Եվրոպական հավաքականների լավագույն հարձակվողները

Եվրոպական հավաքականների լավագույն հարձակվողները

Վերջերս Ուեյն Ռունին դարձավ եվրոպացի 17-րդ խաղացողը, ով 50 գնդակ խփեց ազգային հավաքականի կազմում: 

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Շվեյցարիայի դեմ խաղում գոլի հեղինակ դառնալով՝ Ուեյն Ռունին վաստակեց հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը մտավ այն ֆուտբոլիստների ցուցակ, ովքեր հավաքականում 50 և ավելի գոլի հեղինակ են դարձել: Առաջին հորիզոնականում լեգենդար Ֆերենց Պուշկաշն է, ով Հունգարիայի հավաքականի կազմում 84 գնդակ է խփել: Ներկայացնում ենք եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների (50 և ավելի գոլ խփած) ամբողջական ցանկը:

Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա և Իսպանիա) – 84 գոլ՝ 89 խաղում

Պուշկաշը հավաքականների մակարդակում շարունակում է մնալ Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Ֆերենց Պուշկաշը կարող էր հասնել 100 և ավելի գոլի շեմին, բայց կյանքն այլ ընթացք ունեցավ. 1956-ին 29 տարեկանում խորհրդային Հունգարիան լքելով և «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալով՝ Պուշկաշը քաղաքական հարցերի պատճառով դադարեց հանդես գալ հավաքականում: Նա Իսպանիայի քաղաքացիություն ձեռք բերեց և հասցրեց 1961-62 թվականներին 4 հանդիպում անցկացնել այդ հավաքականի կազմում, սակայն նոր հավաքականի կազում գոլի հեղինակ չդարձավ:

Շանդոր Կոշիչ (Հունգարիա) – 75 գոլ՝ 68 խաղում

Կոշիչը Մունդիալ 1954-ի ժամանակ 11 գնդակ է խփել: Նա միակ ֆուտբոլիստն է, ով 2 հեթ-տրիկ է ձևակերպել աշխարհի առաջնության եզրափակչում: «Հանովերում» և Հունգարիայի հավաքականում Պուշկաշի խաղընկերը ազգային ընտրանու կազմում 7 հեթ-տրիկի հեղինակ է դարձել, երկրորդ հարկում խաղալու իր կարողությամբ վաստակել է նաև «Ոսկե գլուխ» կեղծանունը: Հունգարացի լեգենդար հարձակվողը մահացել 1979-ին՝ 49 տարեկանում:

Միրոսլավ Քլոզե (Գերմանիա) – 71 գոլ՝ 137 խաղում

Քչերը կարող էին ենթադրել, որ մի օր Քլոզեն 16 գնդակ խփելով կարող է դառնալ աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն, սակայն «Լացիոյի» 36-ամյա հարձակվողն ավարտեց միջազգային կարիերան Մունդիալի գավաթով և մի քանի ռեկորդներ գրանցելով: Նա գոլերի հեղինակ է դարձել 2002, 2006, 2010 և 2014 Մունդիալների ժամանակ: Ի ծնե ռմբարկուն, «Լացիոյի» երկրպագուների սիրելին նախկինում հանդես է եկել «Վերդերում», «Բավարիայում», գերազանցել է Գերդ Մյուլլերի ռեկորդն ու դարձել բունդեսթիմի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Գերդ Մյուլլեր (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) – 68 գոլ՝ 62 խաղում

Ինչպես և Պուշկաշը, Մյուլլերը ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի նման չէր: Այնքան, որ «Բավարիայի» իր առաջին մարզիչ Զլատկո Չայկովսկին նրան անվանում էր «Kleines dickes Müller» (փոքրիկ գեր Մյուլլեր): Փոխարենը գոլային բնատուր հոտառությունը կայծակնային ռեակցիան և մեկնարկային տպավորիչ արագությունը նրան դարձրել են Եվրոպայի բոլոր ժամանակների ամենավտանգավոր հարձակվողներից մեկը

Ռոբի Քին (Իռլանդիա) – 67 գոլ՝ 142 խաղում

Եվրո-2012-ի նախընտրական փուլի Մակեդոնիայի դեմ խաղում խփած 2 գոլերը (2:0) հարձակվողի միջազգային մրցաշարերում խփած գոլերի թիվը հասցրեցին 51-ի ու նրան դարձրեցին Բրիտանական կղզիների առաջատար խաղացողն այդ աղյուսակում: Դրանից հետո նա կարողացել է դառնալ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի պատմության լավագույն ռմբարկուն և մինչև այսօր շարունակում է Մարտին Օ’Նիլի թիմում կարևոր դեր խաղալ: «Երբ առաջին անգամ հավաքական եկա, Նայալ Քուինը ասաց, որ ես նրա համար 50 գնդակ եմ խփելու: Այնպես որ՝ իմ ձեռքբերումը գուցե նրա նվաճումն է»,-ժպիտով նշում է Քինը:

Իմրե Շլոսեր (Հունգարիա) – 59 գոլ՝ 68 խաղում

1905-16թթ. «Ֆերենցֆորշի» կազմում խաղալով՝ Շլոսերը 258 գնդակ խփեց 155 խաղում: Տպավորում է նրա արդյունավետությունը Հունգարիայի հավաքականում: Իր վերջին խաղը հավաքականում նա անցկացրել է 1927-ի ապրիլի 10-ին, Պուշկաշի ծնվելուց 9 տարի անց: 

Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 59 գոլ 97 խաղում

Հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն Վիլյային ամենադիպուկ գնահատականն է տվեց, երբ նա ազգային ընտրանու կազմում 50-րդ գնդակը խփեց. «Ազգային այդ ռեկորդը շատ դժվար կլինի կրկնել: Դավիդը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ակնհայտ է, որ այդ պատմական գոլից հետո նա դեռ երկար ժամանակ գնդակներ կխփի Իսպանիայի հավաքականի համար»:

Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 57 գոլ՝ 107 խաղում

Երկրի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին 8 անգամ արժանացած Իբրան հավաքականի լավագույն ռմբարկուն է: Իր 49-րդ և 50-րդ գոլերը նա խփել է Էստոնիայի դարպասը 2014 թվականի սեպտեմբերի 4-ին՝ շրջանցելով Սվեն Ռյուդելին: 57-րդ գնդակը Իբրան խփել է բոլորովին վերջերս՝ ավստրիացիների դեմ խաղում, սակայն այն ուրախալի չէր, որովհետև արդյունքում շվեդները պարտվեցին 1:4 հաշվով:

Յան Կոլլեր (Չեխիա) – 55 գոլ՝ 91 խաղում

202սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը իր երկրի հավաքականի գլխավոր դերերում էր 1999-ին: Հավաքականի հետ նա մասնակցել է Եվրոպայի երեք առաջնությունների, ինչպես նաև Մունիդալ 2006-ին: Հավաքականում նրա լավագույն հանդիպումներից մեկը համարվում է 2005-ի հունիսին Մակեդոնիայի դեմ խաղը, որի ժամանակ Յանը 4 գնդակ խփեց: Հարձակվողը կարող էր նաև ավելի շատ ելույթներ ունենալ Չեխիայի կազմում, եթե առաջին անգամ հավաքական չհրավիրվեր 25 տարեկանում:

Յոախիմ Շտրայխ (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) – 55 գոլ՝ 102 խաղում

Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի կազմում ամենաշատ գոլերը խփած ֆուտբոլիստը չէր առանձնանում ֆիզիկական տվյալներով, բայց մարտիկի որակներով նրան հավասարը չկար: Հավաքականի կազմում Շտրայխը սկսել է հանդես գալ 1969-ին ու 3 տարի անց թիմի հետ արծաթե մեդալ է նվաճել Մյունխենի Օլիմպիական խաղերում: Հետո հարձակվողն իրեն փայլուն է դրսևորում Մունդիալ-1974-ի ժամանակ: Հավաքականի կազմում միակ հեթ-տրիկը գրանցել է 1977-ի հոկտեմբերի 29-ին, երբ գերմանական ընտրանին հաղթել Մալթային (9:0):

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 55 գոլ՝ 122 խաղում

«Ռեալի» աստղին 109 խաղ է հարկավոր եղել, որպեսզի շրջանցի Պորտուգալիայի հավաքականի ռեկորդակիր Էուսեբիուին (47 գնդակ): Մունդիալ 2014-ի նախընտրական փուլի Շվեդիայի դեմ խաղում հեղինակած հեթ-տրիկը նրա համար ապահովեց հավաքականի լավագույն ռմբարկուի տիտղոսը: 2014-ին բրազիլական դաշտերում Ռոնալդուն հեռու էր իր լավագույն մարզավիճակից, բայց ամեն դեպքում, Գանայի դարպասին խփած գոլը նրան թույլ տվեց հասնել 50 գոլի շեմին:

Պոուլ Նիլսեն (Դանիա) – 52 գոլ՝ 38 խաղում

20-ականների սկզբներին դիտարժանություն ապահովող Նիլսենը Դանիայի հավաքականի գլխավոր աստղն էր, որի հետ 1912-ին Օլիմպիական արծաթ էր նվաճել: Ինչպես այդ ժամանակվա դանիացի ֆուտբոլիստների մեծ մասը, Նիլսենը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակ չուներ, բայց դա չէր խոչընդոտում գոլեր խփել: Այդ շրջանում սկանդինավյան երկրների հավաքականները հիմնականում միմյանց հետ էին մրցում, դրա համար էլ Նիլսենն իր գոլերի մեծ մասը խփել է Նորվեգիայի (26) և Շվեդիայի (15) դեմ խաղերում: 

Յոն-Դալ Թոմասոն (Դանիա) – 52 գոլ՝ 112 խաղում

Հնարավոր է, որ նա դանիացի ժամանակակից լավագույն ֆուտբոլիստն է: Թոմասոնը կարիերան ավարտել է 2011-ի սկզբին՝ ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուներից մեկի կարգավիճակում: «Միշտ էլ հաջողության հասնելու հսկայական ձգտում եմ ունեցել: Կարծում եմ՝ կարիերաս լավագույն ձևով է ընթացել: Ավելի լավ լինել էր չէր կարող»,-ասել է Թոմասոնը կարիերան ավարտելիս: Թոմասոնի կարծիքը կիսել է սկանդինավյան թիմի փորձառու մարզիչ Մորտեն Օլսենը՝ նրան «թիմային անփոխարինելի խաղացող» կոչելով:

Լայոշ Տիխի (Հունգարիա) – 51 գոլ՝ 72 խաղում

Պուշկաշի Իսպանիա տեղափոխվելուց հետո հունգարական հավաքականի ռմբարկուական գլխավոր պարտականությունները մնացին Տիխիի ուսերին, ով Մունդիալ-1958-ին 4 գոլի հեղինակ էր դարձել, 3 գոլ էլ խփել էր հաջորդ Մունդիալում: Հզոր հարվածների շնորհիվ նրան կոչեցին ազգի ռմբարկու: Տիխին մահացել է 1999 թվականին: 

Հական Շյուքյուր (Թուրքիա) – 51 գոլ՝ 112 խաղում

Թուրքական ֆուտբոլում 90-ականներին նոր աստղ ծագեց: Շյուքյուրն աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ գոլի հեղինակը դարձավ. երրորդ տեղի համար խաղի 11-րդ վայրկյանին գրավեց Հարավային Կորեայի դարպասը: Ֆիզիկական ուժի և գլխով խաղալու կարողության շնորհիվ լրագրողների կողմից կնքվել է «Բոսֆորյան ցուլ» անունով:

Թյերի Անրի (Ֆրանսիա) – 51 գոլ՝ 123 խաղում

Ֆրանսիայի հավաքականում Անրիի փայլուն կարիերան զարդարում են Մունդիալ-1998-ի և Եվրո-2000-ի հաղթանակները: Հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում ՈւԵՖԱ-ի այսօրվա նախագահ Միշել Պլատինիին շրջանցելով՝ Անրին կանգ առավ 51 գոլի սահմանին: Եթե երիտասարդ տարիներին Անրին հակառակորդին սարսափի մեջ էր գցում իր արագությամբ, ապա ավելի մեծ տարիքում շեշտը դրեց հարվածների ու սառնարյունության վրա:

Ուեյն Ռունի (Անգլիա) – 50 գոլ՝ 107 խաղում

2015-ի սեպտեբերը Ռունին դեռ երկար կհիշի: Սկզբում, երբ «երեք առյուծները» գրոհեցին Սան-Մարինոն 6:0 հաշվով, Ռունին կրկնեց Բոբի Չարլթոնի՝ հավաքականի կազմում խփած գնդակների թվով սահմանած ռեկորդը (49), իսկ հետո Շվեյցարիայի դեմ խաղում առաջ գնաց ու հաստատվեց առաջին հորիզոնականում: Ռունին Անգլիայի հավաքականում ելույթները սկսել 17 տարեկանում՝ 2003-ին, իսկ Եվրո-2004-ի ժամանակ 4 գոլի հեղինակ է դարձել: Թեև հավաքականում Ռունին հաճախ իր կարգից ցածր ելույթներ է ունեցել, անունն արդեն ամրագրել է պատմության էջերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում