Վիկտոր Վալդես. Եթե նորից ծնվեի, դարպասապահ չէի դառնա

Վիկտոր Վալդես. Եթե նորից ծնվեի, դարպասապահ չէի դառնա

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսն ամենափակ ֆուտբոլիստներից է, սակայն «Marlon Becerra Entrevista»-ի հաղորդավարը կարողացել է նրանից մի քանի անկեղծ պատմություններ լսել:

Մարլոն Բեսսերան ատամնաբույժ է ու կոլումբիացի հայտնի հաղորդավար: Չնայած իր հասցեին հնչող բազմաթիվ քննադատություններին, Մարլոնը շարունակում է մտերմիկ զրույցի հրավիրել ֆուտբոլիստներին: Բեսսերան Վալդեսի ու նրա ընկերուհու՝ կոլումբիացի մոդել Իոլանդայի վաղեմի ընկերներից է, ուստի արմանալի չէ, որ հենց նրան է Վիկտորը համաձայնել հարցազրույց տալ:

-Օրը, որ կցանկանայիր կրկնվեր:

-Լույս աշխարհ գալուս օրը: Կյանքումս կատարվածներից շատ բան կցանկանայի փոխել, զրոյից սկսել: Ինչ խոսք, անմոռանալի պահեր ևս եղել են, օրինակ՝ երեք երեխաներիս ծնունդը կամ ֆուտբոլում գավաթներ նվաճելը, սակայն էգոիստ լինելով` հոգուս խորքում կցանկանայի ամեն ինչ նորից սկսել:

-Հատկապես ի՞նչ կփոխեիք:

-Եթե նորից ծնվեի, դարպասապահ չէի դառնա: Մանկուց ներշնչել են, որ ես տաղանդավոր եմ: Կյանքի հանգամանքների շնորհիվ պրոֆեսիոնալ դարձա: Բախտս բերել է, որ ինձ հավատացել են, բայց սա հեշտ ճանապարհ չէ ու այս տարիների ընթացքում տանջանքներիս դիմաց բավարար փոխհատուցում չեմ ստացել: Շատ վատ օրեր եմ ունեցել: Որպես հնազանդվող տղա համաձայնեցի աշխատել, աշխատել ու էլի աշխատել, բայց իմ հիշողության մեջ հազարավոր տհաճ պահեր կան:

-Առանց գոլ բաց թողնելու 895 րոպե…

-Չեմ սիրում վիճակագրության մասին խոսել: Նույնիսկ երեխաներիս ծննդյան օրերը չեմ հիշում: Գիտեմ, որ անհատապես շատ բանի եմ հասել, բայց գլխավոր ձեռքբերումներ եմ համարում Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ նվաճած երեք գավաթները: Մտքովս էլ չի անցնում անձնական ռեկորդը թիմային տիտղոսից վեր դասել:

-Ավելի լավ է դաշտո՞ւմ լինել, թե՞ կողքից հետևել խաղին:

-Ֆուտբոլում վտանգավոր պահերի հավանականություն միշտ էլ կա: Մի փոքր վախենալը նույնիսկ օգտակար է: Կարևոր խաղերից առաջ նյարդանանալով` ավելի սթափ ես լինում: Կարևորը վախը վերահսկել կարողանալն է, սակայն երբեմն իսկապես դաշտ դուրս գալու ցանկություն չի լինում:

-Որևէ յուրահատուկ խաղի տեսագրություն պահո՞ւմ եք:

-DVD ձևաչափով պահում եմ կարիերայիս ամենակարևոր իրադարձության՝ 2006 թվականի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Արսենալ» եզրափակչի տեսագրությունը: Այդ գիշերվանից հետո կարիերաս վերելք ապրեց: Նորից ու նորից դիտում եմ երկրպագուների հետ տոնակատարության և գավաթը գլխավերևում պահելու անմոռանալի դրվագները:

-Երբևէ քեզ այլ բնագավառում պատկերացրել ես:

-Այո՛, և ոչ մեկ անգամ: Հատկապես, երբ ամեն բան վատ է: Դա կարող է ցանկացած աշխատանք լինել, որ գումար կբերի, ես կարող եմ հարմարվել հանգամանքներին:

-Ամեն անգամ, երբ ֆիլմարտադրության մասին խոսք է գնում, աչքերս փայլում են: Չէի՞ր ցանկանա փորձել քեզ այդ բնագավառում:

-Հատկապես իմ պես կինոսերները երազում են ֆիլմում իրենց նմանվող հերոսի դերում նկարահանվել: Այդ ոլորտ բարդ է մուտք գործել: Շատերը տարիներ շարունակ երազում են այդ մասին:

-Ի՞նչ կարծիք ունես մասնագիտությանդ մասին:

-Ես ինձ արտոնյալ եմ համարում, բայց մտերիմներս ֆուտբոլի և դարպասապահի դերի մասին կարծիքից միշտ ծանոթ են եղել: Այդ մասին նույնիսկ գիրք եմ գրել: Ստիպված էի հոգեբանի դիմել առաջացած դժվարությունները հաղթահարելու համար:

-Նախապես զգո՞ւմ ես, որ խաղային այդ դրվագում հնարավոր է վնասվածք ստանաս:

-Մենք՝ ֆուտբոլիստներս մեզ հաշիվ ենք տալիս, որ յուրաքանչյուր բախում կարող է վնասվածքով ավարտվել: Օրինակ` անցյալ մրցաշրջանում ծնկի վնասվածք ստացա խաղային դրվագում, որտեղ անհաշվելի անգամներ էի հայտնվել, բայց առանց որևէ հետևանքի, իսկ այդ օրն ընկնելով` ես գնդակի մասին էի մտածում: Հետագա կարիերաս փրկած բժիշկը բացատրեց, որ գլխուղեղս ավելի շատ գնդակի մասին մտքերով էր զբաղված, քան նրանով, որ մկաններս պաշտպանեին ծունկս: Ժամանակի հետ հասկացա, որ նա ճիշտ էր:

-Կցանկանայի՞ր փոխել որևէ խաղի արդյունք:

-Ոչ, բայց կփոխեի օրը, երբ «Սևիլյայի» դեմ մեր դաշտում տեղի ունեցած խաղի ժամանակ վնասվածք ստացա: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մրցավար Այսա Գամեսը 11-մետրանոց հարված նշանակեց: Որպես թիմի ավագ սկսեցի ճնշել նրան: Եզրային մրցավարի հետ խորհրդակցելով` Գամեսը որոշեց տուգանային հարված նշանակել, որն էլ փոխեց իմ կյանքը: Եթե դա 11-մետրանոց լիներ, վստահ եմ, որ վնասվածք չէի ստանա: Եթե ավագը չլինեի, չէի վիճի մրցավարի հետ ու նշանակում է՝ շարունակությունը տեղի չէր ունենա:

-Ի՞նչ դաս քաղեցիր այդ իրավիճակից:

-Չեմ ցանկանում խոսել նրանց մասին, ովքեր երես թեքեցին ինձանից, ֆուտբոլային աշխարհից, որ ստիպեց ինձ անկարող զգալ: Կատարվածի շնորհիվ նորից բացահայտեցի սովորական մարդու կյանքը: Մեկնեցի Գերմանիա՝ բուժվելու, դժվար էր, բայց ես վճռել էի ապաքինվել ինչ էլ որ դա արժենար ինձ համար: Գիտակցեցի, որ մենք՝ ֆուտբոլիստներս, հորինված աշխարհում ենք ապրում: Ասես իրականություն վերադարձա. ինքս էի վճարում սուրճի համար, տրամվայի տոմս էի գնում, հենակներով շարժվում էի սիրելի երաժշտությանս ներքո: Աուգսբուրգում ապրած երեք ամիսների ընթացքում ես կրկին նորմալ մարդ դարձա: Այդ փորձն ինձանից ոչ-ոք չի խլի:

-Քեզ գերաստղ համարո՞ւմ ես:

-Էլ երբեք այդպիսին չեմ լինի, որովհետև լուրջ վնասվածք եմ ունեցել: Նման իրավիճակում ֆուտբոլը քեզ ստիպում է ճանապարհը մյուսներին տալ: Դու այլևս պետք չես, սակայն նորից պետք կլինես, եթե ինքդ ցանկանաս: Կամքի հսկայական ուժ է հարկավոր բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:

-Ի՞նչ ես զգում 11-մետրանոց հարվածների ժամանակ:

-Դարպասապահն ավելի շահեկան դիրքում է, ու ինչպես շատերն են մտածում, չի վախենում ֆուտբոլիստից: Մեսսին լինի, թե Ռոնալդուն՝ դարպասապահը կորցնելու բան չունի: Եթե կասեցնում ես հարվածը, հերոս ես, բաց ես թողնում՝ որևէ մեկը չի մահանում: Միշտ ուսումնասիրում եմ ֆուտբոլիստներին, թե ինչպես են հարվածում, ինչ դիրք են ընդունում, փորձում եմ նրանց ստիպել նյարդայինանալ:

-Ինպե՞ս ես վերաբերում փառքին:

-Չեմ սիրում հանրաճանաչությունը: Երբ մարի լույսը, երեխաների հետ կլինեմ, նրանց խաղալ կսովորեցնեմ, երբ լույսերը նորից վառվեն, նրանց հաջողություն կմաղթեմ: Խաղից հետո փորձում եմ այնպես անել, որ չկարողանան գտնել ինձ: Մարդիկ կան, ովքեր իսկապես վայելում են փառքը, օրինակ՝ Ռոնալդինյոն: Նրան միշտ դուր է եկել ուշադրության կենտրոնում լինել, նա ճանաչված լինելուց միայն դրական զգացողություններ է ունենում:

-Դարպասապահին ի՞նչն է առանձնացնում պաշտպանից, հարձակվողից:

-Միայնությունը: Բոլոր խնդիրները միայնակ ես վերապրում: Սխալվելու դեպքում մյուսների հայացքում կարդում ես` «Նրա մեղքով պարտվեցինք»: Սպանված տուն ես վերադառնում, բայց դա մանկուց օգնել է բնավորություն ձևավորել:

-Սոցիալական ցանցերում շա՞տ են քեզ գրում:

-Ինձ շատ են հուզում Facebook-ի և Twitter-ի՝ երեխաների գրած նամակները: Նրանց թվում է, թե չեմ կարդում իրենց ուղարկածները, բայց ես բոլորը կարդում եմ: Տղան, որ գրում է, 10 տարեկան է, իսկ ես՝ 33, բայց մենք նման ենք, մենք դարպասապահներ ենք: Դա նրանց՝ երեխաների հետ լինելու իմ ճանապարհն է: Նրանք երբեք չեն ստում:

-Ինչպե՞ս ես հանգստանում ֆուտբոլից:

-Երկու բան կա, որ օգնում է շեղվել` ռոքն և կինոն: Ռոքը միշտ օգնել է ինձ պայքարել վախերիս դեմ:

-Ի՞նչ ես սովորել մարզիչներիցդ:

-Մի անգամ իմ թիմը հաղթեց 6:1 հաշվով, բայց ես շատ հուսահատ էի, որովհետև հասկացա՝ գնդակը բաց թողնելու պահին շատ բան կարող էի անել: Երկրորդ մարզիչ Պեպ Սեգուրան հանդերձարանում հարցրեց, թե ինչու եմ այդքան հուսահատ ու նեղացած աշխարհից այն դեպքում, երբ թիմը հաղթել է: Նա համաձայն էր, որ կարող էի ավելի լավ խաղալ այդ դրվագում, բայց հիշեցրեց, թե քանի անգամ եմ փրկել դարպասը 0:0 հաշվի դեպքում կամ դրանից հետո: Նա ինձ սովորեցրել է միշտ լավը հիշել ու չկենտրոնանալ անհաջղության վրա: Բարդ պահերին միշտ նրա խոսքերն եմ հիշում ու ինձ ավելի թեթև եմ զգում:

-Մարզչի ամենաարժեքավոր որակը ո՞րն է:

-Շփումը: Երջանկություն եմ ունեցել աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ, նա իսկական պրոֆեսիոնալ է, գիտի, թե ում և ինչ ասի: Մարզչի համար ամենաբարդը կարողանալ տնօրինել հպարտությունն ու խաղացողին հասցնել այն, ինչ ցանկանում ես:

-Ո՞ւմ հետ ես ավելի հեշտ շփվում:

-Բոլորի հետ էլ միշտ լեզու եմ գտել: Ես կատակասեր եմ, սիրում եմ հիմարություններ անել: Նրանք, ովքեր հասկանում են կատակներս, իսկական ընկերներ են, ինչպես Չավին: Միասին այնքան բան ենք ապրել: Հենց դա է ընկերությունը:

-Հայտնի դարպասապահներից ո՞վ է եղել քո իդեալը:

-Օլիվեր Կանն ու Սանտի Կանիսարեսը: Նրանց երկուսի դեմ էլ խաղացել եմ: Կանիսարեսը միշտ էլ հարգալից է եղել իմ նկատմամբ, Կանի հետ բախտս ավելի քիչ է բերել: Մի անգամ, խաղից հետո նրանից մարզաշապիկը խնդրեցի, բայց նա անտրամադիր էր:

-Ինչպիսի՞ն է նա…Մեսսին:

-Իսկական տաղանդ: Լեոն տարեցտարի կատարելագործվել է` անընդհատ ճնշումների տակ գտնվելով և հասկանալով՝ ինքը լավագույնն է: Նա սահմաններ ունի՞: Ոչ:

-Կյանքիդ կարևոր հանդիպումը:

-Շատ բարդ բնավորություն ունեմ: Կինս՝ (պաշտոնապես ամուսնացած չեն) Իոլանդան համբերատարության համար ամենաբարձր պարգևին է արժանի:

– Վախն ի՞նչ է հիմա քեզ համար:

-Հիմա միանգամայն այլ վախեր ունեմ: Ես երեք երեխաների հայր եմ ու անհանգստանում եմ նրանց համար: Նախկինում կարող էի անհայտ ուղղությամբ երթևեկել, վտանգել կյանքս, իսկ հիմա առաջին հերթին նրանց մասին եմ մտածում ու այլևս նման բաներ չեմ անում:

-Արարք, որի համար քննադատում ես քեզ:

-Գերմանիայում բուժումս շարունակելու և բնավորությանս պատճառով «Բարսելոնայի» հետ չբաժանվեցի այնպես, ինչպես կցանկանայի. ես հեռվացա ու գնացի: Երկրպագուներն ինձ պես խաղացողից ավելին էին սպասում:

-Պահ, որ կարող էր գլխիվայր շրջել կյանքդ:

-Երբ 12 տարեկան էի ու արդեն «Բարսելոնայի» կազմում էի, սուր ցավ զգացի մկաններումս, որը հետո նաև փոխանցվեց ոտքիս: Մեկ շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո առանց հստակ պատկերացնելու, թե ինչ է ինձ հետ կատարվում, բժիշկները բակտերիա հայտնաբերեցին, որը սկսել էր վնասել մեծ ոլոքս: Բակտերիաները ձեռքիս կտրվածքից էին օրգանիզմումս հայտնվել: Բարդ ժամանակներ էին, տեսնում էի, թե ինչպես էր ընտանիքս տառապում: Որևէ մեկը չգիտեր, թե ինչ ընթացք կունենա, կարող էին նույնիսկ կտրել ոտքս: Սակայն իմ պահապան հրեշտակի շնորհիվ, այլ կերպ դա բացատրել չեմ կարող, հիվանդությունը նահանջեց, ու այդ ոտքս չէր տարբերվում մյուսից: Բարեբախտաբար, ամեն ինչ անցավ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում