«Ման. Յունայթեդը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

«Ման. Յունայթեդը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

«Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահ Դավիդ դե Խեայի` «Ռեալ» տեղափոխության ձախողման վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Մեր ակումբը դե Խեայի տրանսֆերը «Ռեալին վաճառելու հնարավորություններ չի փնտրել: Դավիդը մեր ակումբի անդամն է, և «Մանչեսթեր Յունայթեդը» նրան պահպանելու նպատակ է ունեցել: Մինչև երեկ ակումբը դե Խեայի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ չի ստացել: Երեկ կեսօրին «Ռեալն» առաջարկ է արել, մենք համաձայնության ենք եկել: Գործարքի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվելու Կեյլոր Նավասը: Դե Խեայի և Կեյլորի տեղափոխությունները փոխկապակցված էին:

Մեր ակումբը վերահսկել է միայն այն փաստաթղթերի շրջանառությունը, որոնք անհրաժեշտ էին մեր կողմից, իսկ «Ռեալն» իր փաստաթղթերով ինքնուրույն է զբաղվել: Տեղական ժամանակով 20:42-ին երկու ֆուտբոլիստների համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են «Ռեալ»: 22:32-ին «Ռեալը» վերադարձրել է դե Խեային վերաբերող փաստաթղթերը, բայց առանց ստորագրության: Միայն 22:55-ին ենք մենք ստացել Դավիդի տրանսֆերի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ Կեյլորի փաստաթղթերը «Ռեալը» մինչև հիմա չի ուղարկել: 22:58-ին մենք տվյալները գրանցել ենք ՖԻՖԱ-ի տրանսֆերային համակարգում` TMS-ում:

Ինչու՞ տրանսֆերը չի կայացել: Դա կարող էր տեղի ունենալ, որովհետև

1. «Ռեալը», ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի», ժամանակին տվյալները չի գրանցել TMS-ում:

2. «Ռեալը» չի կարողացել տրանսֆերը ժամանակին գրանցել Պրիմերայում:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ընդունել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ամեն ինչ ժամանակին է արել: Մենք «Ռեալին» օգնություն ենք առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հարցում, բայց մադրիդցիներն այլ ճանապարհ ընտրեցին: «Մանչեսթեր Յունայթեդն» ամեն ինչ ժամանակին է արել: Ակումբն ուրախ է, որ ֆուտբոլիստը, ով երկրպագուների քվեարկությամբ լավագույնն էր նախորդ մրցաշրջանում, մնում է»,-ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալն» էր պաշտոնական հաղորդագրություն տարածել և տրանսֆերի ձախողման մեղավորությունը բարդել էր անգլիական կողմի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում