Մարկոն՝ ընդդեմ բոլորի. 6 պատմություն այն մասին, թե ում հետ է պատերազմել Մատերացին

Մարկոն՝ ընդդեմ բոլորի. 6 պատմություն այն մասին, թե ում հետ է պատերազմել Մատերացին

Վերհիշում ենք Իտալիայի ամենատարօրինակ պաշտպաններից մեկի հատ կապված ամենավառ պատմությունները:

Մատերացին՝ ընդդեմ Զիդանի

Մունդիալ-2006-ին տեղի ունեցած միջադեպն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ, թվում է, արձագանքը մինչև այսօր էլ լսվում է: Կրծքավանդակին Զիդանից հարված ստանալով՝ Մատերացին ստեղծված իրավիճակից առավելագույնը քաղեց: Հետագա տարիներին Մատերացին ինչպես հարկն է ծաղրեց Զիդանին: Իտալացին մամուլին պարբերաբար հիշեցնում էր, որ ֆրանսիացուց նորողություն էր ակնկալում, իսկ երբ լսեց «Ավելի լավ է մեռնեմ, քան ներողություն խնդրեմ» արտահայտությունը, Facebook-ի իր էջում «Շնորհակալություն, պարո՛ն» գրառմամբ Զիդանի՝ խաղադաշտը լքելու լուսանկարները տեղադրեց, որտեղ ֆրանսիացու թիկունքում տեսանելի էր Աշխարհի գավաթը:

Դրանով Մարկոն չսահմանափակվեց. 2006-ի աշնանը նա «Իրականում ի՞նչ եմ ասել Զիդանին» վերնագրով գիրքը լույս ընծայեց, որտեղ հավաքել էր 200-ից ավելի հնարավոր արտահայտություններ: 2014-ի օգոստոսին Մարկոն մասնակցեց «IceBucketChallenge» նախաձեռնությանը. Մարկոն հանեց Զիդանի անունով և համարով «Յուվենտուսի» մարզաշապիկը, որի տակից ցուցադրեց «Ինտերի» մարզաշապիկը,  հետո սառը ջուրը վրան լցրեց Չեմպիոնների լիգայի գավաթից:

Մատերացին՝ ընդդեմ լրագրողների

Առաջին ամիսներին շատերն էին ցանկանում Մատերացիի և Զիդանի միջև տեղի ունեցածից շահույթ ստանալ: Բրիտանական «The Sun»-ը տպագրեց Մատերացիի՝ Զիդանին «ասած» խոսքերը: Մարկոն բավականին յուրատեսակ արձագանքեց. սկանդալ չսարքեց, այլ դատի տվեց պարբերականին: Վերջինս, ցանկանալով հեռու մնալ դատական քաշքշուկից, միանգամից համաձայնեց բարոյական վնասի դիմաց փոխհատուցում վճարել: Հետաքրքրական է, որ Մարկոն նախկինում արդեն շահել էր «Daily Star»-ի և «Daily Mail»-ի դեմ գործերը:

Մատերացին՝ ընդդեմ պատգամավորի

Խնդիրները քաղաքակիրթ ձևով լուծելու Մատերաիի փորձը ոչ միայն ԶԼՄ-ներին է վերաբերում, այլ նաև պաշտոնյաներին: 2009-ի գարնանը Մատերացին շահեց իտալացի նախկին պատգամավոր Ռոբերտո Սալերնոյի դեմ հարուցած գործը: Վերջինս երկու տարվա ազատազրկման դատապարտվեց «Ինտերի» պաշտպանին վիրավորելու պատճառով: 2005-ի հոկտեմբերին դերբիի ժամանակ Մարկոյի՝ Իբրահիմովիչին հասցրած վնասվածքից հետո Սալերնոն վիրավորեց ֆուտբոլիստին՝ «գլխակեր» անվանելով ու պնդելով, որ պետք է նրան հեռացնել Իտալիայի հավաքականից: Նշենք, որ Մատերացին խաղից հետո ներողություն է խնդրել Իբրայից: 

Մատերացին՝ ընդդեմ Բենիտեսի

«Ինտերի» նախկին մարզչի ու Մատերացիի հակամարտության առաջին փուլը սկսվեց 2013-ի հունվարին.

-Եթե ակումբի նախագահ լինեի, Բենիտեսին երբեք աշխատանքի չէի հրավիրի: Լիպպիի և Մոուրինյուի պես լավ մարզիչները գիտեն, թե ինչպես իրենց մտքերը հասցնեն ֆուտբոլիստներին, իսկ Բենիտեսը 10 կամ 12 կանոնից բաղկացած տեքստ էր գրում, ասես դա ճանապարհային երթևեկության կամ դպրոցում ճիշտ պահվածքի մասին դաս լիներ: Բենիտեսը «Ֆորմուլա-1»-ի ճանապարհային ոստիկանի դերն էր տանում, սակայն, եթե ես ավտոմեքենա լինեի, ավտոարշավորդի կարիք կունենայի: «Ինտերին» ոչ թե հետընթաց, այլ առաջընթաց էր հարկավոր: Մեր մարզաբազայում կախված էին թիմի բոլոր հանճարեղ մարզիչների նկարները՝ սկսած Էրրերից մինչև Մանչինի և Մոուրինյու: Ի՞նչ եք կարծում: Բենիտեսը պարզապես վերցրեց ու պատերից իջեցրեց Մոուրինյուի բոլոր նկարները: Դա թույլ մարդու քայլ էր: Նա անձամբ ինձ ստիպեց պահարանից հեռացնել Մոուրինյուի և Մարչելո Լիպպիի հետ նկարներս: Նա կարծում էր, թե ամեն ինչ գիտեր, բայց իրականում վախենում էր անգամ սեփական ստվերից: Հենց սկզբից էլ գիտեի, որ նրանից լավ բան սպասել պետք չէր: Ես Ժոզեին հենց այդպես էլ ասացի, երբ իմացա, որ նրա փոխարեն Բենիտեսն էր գալու:

Ռաֆայել Բենիտեսի պատասխանը չուշացավ.

-Մատերացին ստում է: Նա ամենաիսկական սուտասանն է: Նրա բոլոր ասածները սուտ են: Իմ և Մոուրինյուի հետ «Ինտերում» աշխատանքի վերաբերյալ բանակցությունների մասին նրա ասածները սուտ են, որովհետև ինքս էլ մինչև վերջին պահը չգիտեի, որ կհայտնվեմ Իտալիայում: Նույնը վերաբերում է նաև Մոուրինյուի նկարները վերացնելու մասին ասածներին: Դա պարզապես սուտ է. նա նույնն ասել է նաև «Չելսիի» գլխավոր մարզչի հասցեին,-հայտարարեց «Ռեալի» այժմյան գլխավոր մարզիը:

Մարկոն ևս մեկ հայտարարություն արեց.

-Եթե ես սուտասան եմ, Բենիտեսն ավելի վատն է: Իսկ «Չելսիի» երկրպագուները Բենիտեսի դեմ բողոքում էին, կեցցեն նրանք:

Մատերացին՝ ընդդեմ Լեոնարդոյի

Բենիտեսից հետո «Ինտերը» գլխավորեց Լեոնարդոն, սակայն նրա հետ էլ Մատերացին լավ հարաբերություններ չունեցավ:

-Չէի ցանկանում հեռանալ «Ինտերից», բայց Լեոնարդոն հայտարարեց, որ մտադիր չէ ինձ կազմում ընդգրկել Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ: Նա ինձ հաշվից դուրս թողեց: Նման իրավիճակում անմտություն էր պայմանագիր երկարաձգելը, և ես ստիպված էի լքել ակումբը… Իսկ ի՞նչ արեց Լեոնարդոն: Նա պարզապես գնաց «ՊՍԺ»: Դավաճանություն չէ՞: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էր ցանկանում ինձ «Ինտերից» դուրս թողնել: Երբ դաշտ էի դուրս գալիս, համապատասխան մակարդակ էի ապահովում, իսկ Լեոնարդոն անձամբ ասաց, որ իմ խաղի նկատմամբ որևէ առարկություն չուներ: Այդուհանդերձ, թույլ չտվեց Իտալիայի գավաթի խաղարկությունում նույնիսկ մեկ րոպե դաշտ մտնել,-պատմում էր Մարկոն:

«Ինտերից» հեռանալով՝ Լեոնարդոն սկսեց աշխատել «ՊՍԺ»-ում, սակայն ուղիղ մեկ տարի անց իտալական մամուլում լուրեր հայտնվեցին, որ նա կարող է վերադառնալ, ինչին արագ արձագանքեց Մարկո Մատերցին:

-Լեոնարդոն վերադառնու՞մ է «Ինտեր»: Միայն դիակիս վրայով: Մենք նրա հետ շատ տարբեր ենք: Ես իրական եմ, նա՝ ոչ: Սիրում եմ «Ինտերը», իսկ նա անտարբեր է: Սրանք մանրուքներ չեն: Այս ամենն արդեն նրա երեսին ասել եմ: Ի տարբերություն նրա՝ ոչինչ թիկունքի հետևից չեմ անում: Երբեք,-գրեց Մարկոն Twitter-ում:

Մատերացին՝ ընդդեմ Բալոտելիի

-Նորմա՞լ է, երբ թիմակիցդ հարվածում է քեզ,-«Ինտեր»-«Բարսելոնա» հանդիպումից հետո ասաց Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան:

«Ինտերն» այդ խաղում հաղթեց 3:1 հաշվով, բայց հանդիպման վերջնամասում սկանդալ ծագեց. եզրափակիչ սուլիչից հետո 19-ամյա Բալոտելին շրջեց մարզաշապին ու չտոնեց թիմի հաղթանակը:

-Տեսա, թե ինչպես տրիբունաների ներքևի հատվածում Մատերացին վազեց Բալոտելիի հետևից… Նախկինում նման բան չէի տեսել: Եթե Մատերացին այդպես ինձ վրա հարձակվեր, ես նույն վայրկյանին կհարվածեի նրան: Իտալացին թիմում ծագող տհաճությունների առիթ է դառնում: Ֆուտբոլիստը պետք է հպարտանա հաղթանակից հետո, ոչ թե ընկնի 19-ամյա պատանու հետևից՝ նրան բոլոր հնարավոր բառերով վիրավորելով,-սա մյուս վկայի՝ Զլատան Իբրահիմովիչի կարծիքն է:

Մատերացին չամաչեց Բելոտելիին քննադատել նաև «Ինտերը» լքելուց հետո: Նրանց հարաբերությունները չէր կարելի ընկերական անվանել, սակայն «Ինտերում» խաղալու ընթացքում դրական պահեր եղել են:

-Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» դեմ խաղին, Բալոտելին իմ կողմից ապտակ և խաղակոշիկով հարված ստացավ դեմքին,-կատակոց հայտարարեց Մատերացին,-սակայն երբ նա հայտնվեց հիվանդանոցում, այցելության գնացի: Ամբողջ գիշեր նրա անկողնու մոտ էի, ուտելիք էի մատուցում ու ընկերակցում, որ չձանձրանար:

-Մարիոն միշտ միլանիստ է եղել ու հիմա զարմանալի չէ, որ «Միլանի» կազմում է,-2013-ին միլանյան դերբիից հետո ասաց Մատերացին,-այդ ակումբը նրա երազանքն էր: Գիտեք, թե քանի անգամ եմ հանդերձարանում պատռել նրա կարմիր ու սև գուլպաները: Նրա մայրն էի դրանք գնում, նա էլ պատրաստվում էր կրել դրանք մարզման ժամանակ: Ես անցքեր էի անում: Նա խելագարի պես ծիծաղում էր: Ուզում եմ ասել, որ հպարտանում եմ Մարիոյով: Իհարկե, մեր ընկերությունը չի ավարտվում միայն այն պատճառով, որ նա որոշեց կարիերան «Միլանում» շարունակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում