրանադա քաղաքի փոքրիկ դրոշակ կա, իսկ թևերից մեկի վրա գրված է. «Պայքարել հաղթելու համար» («Luchar para gana»): Հավաքածուն լրացնում են կապույտ կիսատաբատն ու սպիտակ գուլպաները:

Արտագնա: Մարզահագուստի հիմնական գույնը սպիտակն է: Կրծքավանդակին քաղաքի գույներով (կանաչ և կարմիր) երիզներ կան, պատկերված է նաև «Գրանադայի» տարբերանշանը: Օձիքը, թևերը, կիսատաբատն ու գուլպաները կարմիր ու կանաչ գծեր ունեն:

Երրորդ մարզահագուստ: «Գրանադայի» այս մարզահագուստը սև  կտորից է, իսկ կարմիր երիզները լրացնում են այն:

«Էյբար»

Տնային: Մարզահագուստն «Էյբարի» համար ավանդական գույների մեջ է՝ կարմիր ու կապույտ, որոնք ուղղահայաց են դասավորված: Պետք է նշել, որ սա բասկերի ու «Puma»-ի համագործակցության առաջին տարին է:

Արտագնա: Կանաչ մարզաշապիկը սպիտակ գծեր ունի թիկունքին: Կանաչ կիսատաբատն ու գուլպաները լրացնում են պարզ մարզահագուստը:

«Բետիս»

Տնային: «Adidas»-ի հետ համագործակցության առաջին տարում «Բետիսը» հետաքրքիր մարզահագուստով է ներկայանալու: Մարզաշապիկի կանաչ գծերն ավելի լայն են սպիտակներից: Թևերին լայն, սպիտակ գծեր կան, իսկ թիկունքին միայն կանաչ է: Վերևի հատվածում փոքրիկ նշան կա՝ ի պատիվ ակումբի ծագման: Կիսատաբատն ու գուլպաները սպիտակ են:

Արտագնա: Հորիզոնական գծերը մուգ և բաց կանաչ են՝ ըստ հերթականության: Կողքերին և ուսերի հատվածում ավելի մուգ կանաչ կա: Կանաչի նման բազմազանությունն ընդգծում է «Բետիսի» պատմությունը:

«Սպորտինգ Խիխոն»

«Կարրա» ընկերության ներկայացրած մարզահագուստը դուր չեկավ ակումբի երկրպագուներին: Պատճառը մարզաշապիկի թիկունքին տեղ գտած կապույտ գիծն էր: Կապույտն ավանդական է նրանց հավերժ թշնամիների՝ «Սպորտինգի» և «Ռեալ Սոսյեդադի» համար: Հենց դրա համար նոր մարզահագուստն իրարանցում առաջացրեց: Սակայն գտնվեցին նաև այնպիսիք, ովքեր համարեցին, որ կապույտը սիմվոլիկ է. «Թիկունքին կապույտ գիծը «Օվյեդոյից» է, որը միշտ «Սպորտինգի» հետևում կլինի»:

Արտագնա մարզահագուստն անցյալ տարվա համեմատ ընդհանրապես չի փոխվել, իսկ երրորդ տարբերակը վառ ու բազմազան է:

«Լաս Պալմաս»

«Լաս Պալմասի» տնային մարզահագուստը դասական դեղին գույն է, Կանարյան կզղիները խորհրդանշող փոքրիկ երիզ ունի: Ինչ վերաբերում է արտագնային՝ ամբողջությամբ վարդագույն է ու դա պատահական չէ. վաճառված յուրաքանչյուր վարդագույն մարզահագուստի մեկ եվրոն ակումբը տրամադրում է Իսպանիայում քաղցկեղի դեմ պայքարող ասոցիացիային:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում