Խաղակոշիկները կախեցին մեխից. 2015-ին կարիերան ավարտած ֆուտբոլիստները

Խաղակոշիկները կախեցին մեխից. 2015-ին կարիերան ավարտած ֆուտբոլիստները

Հիշենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ և 2015-ին հայտարարել են կարիերան ավարտելու մասին:

Դանիել վան Բյուտեն
Վերջին ակումբը՝ «Բավարիա» 

Կենտրոնական պաշտպանն իր անունը գրել է բելգիական ֆուտբոլի պատմության էջերին: Վան Բյուտենի շուրջ է կառուցվել Բելգիայի երիտասարդ հավաքականը, որը հիմա ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է: Դանիելն իր կարիերան սկսել է «Շարլերուա» համեստ ակումբից, հետո տեղափոխվել է «Մարսել», որտեղ առաջընթաց է գրանցել: Որպես բարձրակարգ պաշտպան վան Բյուտենն աչքի է ընկել «Բավարիայում», որի հետ 4 անգամ Գերմանիայի չեմպիոն է դարձել և նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Անցյալ մրցաշրջանի ավարտին վան Բյուտենը խաղակոշիկները պաշտոնապես պահարանում դրեց, իսկ մենք դեռ երկար կհիշենք նրա անցած ճանապարհը, որը ոչ բոլորը կարող էին անցնել:

Ռիո Ֆերդինանդ
Վերջին ակումբը՝ «ՔՊՌ»

Եթե Ֆերդինանդը կարիերան մեկ տարի առաջ ավարտեր, ապա մեր հիշողության մեջ կմնար որպես եթե ոչ կարիերայի գագաթնակետին հասած, ապա գոնե դաշտից բարձր գլխով հեռացած ֆուտբոլիստի: «ՔՊՌ»-ում անցկացրած նախորդ մրցաշրջանը, որ վերջինն էր Ռիոյի կարիերայում, ջախջախված էր: Սակայն որևէ մեկը չի կարող ժխտել, որ նա 2000-ականների լավագույն պաշտպաններից էր:

Ժամանակին Ֆերդինանդի` «Լիդսից» 46 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը ակումբի համար պաշտպանության դիրքի ամենաթանկ տրանսֆերն էր: «Կարմիր սատանաները» ծախսած ոչ մի սենթի համար չզղջացին, և Նեմանյա Վիդիչի հետ Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունում անհաղթահարելի կապ ստեղծեց:

Ադրիան Մուտու
Վերջին ակումբը՝ «Պունա Սիթի» 

Ռումինական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը ևս կարիերան ավարտեց անցնող տարում: Հնդկական «Պունա Սիթիի» կազմում խաղալով՝ Մուտուն որոշեց վերջ դնել իր հակասական կարիերային: Այդ կարիերան արագ տեմպերով զարգացավ. 21 տարեկանում Ադրիանը պայմանագիր կնքեց «Ինտերի» հետ, հետո տեղափոխվեց «Չելսի»: Եվ երբ թվաց, որ Մուտուի աստղը վառվելու է, 15 մլն եվրո արժողությամբ դոպինգային սկանդալ ծնվեց նրա անվան շուրջ, ու նոր զարգացում ապրող կարիերան սկսեց վայրէջք ապրել: Այո, Մուտուն մի քանի վառ մրցաշրջան ունեցավ «Ֆիորենտինայի» կազմում, բայց բոլորի համար պարզ էր, որ նման տաղանդով Մուտուն ավելիին էր ընդունակ:

Խուան Ռոման Ռիկելմե
Վերջին ակումբը՝ «Արգենտինոս Խունիորս» 

Իսկական հերոս Արգենտինայում: «Բոկա Խունիորսում» հիանալի խաղով Ռիկելմեն տպավորեց «Բարսելոնայի» գործակալաներին, սակայն Ֆրանկ Ռայկարդի՝ Ռոնալդինյոյի խաղի վրա շեշտադրություն կատարելու պատճառով նա Կատալոնիայում երկար չմնաց և տեղափոխվեց «Վիլյառեալ»: 2007-ին Ռիկելմեն վերադարձավ հարազատ ակումբ: Երկու տարի անց Ռիկելմեն Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն, ապա հայտարարեց ազգային ընտրանուց հեռանալու մասին, քանի որ չէր ցանկանում խաղալ Դիեգո Մարադոնայի գլխավորությամբ: 2015-ին էլ Խուան Ռոման Ռիկելմեն որոշեց առհասարակ հեռանալ ֆուտբոլից:

Կուատեմոկ Բլանկո
Վերջին ակումբը՝ «Պուեբլա»

Եվրոպայում այս ֆուտբոլիստի անունն այնքան էլ հայտնի չէ: Իսկապես, «Վալյադոլիդի» կազմում երկու մրցաշրջանը մեծ ձեռքբերում չէ, սակայն Մեքսիկայում Կուատեմոկ Բլանկոն լեգենդի կարգավիճակ ունի: Նա «Ամերիկա» ակումբի կենդանի լեգենդն է, որի հետ մեկ անգամ չէ, որ նվաճել է Մեքսիկայի առաջնության ու գավաթի գլխավոր տիտղոսը, ինչպես նաև ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթը: Բլանկոն հետք է թողել նաև ամերիկյան ՄԼՍ-ում: Կուատեմոկի առավելությունը հեղինակային հնարքն է, որ «կուատեմինյա» անունն է ստացել: Կարիերան ավարտելու պահին Բլանկոն 42 տարեկան էր, թեև այդ տարիքում էլ նա լավագույններից էր ազգային առաջնությունում:

Ժոան Կապդևիլա
Վերջին ակումբը՝ «Լյերս» 

Նախքան Խորդի Ալբայի` Իսպանիայի հավաքականի պաշտպանության ձախ թևում հայտնվելն այնտեղ թագավորում էր Ժոան Կապդեվիլիան: Իսպանիայի ազգային հավաքականի հետ նա Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է դարձել, սակայն ակումբային մակարդակում առանձնապես չի դրսևորել իրեն: Կապդևիլան «Ռեալում» կամ «Բարսելոնայում» երբեք չի խաղացել, սահմանափակվել է «Ատլետիկոյի», «Վիլյառեալի», «Դեպորտիվոյի» և ոչ բարձրակարգ ակումբներում ունեցած ելույթներով:

Մեկ տարի առաջ ժոանը Հնդկաստանում էր, բայց ավելի ուշ որոշեց Եվրոպա վերադառնալ և պայմանագիր կնքեց բելգիական «Լյերսի» հետ: Ամեն ինչի վրա խաչ քաշեց և 37-ամյա ֆուտբոլիստի կարիերային վերջ դրեց վնասվածքը: Կապդևիլան նշանակալի գոլերի կամ հնարքների հեղինակ չի դարձել: Նա աչքի է ընկել հաստատակամությամբ ու ջանասիրությամբ, ինչի շնորհիվ էլ թոշակի է անցել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալներով:

Դավիդ Տրեզեգե
Վերջին ակումբը՝ «Պունա Սիթի»

Աշխարհի, Եվրոպայի, Իտալիայի, Ֆրանսիայի չեմպիոն. հավաքականում և «Յուվենտուսում» Տրեզեգեի հաջողությունների համադրությունը նրան դարձնում են այնպիսի ֆուտբոլիստ, որին բարդ կլինի երբևէ մոռանալ: Առաջարկում ենք ընթերցել՝ 

Ռաուլ
Վերջին ակումբը՝ «Նյու-Յորք Կոսմոս» 

Ի՞նչ կարելի է գրել Ռաուլի մասին… Լեգենդ: Ռաուլը մեծ հետք է թողել ոչ միայն «Ռեալի», այլև համաշխարհային ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ: Մադրիդի Հրեշտակը, ինչպես նրան կոչում էին «Ռեալի» երկրպագուները, մեծ արագություն չուներ, շքեղ տեխնիկայի կամ փամփուշտային հարվածների չէր տիրապետում, պարզապես վերցնում էր գնդակն ու յուրաքանչյուրի ճաշակին հարմար գոլ խփում՝ այնպիսի թեթևությամբ ու պարզությամբ, ինչպիսին նրա ֆուտբոլային տաղանդն էր: Բոլորը գիտեն, որ «Ռեալի» նկատմամբ Ռաուլի սերն անփոփոխ է, և եթե նրա կամքով լիներ` կարիերան Մադրիդում կավարտեր, սակայն լեգենդը խաղաց նաև «Շալկեում», «Ալ Սադդում», իսկ կարիերայի վերջին շրջանն անցկացրեց «Նյու-Յորք Կոսմոսի» կազմում:

Ռոժերիո Սենի
Վերջին ակումբը՝ «Սան Պաուլու»

«Սան Պաուլուն» Սենիի կարիերայի միակ ակումբն էր: Չնայած Սենիի ծառայություններով տարբեր ժամանակներում հետաքրքրված են եղել եվրոպական հզոր ակումբներ՝ նա հավատարիմ է մնացել իր թիմին: Ռոժերիո Սենին ֆուտբոլի պատմություն է մտել որպես ամենաարդյունավետ դարպասապահ՝ նա խփել է 130 գոլ… Աշխարհի չեմպիոն, ամերարդյունավետ դարպասապահ, առաջատար և պարզապես հիանալի օրինակ երիտասարդ ֆուտբոլիստների համար:

Սեբաստյան Կել
Վերջին ակումբը՝ «Բորուսսիա Դորտմունդ»

14 տարի Կելը հավատարմությամբ և նվիրումով հանդես եկավ Դորտմունդի «Բորուսսիայում», դարձավ ավագ և առաջատար: Այո, կարիերայի վերջին տարիներին Կելը մեկնարկային կազմում տեղը զիջում էր ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին, սակայն դա չէր խամրեցնում նրա հեղինակությունը: Նուրի Շահինը, Իլկայ Գյունդողանը, Սվեն Բենդերը և «Բորուսսիայի» շատ այլ ֆուտբոլիստներ բազմիցս նշել են, որ Կելն իրենց համար օրինակ է ծառայել:

Պաբլո Այմար
Վերջին ակումբը՝ «Ռիվեր Փլեյթ»

Մոտ 20 տարի առաջ Այմարը սկսեց կարիերան «Ռիվեր Փլեյթում» և խաղակոշիկները մեխից կախեց այս ակումբում: Նախքան Լիոնել Մեսսիի՝ ֆուտբոլային ասպարեզում հայտնվելը բոլոր խոսում էին հենց Այմարի տաղանդի մասին, իսկ Լիոնելը բազմիցս նշել է, որ հենց Պաբլո Այմարն է իր կուռքը: «Ռիվեր Փլեյթի», «Վալենսիայի» և «Բենֆիկայի» երկար տարիներ սիրով հետևել են Այմարի կարիերային, իսկ այս տարի նա որոշեց վերջակետ դնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում