Երջանկությունը փողի մեջ չէ: Ինչպե՞ս առանց գումար վճարելու հզորացնել թիմը

Երջանկությունը փողի մեջ չէ: Ինչպե՞ս առանց գումար վճարելու հզորացնել թիմը

Մեծ գումարներ, երկարատև բանակցություններ, անհամաձայնություններ… Այս ամենը տրանսֆերային պատուհանների անբաժանելի մասն է, սակայն լինում են դեպքեր` երբ ակումբներն առանց գումար ծախսելու հիանալի գործարքներ են կատարում և ուժեղացնում են կազմը: Վերհիշում ենք նման դեպքերը:

Միրոսլավ Քլոզե
Որտեղից` «Բավարիա»
Որտեղ`«Լացիո»
Երբ` 01.07.2011

Տրանֆերային արժեքը տեղափոխության ժամանակ` 5 մլն եվրո (բոլոր տվյալները` ըստ «Transermarkt.de»-ի)

2011-ի ամռանը «Լացիոն» անվճար կարողացավ ձեռք բերել 21-րդ դարի լավագույն հարձակվողներից մեկին: Քլոզեն այն հարձակվողներից է, որոնց համար գրոհի վերջին պահին էսթետիկական կողմը բոլորովին նշանակություն չունի: Նրա կոչումը գնդակը դարպասն ուղարկելն է: Միրոյի ուժեղ կողմերն են՝ խաղը «երկրորդ հարկում», արագությունը, ճկունությունը և գոլային հոտառությունը:

Այնպես է ստացվել, որ Քլոզեն հատկապես հիշվել է Գերմանիայի հավաքականի կազմում ունեցած ելույթների շնորհիվ: Քլոզեն ընտրանու կազմում մի շարք ռեկորդներ է սահմանել, որոնց շրջանցելն այնքան էլ դյուրին չի լինելու: Որպես օրինակ նշենք, որ լեհական Օպոլեում ծնված ֆուտբոլիստը 16 գնդակների շնորհիվ դարձել է աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն: Միրոն նաև միակն է, ում հաջողվել է 4 Մունդիալից մեդալներ տուն տանել:

Միխայել Բալաք
Որտեղից` «Բավարիա»
Որտեղ`«Չելսի»
Երբ` 01.07.2006
Տրանֆերային արժեքը տեղափոխության ժամանակ` 35 մլն եվրո

Ռոման Աբրամովիչը երբեք ժլատ չի եղել, երբ խոսքը գնացել է բարձրակարգ ֆուտբոլիստների մասին, սակայն Բալաքի դեպքում լոնդոնցիների ղեկավարը ոչ մի կոպեկ չի վճարել: Միխայելը «Չելսիին» ազատ գործակալի կարգավիճակում բաժին հասավ: Նշենք, որ գերմանացի կիսապաշտպանի համար միանգամից մի քանի ակումբ էր պայքարում, որոնց թվում նաև Մադրիդի «Ռեալը»:

«Չելսիի» կազմում Բալաքը հաղթել է ԱՊԼ-ում, Անգլիայի երեք գավաթ նվաճել, հասել Անգլիական լիգայի գավաթին, մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչին: 2010 թվականին Միխայելը, համաձայնության չգալով ակումբի ղեկավարության հետ, հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը: Արդյունքում ֆուտբոլիստը վերադարձել է «Բայեր», որտեղ 2 տարի խաղալուց հետո ավարտել է կարիերան:

Պոլ Պոգբա
Որտեղից` «Մանչեսթեր Յունայթեդ»
Որտեղ` «Յուվենտուս»
Երբ` 03.08.2012
Տրանֆերային արժեքը տեղափոխության ժամանակ` 3.5 մլն եվրո

Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները կարողանային կծել արմունկները, անպայման կանեին: 2012-ին մանկունյանցիները բաժանվեցին իրենց տաղանդաշատ սաներից մեկի՝ Պոլ Պոգբայի հետ: Գվինեական ծագում ունեցող ֆրանսիացի կիսապաշտպանն անվճար համալրեց «Յուվենտուսի» կազմը: Պոգբայի խաղի շնորհիվ թուրինյան ակումբը 3 տարվա ընթացքում կարևոր ձեռքբերումներ ունեցավ:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտին հնարավոր է, որ Պոգբան հեռանա Իտալիայից: Նա վաղուց «Բարսելոնայի», «ՊՍԺ»-ի, «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում է: Նշված ակումբները պնդում են, որ չեն խնայի իրենց միջոցները Պոգբայի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար: Այսպիսով, «Յուվենտուսը» նաև այս կողմից շահող դուրս կգա Պոգբայի հարցում:

Սոլ Քեմբել
Որտեղից` «Տոտենհեմ»
Որտեղ` «Արսենալ»
Երբ` 01.07.2001
Տրանֆերային արժեքը տեղափոխության ժամանակ` հայտնի չէ

Քեմբելը «Տոտենհեմի» ակադեմիայի սան է: 1992-2001թթ. նա ակումբի կազմում 255 խաղ է անցկացրել, դարձել «Ուայթ Հարթ Լեյնի» կուռքը: Սակայն, ինչպես հայտնի է, երկրպագուների դեպքում ևս սիրուց ատելություն մեկ քայլ է: Նման դեպքերում միշտ ֆուտբոլիստն է մեղավոր: Քեմբելը տեղափոխվեց հարազատ ակումբի սկզբունքային հակառակորդի կազմ, դարձավ ԱՊԼ-ում շաբաթական 100.000 ֆունտ աշխատավարձ ստացող միակ ֆուտբոլիստը:

2000-ականների սկզբին Քեմբելն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից էր: Արսեն Վենգերի ղեկավարությամբ Սոլը երկու անգամ դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն: «Տոտենհեմի» կազմում նա դժվար թե կարողանար հասնել նման արդյունքի:

Էստեբան Կամբյասո
Որտեղից` «Ռեալ»
Որտեղ` «Ինտեր»
Երբ` 01.07.2004
Տրանֆերային արժեքը տեղափոխության ժամանակ` հայտնի չէ

2010-ին «Ինտերը» եվրոպական ֆուտբոլի բարձունքին էր ու փորձում էր նվաճել հնարավոր բոլոր տիտղոսները: Միլանյան ակումբի այդ ժամանակների գործող գլխավոր դեմքերից էր Էստեբան Կամբյասոն: Արգենտինացի ֆուտբոլիստը հիանալի էր կատարում արարողի ու ավերիչի դերը: Բացի այդ, «Արխենտինոս Խունիորսի» սանը հիանալի էր կատարում Ժոզե Մոուրինյուի «ավտոբուսի» շարժիչի դերը:

2004-ի ամռանը, չհասցնելով «Ռեալում» ինքնահաստատվել, Էստեբանը «նորաձևության քաղաք» մտավ: Իրականում դա զարմանալի չէ, քանի որ այդ շրջանում մադրիդցիներն իրենց կազմում դաշտի կենտրոնը հսկող առաջնակարգ ֆուտբոլիստների ընդունեցին: Հատկանշական է, որ 2006 և 2007-ին Կամբյասոն «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստն էր:

Անդրեա Պիրլո
Որտեղից` «Միլան»
Որտեղ` «Յուվենտուս»
Երբ` 01.07.2011
Տրանֆերային արժեքը տեղափոխության ժամանակ` 10 մլն եվրո

Վերջին ժամանակներս գործունեությամբ աչքի չընկնող «Միլանի» ղեկավարների կարծիքով Անդրեա Պիրլոն դեռ 5 տարի առաջ պետք է կարիերան ավարտած լիներ: Դրա պատճառով համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը ազատ էր ընտրության հարցում և ընտրեց Անտոնիո Կոնտեին: Սկսնակ մարզիչը, ում «Յուվենտուսն» էր բաժին հասել, որոշեց թիմի խաղն Անդրեայի շուրջ կառուցել: Անգամ տնային տնտեսուհիները գիտեն, թե դրանից ինչ դուրս եկավ. «ծեր սենյորան» մրցակիցներին պարզապես անտեսելով Ա Սերիայի բարձունքին հայտնվեց:

Այսօր Պիրլոն օվկիանոսից այն կողմ է գումար վաստակում: Իր հիասքանչ ոճով Անդրեան դեռ 20 տարի էլ կկարողանա խաղալ ԱՄՆ-ում: Նրա համար պարտադիր պայման չէ արծվի պես թռչել դաշտով, դա նրա փոխարեն գնդակն է անում: 

Ռոբերտ Լևանդովսկի
Որտեղից` «Բորուսսիա Դորտմունդ» 
Որտեղ` «Բավարիա»
Երբ` 01.07.2014
Տրանֆերային արժեքը տեղափոխության ժամանակ` 50 մլն եվրո

Թվում էր՝ Զլատան Իբրահիմովիչի հետ անհաջող համագործակցությունը կարողացել է Պեպ Գվարդիոլային ապացուցել, որ կարելի է խաղը կառուցել նաև առանց կենտրոնական պաշտպանի, սակայն Ռոբերտ Լևանդովսկին հակառակն ապացուցեց:

Այսօր դժվար է «Բավարիան» առանց լեհ հարձակվողի պատկերացնել: Վերջինս ընդունակ է 9 րոպեում 5 գնդակ խփելու: Համեմատության համար նշենք, որ Մարիո Բալոտելին ամբողջ մրցաշրջանի ընթացքում այդքան գնդակ չի խփում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում