Ինչպե՞ս Յուրգեն Կլոպը կշահի երկրպագուների համակրանքը

Ինչպե՞ս Յուրգեն Կլոպը կշահի երկրպագուների համակրանքը

Ինչպես շաբաթներ շարունակ կանխատեսում էին բրիտանական լրատվամիջոցները, Յուրգեն Կլոպը գլխավորեց «Լիվերպուլը»: «Կլոպոն», ինչպես հաճախ կոչում են երիտասարդ, բայց աշխարհի ամենահայտնի մարզիչներից մեկին, կարծում ենք, շուտ կշահի «Լիվերպուլի» երկրպագուների համակրանքը: Ինչու՞… Պատճառները ներկայացված են ստորև:

Շոումեն

Համեստ Ռոյ Հոջսոնից, վետերան Քենի Դալգլաշից և չոր Բրենդան Ռոջերսից հետո «Լիվերպուլը» պայմանագիր կնքեց իր պատմության ամենազգացմունքային ու վառ մարզչի հետ: Կլոպը մարդ-կրակայրիչ է: Նա սուր միտք ունի ու անկանխատեսելի է: Գոլերը յուրօրինակ տոնելու նրա սովորությունը վաղուց Youtube-ի հիթ է դարձել, լրագրողները կրակոտ մեկնաբանությունների համար պաշտում են նրան: «Լիվերպուլը» վաղուց նման շոումենի չի տեսել: Թվում է` եթե Կլոպը միայնակ դուրս գա ֆուտբոլի դաշտ, միևնույն է տրիբունաներում անշլագ կլիներ:

Ֆուտբոլիստների ընկերը

Կլոպի հաջողությունների պատճառներից մեկն էլ ֆուտբոլիստների հետ սերտ շփումն է: Ի տարբերություն ավագ սերնդի մարզիչների, նա հակված չէ ֆուտբոլիստների համար երկնային ղեկավար լինել: Կատակել, թույլ տալ, որ կատակով հարվածեն, գարեջրով թրջվել հենց մամուլի ասուլիսի ժամանակ, Սուրբ Ծննդին ֆուտբոլիստներին բար տանել` առանց որևէ խնդրի… Կլոպը ներկա է լինում երեկույթներին, որտեղ նրա և ֆուտբոլիստների միջև հեռավորութունը չի պահպանվում: Այլ հարց է, թե Կլոպի նման բնավորությունն ինչպես կանդրադառնա ԱՊԼ-ի հեղինակություն ունեցող ֆուտբոլիստների վրա:

Անգլիական ֆուտբոլի երկրպագու

Կլոպը երբեք չի թաքցրել անգլիական ֆուտբոլի հանդեպ ունեցած հետաքրքրությունը: Նա պարբերաբար դիտում էր Անգլիայի առաջնության խաղերը, հետևում անգլիական մամուլին: Բազմիցս նշել էր, որ կցանկանար վաղ թե ուշ փորձել ուժերն ԱՊԼ-ում: Նրա ֆուտբոլային ոճը մոտ է անգլիականին` դա աթլետիզմի վրա կառուցված խաղն է, հետաքրքիր պրեսինգները, բարձր արագությունը: 

Անկեղծ, ճշմարտասեր

Կլոպին բնորոշող հատկանիշներից մեկն էլ նրա պաթոլոգիայի հասնող ազնվությունն է ու անկեղծության ձգտումը: Նա չի խուսափում անձնական, այդ թվում նաև պրովոկացիոն հարցերի պատասխանել. «Այո, մազերս արհեստականորեն եմ աճեցրել: Հիանալի է ստացվել, այնպես չէ՞»,-պատասխանել է նա սանրվածքի մասին հարցին:

Եթե թիմի խաղն «աղբ» է, նա այդպես էլ կասի: Եթե որևէ մեկին պետք է քննադատել կամ գովաբանել, բառերը չի խնայի ու դա կանի կոպիտ կամ հումորով: Մեկ խոսքով` ԱՊԼ-ի գլխավոր սուր լեզու ունեցողը` Ժոզե Մոուրինյուն արդեն լուրջ մրցակից ունի: Ու եթե պորտուգալացու դեպքում անկեղծությունը քաղաքականություն է, ապա Կլոպի դեպքում ավելի անկեղծ դրսևորում է: Հետաքրքրական կլինեն նրանց «խոսքային պատերազմները», որոնք այդքա~ն սիրում են բրիտանական ԶԼՄ-ները:

Պաշտում է երկրպագուներին

«Տասնյակ հազարավոր երկրպագուներ կան տրիբունաներում.. Սա իսկական հաճույք է, էյֆորիա»,-խոստովանում է Կլոպը` լեփ-լեցուն մարզադաշտից ստացած զգացողությունները համեմատելով սեռական ակտի հետ:

«Էնֆիլդում» աջակցության խնդիր չի լինի, երկրպագուները կարոտ են հաղթանակների ու Յուրգենին հաճույքով իրենց սերը նվաճելու հնարավորություն կտան: «Մայնցի» ու «Բորուսսիայի» երկրպագուների համար Կլոպն իսկական կուռք էր, ում հետ մեծագույն հաջողություններ են կապված: Նա կարող էր փաբ գնալ ու բաժակ բարձրացնել երկրպագուների համար, շրջվել դեպի տրիբունաներն ու զրուցել նրանց հետ: Երկրպագուն չի կարող չգնահատել դա:

Սիրում է միայնակ զբոսնել

Համալսարանում Կլոպի դիպլոմային աշխատանքի թեման էր` «Զբոսանքների դերը մարզական պատրաստվածության մեջ»: Յուրգենը մեկ անգամ չէ, որ խոստովանել է` կենտրոնանալու և խաղը վերլուծելու լավագույն տարբերակը մարզադաշտից ոտքով տուն գնալն է: Նա դա կիրառում էր Մայնցում և Դորտմունդում:

Ինչպես հայտնի է, «Լիվերպուլի» երկրպագուների ամենահայտնի կարգախոսը «You will never walk alone»-ն է: Այնպես որ, Կլոպը գուցե ստիպված լինի հրաժեշտ տալ միայնակ զբոսանքներին: Կարմիրների երկրպագուները մեծ հույսեր են կապում նոր մարզչի հետ ու հույս ունեն վերադարձնել «Էնֆիլդում» ունեցած երբեմնի փառքը: Նշանակում է` Լիվերպուլում նա միայնակ չի լինի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում