Ո՞ր թիմերն են ամենաշատը զարմացրել

Ո՞ր թիմերն են ամենաշատը զարմացրել

Ազգային առաջնությունների մեկնարկային հատվածն արդեն անցյալում է, և ժամանակն է հասկանալ, թե 2015-16թթ. մրցաշրջանում ո՞ր ակումբներն են ավելի շատ զարմացրել ֆուտբոլային աշխարհին:

Ֆրանսիա. «Անժեր», «Կան»

«Անժերը» «Կանի» պես էլիտար դիվիզիոնում ամենասուղ ֆինանսական միջոցներն ունեցող ակումբներից է: Այս երկու ակումբներին միավորում է նաև եվրոպական վառ աստղերի բացակայությունը: Ընդհանրություններն այսքանով ավարտվում են:

«Անժերն» իր պատմության մեջ դեռևս հանդես չէր եկել Լիգա 1-ում, դրա համար էլ թվում էր` առաջնային խնդիրը դուրս չմնալն է: Սակայն, թիմը 5-րդ հորիզոնականում է ու երազում է եվրոպական մրցաշարերին մասնակցելու մասին: Հաջողության գաղտնիքը պարզ է՝ կոնցենտրացիոն պաշտպանություն, որն էլ լրացնում է վարպետության բացակայությունը: Ավելի շատ գոլեր խփելով` ակումբն ավելի քիչ է ընդունում: Արդյունքում, առաջին խաղակեսում ջանք չխնայելով` ֆուտբոլիստներն ընդմիջումից հետո պահպանում են վաստակած առավելությունը: Մինչև հիմա դա նրանց մոտ հիանալի է ստացվում, թեև բարդ է հավատալ, որ այս տեմպով նրանք երկար կկարողանան առաջ գնալ:

Համեստ «Կանն» ի տարբերություն «Անժերի», պարբերաբար մասնակցում է ֆրանսիական ֆուտբոլի բարձրագույն առաջնությանը, բայց մինչև այսօր ակումբի լավագույն ցուցանիշը 90-ականներին վաստակած 5-րդ հորիզոնականն է: Համանուն քաղաքի անունը կրող ակումբի մշտական խնդիրն է՝ պայքար գոյության համար: Միայն այս դարում ակումբը 7 անգամ հայտնվել է 2-րդ դիվիզիոնում, ապա նորից հետ եկել: Անցյալ տարվա 13-րդ տեղից հետո թվում էր՝ ավելի բարձր թռչելու տեղ չկար, բայց ֆուտբոլիստներն այլ կարծիքի էին: 14-րդ տուրից հետո նրանք լավագույն եռյակում են ու շարունակում են մնալ առաջնության ամենաանզիջում կոլեկտիվը: «Կանն» ընթացիկ առաջնությունում միայն մեկ անգամ է ոչ-ոքի խաղացել (ուշագրավ է, որ «Անժերի» հետ` 0:0) Հետաքրքրական է, որ ֆուտբոլիստները խաղի միջին հատվածներում են գոլեր խփում, հատկապես, երկրորդ խաղակեսի ժամանակ, իսկ վերջնամասում պակաս ինքնավստահ են զգում: Այդ ուղղությամբ աշխատելով` շատ հնարավոր է՝ վերջնական արդյունքը վերին հորիզոնականներում գրանցել. ,ի բան, որ «Կանը» 20 տարի է չի կարողանում անել:

Գերմանիա. «Հերտա»

Մայրաքաղաքային թիմը, թվում է, դժգոհելու պատճառ չունի. Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակիչն ընդունած հիանալի մարզադաշտ, որը երբեք ազատ չի լինում, տեսականորեն ապահոված տեղ Բունդեսլիգայում, 13-րդ տուրից հետո 4-րդ հորիզոնական, նվիրված երկրպագուների մեծ բանակ: Երջանկության համար էլ ի՞նչ է հարկավոր: 

Չնայած ուժեղ մրցակիցներից կրած պարտություններին` բեռլինցիներն անում են այն, ինչ միշտ չէ, որ հաջողվում է անել տեղական ակումբներին` կանոնավոր միավորներ են վաստակում միջին թիմերի հետ խաղերում: Ճիշտ է` գլխավոր խնդիրն է այն, որ հարձակման ամբողջ հիմքը Սալոմոն Կալուն ու Վադադե Իբիշևիչն են, որոնցից յուրաքանչյուրի կորուստը կարող է խորը հարված լինել թիմի համար: Նշենք նաև, որ սկսվում է բացվել ռմբարկուների շարքերը համալրող երիտասարդ ֆուտբոլիստ Միտչել Վայզերի տաղանդը:

Այս թիմի խաղերը դիտարժան է դարձնում նաև այն փաստը, որ հանդիպման վերջը գրեթե միշտ ավելի վառ ու լարված է լինում` հաճախ հոլիվուդյան ֆիլմի սցենարի նմանվում. «Հերտայի» մասնակցությամբ խաղերում 3-ից ավելի գոլերը գրանցվում են հանդիպման վերջին 15 րոպեների ընթացքում:

Իտալիա. «Սասուոլո»

Ի տարբերություն վերևում թվարկած ակումբների` «Սասուոլոն» չի կարելի առաջնության հայտնություն համարել, որովհետև գիտենք՝ սա կայուն խաղ ցույց տվող հիանաի թիմ է, առաջնորդներ ունի, որոնց Եվրոպայի կեսը նախանձով է նայում, և որոնցից ոչ բոլորն են հասցրել հեռանալ: Համեստ թիմն առաջին հերթին հաջողության է հասնում սեփական դաշտում հիասքանչ խաղի շնորհիվ. 6 խաղերում ոչ մի պարտություն, դրան գումարած «Նապոլիի», «Լացիոյի» և «Յուվենտուսի» պես հսկաները: Դեռևս 10 տարի առաջ C2 սերիայում հանդես եկող թիմն այսօր հավակնում է իր պատմության լավագույն արդյունքը գրանցել: Ա Սերիայի 13-րդ տուրից հետո «Սասուոլոն» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 22 միավոր և «Ինտերին» զիջելով 8 միավորով:

Իսպանիա. «Սելտա», «Էյբար»

«Սելտան» նորից այն ամուր թիմն է հիշեցնում, որն անցյալ հազարամյակում պարբերաբար պայքարում էր բարձր դիրքերի ու Եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար: 12-րդ տուրից միջանկյալ 4-րդ հորիզոնականը թիմի համար առաջին հերթին ապահովել է հարձակման գիծը: Նրանցից շատ միայն «Ռեալը» և «Բարսելոնան» են գոլեր խփել: Առաջատարի համար նրանք, բնականաբար, շատ են բաց թողնում, բայց դա է մրցակցի կիսադաշտում կենտրոնացված գործողությունների դիմաց վճարը:

«Բարսելոնայի» նկատմամբ տպավորիչ հաղթանակը, «Սևիլյայի», «Վիլյառեալի», «Ռեալի» հետ խաղերը խոսում են այն մասին, որ նրանց հետ բոլորը պետք է հաշվի նստեն: «Սելտան» առաջնության լավագույն թիմն է արտագնա խաղերում: Իհարկե, պետք է առանձնացնել Նոլիտոյին՝ իսպանական առաջնության գլխավոր հայտնությանն ու ամեն ինչ իր տեղում կհայտնվի, սակայն ցույց տվեք մի թիմի, որ կախված չէ առաջնորդի խաղից:

«Էյբարը» զարմանալի թիմ է. թվում է՝ քիչ է խփում ու շատ գոլեր է ընդունում սեփական դարպասը, հզոր ակումբներին պարտվում է, բայց այդուհանդերձ, խորամանկորեն առաջ է գնում եվրոգավաթների գոտում: 12-րդ տուրից հետո թիմը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Սա տեղի է ունենում հետաքրքիր ռազմավարության հաշվին. առավելության հասնել առաջին խաղակեսում, ապա՝ համբերել մինչև վերջ: 3 գնդակներից 2-ը նրանք խփում են ընդմիջումն ազդարարող սուլիչից առաջ, և նույն ընթացքում էլ ընդհանուրից 20% բաց են թողնում: Քանի դեռ այդ մարտավարությունն աշխատում է՝ կշտամբել նրանց հարկավոր չէ:

Անգլիա. «Լեսթեր», «Վեսթ Հեմ»

Սլավեն Բիլիչի և Կլաուդիո Ռանյերիի սաներին կարելի է դիտել անվերջ: Նրանցից առավել ԱՊԼ-ում գոլեր են խփում միայն «Մանչեսթեր Սիթիում», այն դեպքում, երբ «աղվեսներն» ու «մուրճահարները» ձգտում են ոչ միայն արդյունավետ խաղ ցույց տալ, այլ նաև լավ արդյունքների հասնել, ինչը թույլ է տվել 13-րդ տուրից հետո զբաղեցնել համապատասխանաբար 1-ին ու 6-րդ հորիզոնականները:

Առաջնության 13 խաղում «Լեսթերը» միայն մեկ անգամ է դաշտից առանց գնդակ խփելու հեռացել, իսկ լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին արդեն 10 խաղ անընդմեջ գնդակ է խփում ու չի պատրաստվում բավարարվել այսքանով: Վարդիի օգնությամբ թիմը կարողանում է տանջել մրցակիցներին:

«Վեսթ Հեմը» կարող էր նաև գլխավորել աղյուսակը, եթե կարողանար ավելի լավ խաղալ վերջին հորիզոնականներում գտնվող թիմերի հետ: Պարզապես նայեք, թե ում է հաղթել այս թիմը` «Արսենալ», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի» և «Չելսի»: Պարտվել է սակայն, ԱՊԼ-ի նորեկներ «Բորնմուտին» և «Ուոթֆորդին»: Հնարավոր է` նրանք որևէ ուժեղ խթանիչի կարիք ունեցող թիմ են: Գլխավոր հաղթաթղթերից մեկը խիստ առանձնացող առաջատարի բացակայությունն է. 13 խաղում թիմի 7 ֆուտբոլիստներ մեկից ավելի գնդակ են խփել, gնդակների կեսը դարպասն է ուղարկվել խաղակեսերի վերջին 15 րոպեների ընթացքում, ինչն էլ վկայում է ֆուտբոլիստների ֆիզիկական հիանալի պատրաստվածության մասին և մրցակցային լիգայում մեծ վեճի առիթ է տալիս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում