Ֆեդերեր. Շատ էի ցանկանում հաջողության հասնել

Ֆեդերեր. Շատ էի ցանկանում հաջողության հասնել

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով Շանհայի «Մասթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանում 6:7 (4:7), 6:2, 3:6 հաշվով պարտվեց աշխարհի 70-րդ ռակետ Ալբերտ Ռամոսին, հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: 

-Ձախլիկների հետ խաղում միշտ էլ դժվարություններ են լինում: Ալբերտը հիանալի թենիս ցուցադրեց և փորձեց ամբողջ ընթացքում ագրեսիվ լինել, դրա համար էլ հետաքրքիր ու գեղեցիկ պահերը քիչ չէին: Հնարավորություններ ունեի, բայց դրանցից չօգտվեցի: Նման պարտություններ լինում են, բայց, ցավոք, դա տեղի ունեցավ Շանհայում, որտեղ ես գործող չեմպիոն եմ: Շատ էի ցանկանում այս անգամ ևս հաջող հանդես գալ:

Շանհայում առաջին հանդիպումները բարդ են լինում, քանի որ պետք է հարմարվես եղանակին, կորտին, գնդակներին, քանի որ դրանք զգալիորեն տարբերվում են մյուս մրցաշարերի գնդակներից: Անցյալ տարի բախտս բերեց, իսկ այս անգամ հաջողությունն իմ կողմը չէր:

Ես միշտ զգուշորեն և հարգանքով եմ վերաբերվում մրցակիցներիս, նրանց չեմ թերագնահատում: Բոլորը մասնակցում են ATP-ի մրցաշարերին և գիտեն` ինչպես պետք է թենիս խաղան: Ալբերտի հետ մրցել էի Ուիմբլդոնում, նրա խաղը զգալիորեն լավացել է: Գիտեի, որ նա կարող է լավ խաղալ և անգամ հաղթել ինձ,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում