«Ռեալը» չխղճաց «Ռայո Վալյեկանոյին»՝ 10:2 (տեսանյութ)

«Ռեալը» չխղճաց «Ռայո Վալյեկանոյին»՝ 10:2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալել էր «Ռայո Վալյենակոյին»:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղը հարուստ էր տարատեսակ իրադարձություններով: Հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց Դանիլոն: 7 րոպե անց Անտոնիո Ամայան հավասարեցրեց հաշիվը, իսկ 12-րդ րոպեին Յոզաբեդն առաջ մղեց հյուրերին:

14-րդ րոպեին «Ռայո Վալյեկանոյի» ֆուտբոլիստներից Տիտոն Թոնի Կրոսի նկատմամբ կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից: Ստանալով թվային առավելություն՝ «սերուցքայինները» վերականգնեցին հաշվի հավասարությունը. 25-րդ րոպեին աչքի ընկավ Գարեթ Բեյլը:

Բեյլի գոլից ընդամենը 4 րոպե անց հյուրերը մնացին 9 հոգով. հանդիպման գլխավոր մրցավար Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուևան Ռաուլ Բաենային երկրորդ դեղին քարտը ցույց տվեց և հեռացրեց խաղադաշտից, իսկ Ռոդրիգես Յոելի դարպասին նշանակեց կասկածելի 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն: Նախքան ընդմիջման գնալը՝ 41-րդ րոպեին, Գարեթ Բեյլը դուբլ ձևակերպեց:

Երկրորդ խաղակեսում Ռաֆայել Բենիտեսի սաները  6 գոլ խփեցին. ևս 2 գոլ խփեց Գարեթ Բեյլը, հեթ-տրիկ ձևակերպեց Կարիմ Բենզեման, մեկ գոլ էլ խփեց Ռոնալդուն: Ուշագրավ է, որ երկրորդ խաղակեսում Իգնասիո Վիլյանուևան երկու անգամ կարող էր «Ռայո Վալյեկանոյի» դարպասին 11-մետրանոց նշանակել, սակայն առաջին խաղակեսի կասկածելի որոշումից հետո նման քայլի չդիմեց:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 33 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ռայո Վալյեկանոն» մնաց 17 միավորով՝ 13-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռեալ» – «Ռայո Վալյեկանո»՝ 10:2
Գոլերը՝ Դանիլո 3′, Բեյլ 25′, 41′, 61′, 70′, Ռոնալդու 30′ / 11-մետրանոց, 53′, Բենզեմա 48′, 80′, 90′ – Ամայա 10′, Յոզաբետ 12′
Հեռացումներ՝ Տիտո 15′, Բաենա 29′

Հետևեք մեզ նաև Telegram-ում