«Ոսկե գնդակ – 2015». ՖԻՖԱ-ն հրապարակել է թեկնածուների ցանկը

«Ոսկե գնդակ – 2015». ՖԻՖԱ-ն հրապարակել է թեկնածուների ցանկը

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է այն ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, ովքեր հավակնում են 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: ՖԻՖԱ-ի և ֆրանսիական «France Football»-ի փորձագետներն առանձնացրել են 23 ֆուտբոլիստի: Առավել շատ թեկնածուներ ունի «Բարսելոնան»` 6, «Բավարիան» և «Ռեալն» ունեն 5-ական թեկնածու:

Լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը մասնակցելու են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների ավագները, գլխավոր մարզիչները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Նոյեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն կներկայացնի լավագույն եռյակը, իսկ լավագույնի անունը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 11-ին, Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Ոսկե գնդակ – 2015»-ի թեկնածուները

Սերխիո Ագուերո, Յայա Տուրե (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»/«Վոլֆսբուրգ»), Գարեթ Բեյլ, Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու, Թոնի Կրոս, Խամես Ռոդրիգես (բոլորը` «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Անդրես Ինյեստա, Նեյմար, Խավիեր Մասկերանո, Լիոնել Մեսսի, Իվան Ռակիտիչ, Լուիս Սուարես (բոլորը` «Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի, Թոմաս Մյուլլեր, Մանուել Նոյեր, Արյեն Ռոբեն (բոլորը` «Բավարիա»), Արթուրո Վիդալ («Բավարիա»/«Յուվենտուս»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»):



WHAT A SQUAD! The Final 23 players. WHO do you think will win?

Posted by FIFA Ballon D’Or on 19 октября 2015 г.

«Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է: 1956-ից սկսած այն տրվում էր ֆուտբոլիստին, ով տվյալ օրացուցային տարում լավագույնն է ճանաչվում Եվրոպայում: Մրցանակը սահմանվել է «France Football»-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից, ով 1956-ին իր գործընկերներին խնդրեց քվեարկել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ընտրելու համար: Մրցանակի առաջին տերը «Բլեկպուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուն էր:

Սկզբում լրագրողները կարող էին քվեարկել միայն եվրոպական ակումբների եվրոպացի ֆուտբոլիստների օգտին: Օրինակ` Պելեն ու Մարադոնան այդ մրցանակը ստանալ ոչ մի կերպ չէին կարող: 1995-ից կանոնները փոխվեցին. այդ տարվանից սկսած` մրցանակին կարող էր արժանանալ ցանկացած ազգի ներկայացուցիչ, ով խաղում է Եվրոպայում: Ոչ եվրոպացի առաջին մրցանակակիրը «Միլանի» ֆուտբոլիստ Ջորջ Վեան էր:

2007-ին կանոնադրության մեջ կրկին փոփոխություններ եղան: 2007 թվականից մինչ օրս բաղձալի «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ցանկացած ազգի ու աշխարհի ցանկացած ակումբում ելույթ ունեցող ֆուտբոլիստ: Սրա հետ կապված մեծացավ նաև քվեարկող լրագրողների թիվը: Նախկինում եվրոպական լրատվամիջոցների 52 լրագրող էր քվեարկում, հիմա` աշխարհի 96 լրագրող: 

Նշենք, որ Մեսսին առաջինն էր, ով 2010-ին ստացավ «Ոսկե գնդակ ՖԻՖԱ» մրցանակը: Սա նշանակում է, որ «France Football» և «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» մրցանակներն արդեն միացել ու որպես մեկ ամբողջ են շնորհվում, իսկ քվեարկությանը մասնակցում են ոչ միայն լրագրողները, այլև ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները: Անցյալ տարի մրցանակը ստացել է Կրիշտիանու Ռոնալդուն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում