Նադալ. Ես աշխարհի 8-րդ ռակետն եմ, ոչ թե 200-րդը

Նադալ. Ես աշխարհի 8-րդ ռակետն եմ, ոչ թե 200-րդը

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, ով այժմ դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, հայտարարել է, որ երբեմն անտեղի քննադատությունների պատճառով իրեն զգում է աշխարհի 200-րդ ռակետի կարգավիճակում:

-Պետք չէ իմ խաղի թերությունները վառ գույներով ներկայացնել: Ես աշխարհի 8-րդ ռակետն եմ, ոչ թե 200-րդ, բայց ամեն անգամ, երբ խաղերից հետո մասնակցում եմ մամուլի ասուլիսների, հարցերի պատճառով ինձ զգում եմ 200-րդ ռակետի կարգավիճակում:

Անգամ հաղթանակներից հետո ինձ քննադատում եք: Ձեզ եմ լսում և հանդերձարան եմ գնում այնպիսի զգացողությամբ, որ անտանելի եմ խաղացել: Երբ վատ եմ խաղում, դա առաջինը հենց ինձ է անհանգստացնում: Տարօրինակ է` երբ նշում եմ, որ այս կամ այն խնդիրն ունեմ, ասում են, որ շատ անկեղծ եմ: Չեմ հասկանում` ի՞նչ եք ինձանից ուզում: Ուզում եք` ստե՞մ,-ասել է Նադալը լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ:

Հավելենք, որ Ռաֆայել Նադալի վերաբերյալ քննադատական նյութեր էին հրապարակվել ԱՄՆ-ի Բաց առաջնության երկրորդ շրջանում արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ հանդիպումից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում