Ֆուտբոլի մութ պատմությունները

Ֆուտբոլի մութ պատմությունները

Ժամանակակից ֆուտբոլում երբեմն տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք բացատրելը կամ դրանց վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն ստանալը բարդ է: Ամենաթարմ օրինակը` դարպասապահ Դավիդ դե Խեան չկարողացավ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ինչու՞… «Ռեալն» իր տեսակետն է ներկայացրել, որը հերքել է անգլիական կողմը, իսկ դե Խեան դեռ լռում է: Այս խորհրդավոր պատմությունն առիթ է ներկայացնելու ֆուտբոլի մյուս մութ պատմությունները:

Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացավ, որովհետև Ֆերգյուսոնը խաղակոշիկով հարվածե՞լ էր նրան

Կարևոր խաղերում կրած պարտությունը միշտ էլ բարկացնում է, իսկ սկզբունքային հակառակորդից կրած պարտությունը կրկնակի է բարկացնում: Բացառություններ այստեղ չկան` նույնիսկ հանճարեղ մարդկանց համար: Այդպես սըր Ալեքս Ֆերգյուսոնը 2003 թվականին չկարողացավ հանգիստ ընդունել Անգլիայի գավաթի խաղարկությունում «Արսենալից» կրած պարտությունը: Լիցքաթափվելու համար բավականին անսովոր տարբերակ ընտրեց` խաղակոշիկով հարվածեց ֆուտբոլիստներից մեկին: Այդ ֆուտբոլիստը Դևիդ Բեքհեմն էր:

 Արդեն հաջորդ տարի Բեքսը լքեց «Մանչեսթեր Յունայթեդը» և տեղափոխվեց «Ռեալ»: Կարծիք կա, որ այդ ամենը պատահականությունների շղթա չէր:

«Մենք հանդերձարանում էինք: Նա ինձանից 3.5 մետր հեռավորությանվրա էր: Մեր միջև խաղակոշիկներ կային: Դևիդը դժգոհում էր, ես մոտեցա նրան և ոտքով հարվածեցի խաղակոշիկներից մեկին: Այն թռավ Բեքհեմի ուղղությամբ և աչքից մի փոքր վերև դիպավ: Բնական է, որ Բեքհեմը ոտքի կանգնեց ու նետվեց իմ կողմը, բայց մյուս ֆուտբոլիստները կանգնեցրին նրան: «Նստի՛ր, դու հիասթափեցրիր քո թիմին: Կարող ես վիճել որքան ցանկանաս»,-ասացի ես»,-գրել է Ֆերգյուսոնն իր ինքնակենսագրականում:

Ինչո՞ւ Սթիվ Քինին նշանակեցին գլխավոր մարզչի պաշտոնում

Ընդ որում 2 տարի: Սա ԱՊԼ-ի ամենաանհասկանալի նշանակումներից մեկն էր: 2010-ի ավարտին «Բլեքբերնն» անսպասելիորեն հեռացրեց Սեմ Էլլարդայսին: Թիմի ղեկին երկու տարի շարունակ թողեցին Սթիվ Քինին, ով մինչ այդ ինքնուրույն որևէ տեղ չէր աշխատել:
Քինի գլխավորությամբ «Բլեքբերնը» ձանձրալի, աննպատակ ու պարզապես վատ էր խաղում: 2012-ին թիմը հայտնվեց Չեմպիոնշիփում: Գրեթե բոլոր խաղերին հնչում էին` «Քի՛ն, հեռացիր», «Փնտրվում է պատմության վատագույն մարզիչը», «Որքա՞ն կարելի է հանդուրժել այս մղձավանջը» և այլ նմանատիպ բացականչություններ:

Քինն էլ հանրային քննադատության էր ենթարկում Էլլարդայսին, հետո հերթը հասավ հայհոյանքներին (ինչի համար տուգանվեց 200.000 ֆունտով), և միայն մեկ հարց մնաց` «Ինչու՞ է նա շարունակում գլխավորել թիմը»: Անգլիայում ասում էին, որ Քինն ազդեցիկ ազգական ուներ «Բլեքբերնում»: Ծանոթ պատմություն է, չէ՞:

Ինչու՞ Կոլո Տուրեն հետևեց ընկերոջ կնոջ խորհրդին

2011-ին իվուարցի պաշտպանը կես տարով որակազրկվեց դոպինգի օգտագործման համար: Շատերը վստահ էին, որ Տուրեն իսկապես դոպինգ է օգտագործում, իսկ ֆուտբոլիստը վստահեցնում էր, որ պարզապես փորձել է նիհարել: Արդյունքում Կոլոն 6 ամիս կորցրեց իր կարիերայից և տուժեց հեղինակությունը:

Ամեն ինչի պատճառն այն էր, որ Տուրեն, չգիտես ինչու, որոշել էր հետևել ընկերոջ կնոջ «հանճարեղ» խորհրրդին: Վերջինս, Տուրեի «ավելորդ քաշի մասին անվերջ բողոքների» մասին լսելով, նրան խորհուրդ էր տվել ընդունել «հրաշագործ հաբերը»: 

Արդյո՞ք Ռիո Ֆերդինանդը դոպինգ է ընդունել

2003-ի դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպանը չներկայացավ պարտադիր դոպինգ-թեստին: Ռիոն դա բացատրեց հետևյալ ձևով. «Ես առևտրի կենտրոնում գնումներով էի տարվել ու պարզապես մոռացել էի: Դրանում ոչ մի մտադրված բան չկար»: Այդուհանդերձ, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան շատ խիստ վարվեց` ֆուտբոլիստին որակազրկեց 8 ամսով`  չլսելով ոչ մի արդարացում:

Հետո Ռիոն պատրաստ էր ցանկացած թեստ հանձնել. «Ես երբեք դոպինգ չեմ ընդունել: Պատրաստ եմ ապացուցել դա: Որակազրկումը պարզապես անհեթեթություն է»: Այդուհանդերձ, Ֆերդինանդը խաղից դուրս մնաց 8 ամսով և բաց թողեց Եվրո 2004-ը: 

Ի՞նչ է Մատերացին ասել Զիդանին

Պատմություն, որ բոլորին է ծանոթ: Մատերացին Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակչում որոշ տհաճ բաներ ասաց Զիդանին, վերջինս էլ չզսպեց իրեն ու պատասխանեց: Զիդանը դրա համար կարմիր քարտի արժանացավ, իսկ Ֆրանսիան Իտալիային պարտվեց 11-մետրանոց հարվածաշարով:

Զիդանը հարյուր անգամ ասել է, որ շատ է զղջում կատարվածի համար», սակայն այդպես էլ չբարձրաձայնեց, թե ինչ էր լսել Մատերացիից: Իտալացին պատմեց «ճշմարտությունը»: Նա մի ամբողջ գիրք հրապարակեց` «Ի՞նչ եմ իրականում ասել Զիդանին» վերնագրով: Պարզվում է` Մարկոն կատակասեր է: Գրքում 250 տարբերակ է ընդգրկված: Դրանց թվում` «Ի՞նչ օճառ ես օգտագործում», «Հիմա կպատմեմ, թե ինչպես է ավարտվելու «Lost» սերիալը», «Մեզ նկարահանում են Discovery-ի համար: Ցույց տուր, թե ինչպես է հարձակվում գոմեշը» և այլն:

Ու՞մ են պատկանում Տևեսի և Մասկերանոյի տրանսֆերային իրավունքները

2007-ին Կառլոս Տևեսի և Խավիեր Մասկերանոյի տեղափոխությունը «Վեսթ Հեմ» շատերին զարմացրեց: Թվում էր` արգենտինացիներն ավելի հզոր ակումբի էին արժանի, սակայն հայտնի գործակալներ Կիա Ջուրաբչյանը և Կոն հերթական խորամանկ գործարքը կատարեցին: Իրականում «Վեսթ Հեմը» ֆուտբոլիստներին «երրորդ դեմքից» էր վարձակալել, ինչի համար տուգանվեց 5,5 միլիոն ֆունտով:

Այս պատմության մեջ այնքան շատ էին մասնակիցները, որ նույնիսկ անգլիական ակումբը չէր հասկանում, թե իրականում ուր գնացին իր փողերը: Փոխարենը Մասկերանոն և Տևեսն օգնեցին «Վեսթ Հեմին» առաջնությունում մնալ: Պատճառած վնասի վատ փոխհատուցում չէր…

Թոմաշ Ռոսիցկին ծխու՞մ է

Երկու հիմնական տարբերակ կա: Առաջին` մարիխուանան Թոմաշի գաղտնի կիրքն է, ու նա առանց դրա մեկ օր էլ չի ապրի: Ենթադրվում է, որ նա այս հնարավոր փաստը խնամքով թաքցնում է, բայց «Արսենալի» խաղընկերներն ամեն դեպքում տեղյակ են:

Երկրորդ` բազմաթիվ անգամներ վնասվածքներ ստացած կիսապաշտպանը բժշկական նպատակներով է ծխում: Դրանք «Արսենալի» բժիշկն է պաշտոնապես նշանակել` չիմանալով, թե էլ ինչպես վարվի Ռոսիցկու վնասվածքների հետ: Դե ինչ, քչերը կհրաժարվեին նման բուժումից:

Մունդիալ 1998-ի եզրափակչից առաջ ի՞նչ տեղի ունեցավ Ռոնալդոյի հետ

Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր գաղտնիքներից մեկն է, տխուր գաղտնիքներից: Բրազիլացիներին 3:0 հաշվով հաղթած ֆրանսիացիների համար արժե ուրախանալ, սակայն ցավալի է, որ ժամանակի լավագույն հարձակվողներից մեկն անհայտ պատճառով չկարողացավ ցույց տալ իր իրական հնարավորությունները:

Ասում են, որ եզրափակչից առաջ Ռոնալդոն իրեն շատ վատ էր զգացել, անգամ նրան թունավորելու վարկածներ կան, սակայն մինչև հիմա հայտնի չէ` իրականում ինչ էր տեղի ունեցել բրազիլացու հետ. ցնցու՞մ, ուժեղ հարբու՞խ, խնդիրներ սրտի՞ հետ… Մի բան ակնհայտ է` դաշտում նա ինքն իրեն նման չէր: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում