Ինչպե՞ս Ռոբերտ Լևանդովսկին «ծառից» վերածվեց ռմբարկուի

Ինչպե՞ս Ռոբերտ Լևանդովսկին «ծառից» վերածվեց ռմբարկուի

Այն, ինչ վերջին շրջանում անում է Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, պատահականություն չես անվանի. հիանալի խաղեր, գեղեցիկ գոլեր և’ ակումբում, և’ հավաքականում:  Ժամանակն է ներկայացնել այն, ինչ անհրաժեշտ է իմանալ եվրոպական աշնան գլխավոր հերոսի մասին:

Մարզական ընտանիքի զավակ

Լևանդովսկին սպորտի հանդեպ սերը մայրական կաթի հետ ստացավ, ու մարզական ընտանիքում Ռոբերտի ապագայի մասին հարցը չքննարկվեց: Հայրը՝ Կշիշտոֆը, հասցրեց Լեհաստանի երկրորդ լիգայում ելույթ ունենալ, դարձավ երկրի ձյուդոյի առաջնության չեմպիոն, իսկ մայրը՝ Իվոնան, լավ համբավ ձեռք բերեց վոլեյբոլի ասպարեզում: Ռոբերտն էլ մանկուց սպորտային ակտիվ կյանքով էր ապրում, բայց սկզբում ծնողները չգիտեին, թե որ ուղղությամբ որդուն առաջնորդեն: Հայրն օգնեց Ռոբերտին: Նա հարազատ Լեշնո քաղաքում մարզում էր «Պարտիզանի» մանկական թիմը: Հոր ղեկավարությամբ կրտսեր Լևանդովսկին մեկ տարի մարզվեց, որից հետո ճանապարհը շարունակեց «Վարսովիայում»: Ասֆալտապատ ծածկ, ավազ, գազոնի բացակայություն, չջեռուցվող տարածք, հանդերձարանների չփակվող լուսամուտներ… Այդ պայմաններում մեծացավ ապագա ռմբարկուն:

Հասունանալով Ռոբերտը որոշեց ստեղծել մարզական իր ընտանիքը: Կյանքը կապեց կարատեով զբաղվող Աննա Ստաչերսկայի հետ, ով ոչ միայն վառ է պահում օջախի կրակը, այլև ամուսնուն օգնում է կարիերա կերտել: Նրա խորհուրդներից մեկն օգնել է Լևանդովսկուն պահպանել մարտական ոգին. «Մի անգամ կինս ասաց. Փորձիր քիչ քաղցրավենիք ուտել ու քիչ կաթ խմել: Փորձեցի ու ինձ ավելի լավ զգացի: Թվում է՝ մանրուք է, բայց մեծ դեր ունեցավ»: Լեհաստանում Ռոբերտին ու Աննային հանրությանը պարբերաբար հիացնելու պատճառով «իրենց Բեքհեմներ» են կոչում:

«Ծառ»

Լեհաստանում Լևանդովսկու մասին սկսեցին խոսել 2008-ի գարնանը: Բարձրահասակ ու տեխնիկապես հարուստ հարձակվողը երկրորդ լիգայում գոլեր խփեց «Զնիչի» կազմում, որտեղ շատ ֆուտբոլիստներ համատեղում էին դպրոցական ու համալսարանական դասերը ֆուտբոլի պարապմունքների հետ: Լևանդովսկու մասին սկսեցին խոսել, իսկ լեհական թոփ-ակումբների գործակալները սկսեցին այցելել Պրուշկուվ: Մի անգամ էլ Լևանդովսկու խաղին որոշեցին հետևել «Լեխի» գործակալն և մարզիչ Ֆրանտիշեկ Ժմուդը: 15 րոպե մարզադաշտում նստելուց հետո մարզիչն ասաց գործակալին. «Դու պետք է ինձ գումար տաս բենզինի համար: Եթե ցանկանայի ծառ տեսնել. անտառ կգնայի»:

Ճիշտ է` «Զնիչի» մի քանի խաղից հետո Ժմուդի կարծիքը փոխվեց, իսկ նույն տարվա ամռանը Լևանդովսկին պայմանագիր կնքեց «Լեխի» հետ: Ֆրանտիշեկի գլխավորությամբ Լևանդովսկին հսկայական թռիչք կատարեց: 2008-ի ամռանը նա «Լեխին» օգնեց մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթին, լեհական «Pilka Nozna» ամսագրից ստացավ «Տարվա առաջընթաց» մրցանակը, իսկ մեկ տարի անց դարձավ երկրի լավագույն ֆուտբոլիստը: 

Դորտմունդյան տարիները

Ֆրանտիշեկ Ժմուդի՝ Լևանդովսկուն «ծառ» կոչելուց երկու տարի անց պարբերաբար Պոզնան էին այցելում Եվրոպայի տարբեր ակումբների գործակալներ: Ամեն օր Լևանդովսկուն աշխատանքի նոր հրավերներ էին ուղարկում` Բլեքբերնից, Ռոտերդամից, Ջենովայից, սակայն ֆուտբոլիստը հիացավ Յուրգեն Կլոպի հետ զրույցից, ընտրեց «Բորուսսիան»: Բունդեսլիգայում առաջին մրցաշրջանը Լևանդովսկին օգտագործեց նոր միջավայրին հարմարվելու համար: «Բորուսսիան» «արծաթե սկուտեղը» նվաճեց, Կլոպն ամբողջ մրցաշրջանի ընթացքում վստահեց Լուկաս Բարիոսին, իսկ Լևանդովսկին դաշտում 15-20 րոպե էր անցկացնում: 

Դորտմունդյան երկրորդ մրցաշրջանում Լևանդովսկին իր մասին բարձրաձայնեց ու կազմից դուրս թողեց Լուկաս Բարիոսին: Մեկ տարի անց Լևանդովսկին դարձավ եվրոպական ֆուտբոլի աստղ: Նրան անուն բերեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ խաղում հեղինակած պոկերը. մադրիդյան թիմը որևէ մեկից այդքան գնդակ չէր ընդունել:

 

Յուրգեն Կլոպը և դորտմունդյան ակումբի երկրպագուները պաշտում էին Լևանդովսկուն, բայց ինչպես հայտնի է՝ գերմանական ֆուտբոլում բոլոր ճանապարհները «Բավարիա» են տանում: Անցյալ ամռանը Լևանդովսկին ևս այնտեղ հայտնվեց: Դորտմունդում բոլոր ուժերը «Բորուսսիային» նվիրած լեհ ֆուտբոլիստի հանդեպ չարացած չեն. երկրպագուները նրան չեն սուլում այնպես, ինչպես Մարիո Գյոտցեին, իսկ Կլոպը Ռոբերտին «Դորտմունդի համար հանճարեղ ֆուտբոլիստ» է անվանում: Նրանք մինչև հիմա էլ հաճախակի հանդիպում ու հեռախոսազանգեր են ունենում:

Ռմբարկուական ռեկորդներ

Անկեղծ ասած, իր խաղով Ռոբերտ Լևանդովսկին արժանի է 2015 թվականի «Ոսկե գնդակի» թեկնածուների լավագույն եռյակում ընդգրկվելուն… Եթե մի կողմ դնենք «Բարսելոնայի» հաղթանակները, եթե մի կողմ դնենք Կրիշտիանու Ռոնալդուի գերարդյունավետությունը…

Օրացուցային ընթացիկ տարին լավագույնն է Ռոբերտի կարիերայում: Հունիսին նա Լեհաստանի հավաքականի  կազմում ընդամենը 4 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վրաստանի դեմ խաղում: Այդ ժամանակ Լևանդովսկին «համեստորեն» արտահայտվեց. «Երևի այս հեթ-տրիկն ամենաարագն է պատմության մեջ: Չգիտեմ, թե ով կկարողանա կրկնել այն»:

Այս աշնանը Լևանդովսկին այնպես արեց, որ ամբողջ Եվրոպան միայն նրա, ոչ թե Մեսսիի կամ Ռոնալդուի մասին խոսի: 9 րոպեի ընթացքում «Վոլֆսբուրգի» դարպասը խփած 5 գոլերը Ռոբերտի համար հոգեբանական ուժեղագույն հաղթանակ դարձան: Դրանից հետո նա իսկական քիլլեր դարձավ:

Օրեր առաջ Լևանդովսկին հերթական դուբլը հեղինակեց` այս անգամ արդեն Լեհաստանի հավաքականի կազմում, և դարձավ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի լավագույն ռմբարկուն: Հնարավոր է՝ այս խենթությունները դեռ ամենը չեն ու Լևանդովսկին ավելիին է ընդունակ…

 

Օգտագործված աղբյուր` Championat.com:

Հետևեք մեզ նաև Telegram-ում