Հայտնի են «Ոսկե գնդակի» հիմնական թեկնածուները

Հայտնի են «Ոսկե գնդակի» հիմնական թեկնածուները

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2015 թվականի «Ոսկե գնդակի» 3 հավակնորդների անունները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը:

Լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների ավագները, գլխավոր մարզիչները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Լավագույնի անունը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 11-ին, Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ:



The nominees for the FIFA Ballon d’Or 2015 have been revealed. Who is YOUR favourite to win the prestigious award?

Posted by FIFA Ballon D’Or on 30 ноября 2015 г.

 

«Ոսկե գնդակ – 2015»-ի թեկնածուների ամբողջական ցանկն ուներ հետևյալ տեսքը.

Սերխիո Ագուերո, Յայա Տուրե (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»/«Վոլֆսբուրգ»), Գարեթ Բեյլ, Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու, Թոնի Կրոս, Խամես Ռոդրիգես (բոլորը` «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Անդրես Ինյեստա, Նեյմար, Խավիեր Մասկերանո, Լիոնել Մեսսի, Իվան Ռակիտիչ, Լուիս Սուարես (բոլորը` «Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի, Թոմաս Մյուլլեր, Մանուել Նոյեր, Արյեն Ռոբեն (բոլորը` «Բավարիա»), Արթուրո Վիդալ («Բավարիա»/«Յուվենտուս»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»):

Ծանոթություն. «Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է: 1956-ից սկսած այն տրվում էր ֆուտբոլիստին, ով տվյալ օրացուցային տարում լավագույնն է ճանաչվում Եվրոպայում: Մրցանակը սահմանվել է «France Football»-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից, ով 1956-ին իր գործընկերներին խնդրեց քվեարկել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ընտրելու համար: Մրցանակի առաջին տերը «Բլեկպուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուն էր: Սկզբում լրագրողները կարող էին քվեարկել միայն եվրոպական ակումբների եվրոպացի ֆուտբոլիստների օգտին: Օրինակ` Պելեն ու Մարադոնան այդ մրցանակը ստանալ ոչ մի կերպ չէին կարող: 1995-ից կանոնները փոխվեցին. այդ տարվանից սկսած` մրցանակին կարող էր արժանանալ ցանկացած ազգի ներկայացուցիչ, ով խաղում է Եվրոպայում: Ոչ եվրոպացի առաջին մրցանակակիրը «Միլանի» ֆուտբոլիստ Ջորջ Վեան էր:

2007-ին կանոնադրության մեջ կրկին փոփոխություններ եղան: 2007 թվականից մինչ օրս բաղձալի «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ցանկացած ազգի ու աշխարհի ցանկացած ակումբում ելույթ ունեցող ֆուտբոլիստ: Սրա հետ կապված մեծացավ նաև քվեարկող լրագրողների թիվը: Նախկինում եվրոպական լրատվամիջոցների 52 լրագրող էր քվեարկում, հիմա` աշխարհի 96 լրագրող:

Նշենք, որ Մեսսին առաջինն էր, ով 2009-ին ստացավ «Ոսկե գնդակ ՖԻՖԱ» մրցանակը: Սա նշանակում է, որ «France Football» և «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» մրցանակներն արդեն միացել ու որպես մեկ ամբողջ են շնորհվում, իսկ քվեարկությանը մասնակցում են ոչ միայն լրագրողները, այլև ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները: Անցյալ տարի մրցանակը ստացել է Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում