ՉԼ. «Ռեալը» հաղթեց «Շախտյորին», «ՊՍԺ»-ն ջախջախեց «Մալմյոյին» (տեսանյութ)

ՉԼ. «Ռեալը» հաղթեց «Շախտյորին», «ՊՍԺ»-ն ջախջախեց «Մալմյոյին» (տեսանյութ)

Սպասվածի նման, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբից փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան Մադրիդի «Ռեալը» և «Պարի Սեն Ժերմենը»: Մրցաշարի խմբային փուլի նախավերջին` հինգերորդ տուրում Ռաֆայել Բենիտեսի սաները հաղթեցին «Շախտյորին», իսկ Լորան Բլանի թիմն արտագնա խաղում առավելության հասավ «Մալմյոյի» նկատմամբ:

«Արենա Լվով» մարզադաշտում կայացած խաղում մադրիդյան թիմը 4 գնդակ խփեց Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասը, իսկ սեփականն ընդունեց երեքը: «Ռեալի» կազմում Կրիշտիանու Ռոնալդուն Գարեթ Բեյլի օգնությամբ դարձավ դուբլի հեղինակ և գոլային փոխանցումներ կատարեց Լուկա Մոդրիչին ու Դանի Կարվախալին: 77-րդ րոպեին «հանքափորների» առաջին գոլը խփեց Ալեքս Տեյշեյրան` դիպուկ իրացնելով Կիկո Կասիլյայի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը, 83-րդ րոպեին աչքի ընկավ Դենտինյոն, իսկ 88-րդ րոպեին Տեյշեյրան դուբլ ձևակերպեց:

«Պարի Սեն Ժերմենը» 5 անպատասխան գոլ խփեց մրցակցի դարպասը. փարիզյան թիմից Անխել դի Մարիան դուբլ ձևակերպեց, իսկ Ռաբյոն, Զլատան Իբրահիմովիչը և Լուկասն աչքի ընկան մեկական անգամ:

Այս հանդիպումներից «Ռեալն» ունի 13 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Պարի Սեն Ժերմենը» երկրորդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 10 միավոր, իսկ «Շախտյորն» ու «Մալմյոն» մնացին 3-ական միավորով:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, A խումբ

«Շախտյոր» – «Ռեալ»` 3:4
Գոլերը` Տեյշեյրա 77′ / 11մ., 88′, Դենտինյո 83′ – Ռոնալդու 18′, 70′, Մոդրիչ 50′, Կարվախալ 52′

«Մալմյո» – «Պարի Սեն Ժերմեն»` 0:5
Գոլերը` Ռաբյո 3′, դի Մարիա 14′, 68′, Իբրահիմովիչ 50′, Լուկաս 82′

Հետևեք մեզ նաև Telegram-ում