Հարբեցողներ, թմրամոլներ և հանճարեղ ֆուտբոլիստներ

Հարբեցողներ, թմրամոլներ և հանճարեղ ֆուտբոլիստներ

Կան տաղանդներ, որոնց անցած ուղին փառահեղ հաղթանակների և աղմկահարույց սկանդալների անընդմեջ հաջորդականություն է: Նրանց կարելի է անվերջ քննադատել, չսիրել, բայց հնարավոր չէ չհիանալ նրանց հրաշալի խաղով: Ներկայացնում ենք ոչ սպորտային պահվածքով աչքի ընկած լեգենդար ֆուտբոլիստների: 

Դիեգո Մարադոնա

Յուրահատուկ մարդ ֆուտբոլի աշխարհում: Ֆուտբոլային հեղինակության և այն չարաշահելու սահմանները Մարադոնայի մոտ միշտ հատվել են: 1991 թվականին Դիեգոյին պաշտոնապես մեղադրեցին թմրանյութ օգտագործելու մեջ ու 15 ամսով որակազրկեցին: Ավելի ուշ` Աշխարհի 1994 թվականի առաջնությանը, Մարադոնային նորից «բռնացրին»` այս անգամ դոպինգի օգտագործման մեջ` էֆեդրին, նորպսեդոէֆեդրին, մեթիլէֆեդրին և պսևդոէֆեդրին: 2004 թվականին Մարադոնան սրտի կաթված ստացավ ալկոհոլի ու ծխախոտի չարաշահման հետևանքով:

«Երբ կոմայի մեջ էի, հիվանդանոցում ինձ այցելության եկավ աղջիկս` Դալման և սկսեց բղավել. «Հայրի’կ, խնդրում եմ ապրիր հանուն ինձ»: Լսեցի նրա բառերն ու սթափվեցի»,-հիշում է արգենտինացին:

Ջորջ Բեսթ

Հյուսիսիռլանդացին անհավատալի տաղանդավոր էր, և ոչ միայն ֆուտբոլում: «Ասում են, որ Պոլ Գասկոյնը նոր Ջորջ Բեսթն է, բայց ի՞նչ է` նա՞ էլ է քնել երեք Միսս աշխարհների հետ»,-կատակում էր կիսապաշտպանը:

Բեսթը պաշտում էր խմիչքը, գեղեցիկ կանանց, ֆուտբոլը և հումորը: Դրանք նրա 4 գլխավոր կրքերն էին: Նրան դուր էր գալիս կնամոլի և հարբեցողի սեփական կերպարը, նա շատ էր հեգնում այդ թեմայով. «Մի անգամ կապերս խզեցի կանանց ու ալկոհոլի հետ: Դրանք կյանքիս վատագույն 20 րոպեներն էին», «Եթե շատ տգեղ տեսքով ծնված լինեի, ապա երբեք Պելեի մասին չէիք իմանա», «Ես դադարում էի խմել, երբ քնում էի»… Սրանք լեգենդար ֆուտբոլիստի հայտնի խոսքերն են:

Ցավոք, նման կենսակերպը չպահպանեց նրա առողջությունը: Բեսթի օրգանիզմում արհեստական երիկամ տեղադրեցին, բայց անգամ դա նրան չկանգնեցրեց. 2005-ին նա մահացավ երկարատև հարբեցողության հետևանքով: 

Պոլ Գասկոյն

Ֆուտբոլային հանճարների ոչ մի ցուցակ չի կարող կազմվել առանց Գասկոյնի: Նա ավելի շատ հայտնի է որպես ֆուտբոլիստ-հարբեցող ու ինքն էլ խոստովանել է, որ կարևոր խաղերից առաջ սիրել է գոնե մի փոքր զվարճանալ: Պոլի՝ լավ խաղի բաղադրատոմսը. «ճանապարհը» 10 բաժակ բրենդիով բացել: 5-րդ տասնամյակը բոլորելով` Պոլն անկում ապրեց: Օրվա մեջ նրա համար նորմալ չափաբաժին էր համարվում 1-2 լիտր ջինը` 10 շիշ գարեջրի հետ: Ժամանակ առ ժամանակ նա հակադեպրեսանտներ էր օգտագործում ու 24 ժամվա ընթացքում կարող էր 30 հաբ ընդունել: Թմրանյութերը ևս նրա հավաքածուի մեջ էին: 2010-ին ոստիկանները նույնիսկ ձերբակալեցին նրան թմրանյութ պահելու համար: Զարմանալի չէ, որ վերականգնողական կենտրոնները Պոլի երկրորդ տունն էին դարձել:

Թոնի Ադամս

Մեկ այլ անգլիացի, ով կրկին ունի ալկոհոլի հակվածություն: «Հարբեցողությունը խոստովանելու քաջություն հավաքելու համար Թոնի Ադամսը պետք է շատ խմեր»,-հայտնի արտահայտություն, որ պատկանում է Իան Ռաշին:

Ասում են, որ «Արսենալի» լեգենդար ավագը քիչ խաղեր չի անցկացրել խմիչքի ազդեցության տակ: Թոնիի խմբում երբեմն հայտնվել են նաև խաղընկերներ Կիոունը, Դիքսոնը և Բոուլդը: 1996-ին Ադամսը լրջորեն որոշել է ավարտել կարիերան, հանրային խոստովանել, որ հարբեցող է, սակայն Արսեն Վենգերն իր ավագին համոզել է մասնակցել ալկոհոլից կախվածություն ունեցողների խմբի սեանսներին: Արդյունքում Թոնին կարողացել է հաղթահարել իր կախվածությունը: 2000-ին նա վերականգնողական կենտրոն է բացել ազարտային խաղերից կախվածություն ունեցող, ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործող մարզիկների համար:

Ջիմմի Գրիվզ

«Չելսիի» աստղ, «Տոտենհեմի» լեգենդ, Անգլիայի հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը, աշխարհի չեմպիոն… Գրիվզն ամեն ինչ ուներ, սակայն ամեն դեպքում նրան ինչ-որ բան չէր բավականացնում, ու այդ ինչ-որ բանը նա փնտրում էր բաժակի մեջ: Ջիմին օրական ավելի քան 10 շիշ գարեջուր էր խմում, տան նաև օղի էր օգտագործում: Հարբեցողությունը կարիերան վաղաժամ ավարտելու պատճառ դարձավ: Նա փորձեց ազատվել կախվածությունից և գոնե ցածրակարգ լիգա վերադառնալ, բայց արդյունքում հոգեբուժարանում հայտնվեց: Առողջությանը և կյանքին ուղղված լուրջ սպառնալիքը Գրիվզին ստիպեցին կամաց-կամաց խելքի գալ, մասնակցել ալկոհոլից կախվածություն ունեցողների հավաքներին ու հրաժարվել կործանարար սովորությունից:

Գարրինչա

Կարելի է ասել, որ Մանուել Գարրինչան տաղանդը համատեղել է չարագործության հետ: Մանեի չարագործությունը բացառապես իր նկատմամբ էր դրսևորվում, իսկ կյանքում նա բարեհոգի էր ու չէր մերժում մարդկանց, ինչն էլ հենց կործանարար եղավ: Դեռ ֆուտբոլ խաղալու տարիներին իր վաստակածի առյուծի բաժինը Գարրինչան բարերում և ռեստորաններում էր վատնում, հարբում էր երկրպագուների կամ պատահական մարդկանց ընկերակցությամբ: Նա խմում էր բոլորի հետ` նախագահների ու պատգամավորների, թիմակիցների ու մրցակիցների, երկրպագուների, անտունների, մարմնավաճառների: Ամբողջ վաստակածը խմելով` մեծ ֆուտբոլիստը փաստացի փողոցում, աղքատության մեջ հայտնվեց, լքվեց իր երկրպագուների կողմից: Գարրինչան լյարդի հիվանդության հետևանքով մահացավ աղքատների հիվանդանոցում, չապրեց անգամ մինչև 50 տարեկանը: Նրա թաղման օրը միայն հարգանքի տուրք մատուցելու համար հազարավոր մարդիկ հավաքվեցին: Այդ ժամանակ նրանք հասկացան` ում են կորցրել…

Օգտագործված աղբյուր` Championat.com

Կարդացեք նաև` «Մսագործը, կծողը, սադրիչը և մյուս «չարագործ ֆուտբոլիստները»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում