Մխիթարյանի փայլուն խաղն օգնեց «Բորուսսիային» ջախջախել «ՕԴԴ»-ին (տեսանյութ)

Մխիթարյանի փայլուն խաղն օգնեց «Բորուսսիային» ջախջախել «ՕԴԴ»-ին (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսսիան» հաղթահարեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի արգելքը և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Բորուսսիան» 4:3 հաշվով կամային հաղթանակ էր տոնել նորվեգական «ՕԴԴ»-ի նկատմամբ, իսկ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումն առավել գոլառատ ստացվեց. Թոմաս Տուխելի թիմը 7:2 հաշվով հաղթանակ տոնեց:

Հանդիպման 19-րդ րոպեին Օլե Հալվորսենն առաջ մղեց հյուրերին, սակայն դաշտի տերերը կարողացան արագ պատասխանել: 25-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: 27-րդ րոպեին Մարկո Ռոյսն առաջ մղեց դորտմունդցիներին, իսկ 4 րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո Ռոյսը դարձավ դուբլի հեղինակ: Նախքան ընդմիջման գնալը՝ 40-րդ րոպեին, Սինձի Կագավան խփեց իր թիմի չորրորդ գոլը:

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Իլկայ Գյունդողանն ավելի տպավորիչ դարձրեց «Բորուսսիայի» առավելությունը, իսկ 6 րոպե անց կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկո Ռոյսը խփեց այս խաղում իր երրորդ գնդակը: «Բորուսսիայի» տեղատարափ գրոհներին «ՕԴԴ»-ի ֆուտբոլիստները կարողացան պատասխանել միայն մեկ գոլով. 64-րդ րոպեին Օլիվեր Բրեգը հաշիվը դարձրեց 6:2, սակայն խաղավարտին Կագավան վերականգնեց 5 գնդակի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն, ով այս մրցաշրջանի 7 պաշտոնական խաղում խփել է 8 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում, «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն 65-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին: 

Այսպիսով, «Բորուսսիան» երկու խաղում հաղթեց ընդհանուր 11:5 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ, որի վիճակահանությունը կայանալու է օգոստոսի 28-ին:

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Բորուսսիա Դորտմունդ» – «ՕԴԴ»՝ 7:2 / ընդհանուր 11:5
Գոլերը՝ Մխիթարյան 25՛, Ռոյս 27՛, 31՛, 57՛, Կագավա 40՛, 90՛, Գյունդողան -51՛  Հալվորսեն 19՛, Բերգ 64՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում