«Ռեալն» առաջին պարտությունը կրեց. «Սևիլյա»-«Ռեալ»` 3:2 (տեսանյութ)

«Ռեալն» առաջին պարտությունը կրեց. «Սևիլյա»-«Ռեալ»` 3:2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալն» այս մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց` 2:3 հաշվով զիջելով «Սևիլյային»:

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Սերխիո Ռամոսը: Մադրիդյան թիմի ավագն այդ դրվագում վնասեց ուսը և րոպեներ հետո փոխարինվեց: Նախքան ընդմիջման գնալը դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 36-րդ րոպեին աչքի ընկավ Չիրո Իմմոբիլեն:

Երկրորդ խաղակեսում Ռաֆայել Բենիտեսի սաները հարձակման գծում ակտիվ, յուրօրինակ գործողություններով աչքի չընկան, իսկ «Սևիլյան» օգտագործեց իր պահերը: Նախ 61-րդ րոպեին Էվեր Բանեգան հաշիվը դարձրեց 2:1, ապա 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ֆերնանդո Լյորենտեն խփեց իր թիմի երրորդ գոլը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 93-րդ րոպեին աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը:

Այժմ «Ռեալն» ունի 24 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային» զիջելով 3 միավորով, իսկ «Սևիլյան» 10-րդ տեղում է` ակտիվում ունենալով 15 միավոր: Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Ռեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային», հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սևիլյա» – «Ռեալ»` 3:2
Գոլերը` Իմմոբիլե 36′, Բանեգա 61′, Լյորենտե 74′ – Ռամոս 22′, Խամես 90+3′

Հետևեք մեզ նաև Telegram-ում