Ռոնալդու. Շնորհակալություն և Hala Madrid!

Ռոնալդու. Շնորհակալություն և Hala Madrid!

Այսօր Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի պատվին մեծարման միջոցառում է կազմակերպել:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Մալմյոյի» հետ խաղում Ռոնալդուն խփեց «Արքայական ակումբում» իր 323-րդ և 324-րդ գոլերն ու գերազանցեց Ռաուլի ռեկորդը՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Ռեալի» լավագույն ռմբարկուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» իմ բոլոր թիմակիցներին, մարզիչներին՝ Մանուել Պելեգրինիին, Ժոզե Մոուրինյուին, Կարլո Անչելոտիին, Ռաֆայել Բենիտեսին, քանի որ առանց նրանց հնարավոր չէր լինի հասնել այս արդյունքին: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր այստեղ են՝ չնայած վերջին շրջանում ես նրանց լավ չեմ վերաբերվել:

Շնորհակալ եմ մայրիկիս, որդուս, ընկերներիս և գործակալ Ժորժե Մենդեշին: Եթե ինչ-որ մեկին մոռացել եմ, ներողություն եմ խնդրում. նման պահերին բարդ է խոսելը: Շնորհակալություն և «Hala Madrid!»»,-միջոցառման ժամանակ ասել է Ռոնալդուն:

Կրիշտիանու Ռոնալդուն նաև գրառում է կատարել Instagram-ի իր պաշտոնական էջում՝ հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը:

«Երբ 6 տարի առաջ տեղափոխվեցի «Ռեալ Մադրիդ», չէի կարող պատկերացնել, որ կգերազանցեմ այս ռեկորդը: Ինձ համար մեծ պատիվ է, և ես պետք է շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, մարզիչներիս, նախագահին, բոլոր նրանց, ովքեր կապված են «Ռեալի» հետ, իմ ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին՝ մշտապես աջակցելու համար: Շատ երջանիկ եմ նման պահեր ապրելու համար»,-գրել է պորտուգալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում