«Անակնկալ չէր, ոչ էլ նորություն». Ինչպե՞ս արձագանքեցին Մեսսիի հաղթանակին

«Անակնկալ չէր, ոչ էլ նորություն». Ինչպե՞ս արձագանքեցին Մեսսիի հաղթանակին

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ժամանակ կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ներկայացնում ենք, թե ինչպես են Մեսսիի հաղթանակին արձագանքել արտասահմանյան առաջատար պարբերականները:

«Լեո V»

Սա մադրիդյան «Marca» օրաթերթի այսօրվա գլխագիրն է: Պարբերականը գրում է. «Մեսսին վերադարձավ այն բեմ, որը շատ լավ գիտի, որը գրավել էր 2009-2012 թվականների ընթացքում: Այժմ բոլորը փորձում են գուշակել, թե նախքան հրաշալի կարիերան ավարտելը քանի անգամ նա կբարձրանա այս բեմ: Մոտ մեկ տարի առաջ Ռոնալդուն ասում էր. «Ես հույս ունեմ, որ «Ոսկե գնդակների» քանակով կշրջանցեմ Մեսսիին»: Այն ժամանակ թվում էր՝ Կրիշտիանուն կարող է դա անել, քանի որ «Ռեալը» նոր էր հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում, «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր էր, բայց 12 ամիս անց ամեն ինչ փոխված է: Մեսսին հինգերորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը», իսկ Ռոնալդուն մնաց իր երեք մրցանակով: Ամեն դեպքում, Ռոնալդուն հիանալի ցանկում է. երեք անգամ այս մրցանակը ստացել են նաև Կրույֆը, Պլատինին և վան Բաստենը»:

«Հինգերորդ «Ոսկե գնդակը» հավերժ ֆուտբոլիստի համար»

Մադրիդյան մյուս՝ «AS» պարբերականը ևս հիացմունքի խոսքերի հարցում ժլատություն չի արել: «Մեսսիի դարաշրջանը շարունակվում է: ՖԻՖԱ-ի հետ կապված սկանդալային պատմություններից հետո Մեսսիին հինգերորդ «Ոսկե գնդակը» հանձնելը յուրահատուկ հաշտություն է, հանգստության նշան: Մեսսիի հրաշագործության և մյուս մասնակիցների մրցանակների շնորհիվ ՖԻՖԱ-ն կարողացավ ֆուտբոլի միլիոնավոր սիրահարների տոն պարգևել: Երեք հավակնորդների՝ Մեսսիի, Նեյմարի և Ռոնալդուի ջենթլմենական պահվածքը, կարծես, խորհրդանշեր արդար խաղը որի համար այդքան պայքարում է ՖԻՖԱ-ն: 2008 թվականից սկսած՝ Մեսսին (ինչպես նաև Ռոնալդուն) լավագույն եռյակում տեղ է ունենում: Այս անգամ նրա հաղթանակը չի կարող կասկածների առիթ դառնալ»,-գրում է պարբերականը:

«Մեսսիի թագադրումը, ֆուտբոլային հանճարի տոնը»

«The Guardian»-ը ևս գրում է, որ ՖԻՖԱ-ի համար կարևոր էր Մեսսիի հաղթանակը: «Երբեմն ՖԻՖԱ-ն կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել: Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Մեսսին ստացավ հինգերորդ «Ոսկե գնդակը»: Եկեք անկեղծ լինենք՝ սա անակնկալ չէր և ոչ էլ նորություն: Եթե որևէ մեկը գոնե մի փոքր հասկանում է ֆուտբոլից, կասկածներ չպետք է ունենա, որ Մեսսին այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,-գրում է պարբերականը:

«Մեսսի – Ռոնալդու՝ 5:3»

Երեկվա մրցանակաբաշխությունը հակիրճ այսպես է բնուքագրել «Daily Mail»-ը: Թերթը գրում է. «Մեսսին ֆուտբոլը նոր մակարդակի է հասցրել: Հնարավոր չէ չհիանալ Մեսսիով: Թվերն ասում են, որ Ռոնալդուն Մեսսիից շատ գոլ է խփել, բայց Մեսսիի մարզավիճակը պարզապես այլ մակարդակի վրա էր: Արգենտինացին ավելիին կհասներ, եթե չլինեին վնասվածքները: Դուք պարզապես պատկերացրեք՝ 5 «Ոսկե գնդակ»… Զիդանի, Ռոնալդինյոյի, Ֆիգուի նման ֆուտբոլիստները միայն մեկ անգամ են ստացել այդ մրցանակը: Բարդ է պատկերացնել, որ ապագայում ինչ-որ մեկը կարող է գերազանցել Մեսսիին»:

 

«ME5SI» 

Ֆրանսիական «L’Equipe»-ն Մեսսիի անվան մեկ S-ը փոխարինել է խորհրդանշական 5-ով: Լրատվամիջոցը գրում է. «Մեսսին շարունակում է գրել իր լեգենդար պատմությունը: Կրիշտիանու Ռոնալդուի ստվերում երկու տարի մնալուց հետո Մեսսին կրկին իր լավագույն խաղն է ցուցադրում: Չնայած վնասվածքին, որի պատճառով նա երկու ամիս չխաղաց, Մեսսին իր կարիերայի լավագույն տարիներից մեկն անցկացրեց: Երբ Մեսսին իր մարզավիճակում է, նա նման է ոչ թե մարդու, այլ այլմոլորակայինի»:

«Մնում է հուսալ՝ Ռոնալդուն կվերադառնա» 

Պորտուգալական «O Jogo»-ն այն քիչ սպորտային թերթերից է, որի այսօրվա շապիկին Մեսսիի լուսանկարը չկա: Թերթը երեկվա մրցանակաբաշխության մասին գրել է հետևյալը. «Ռոնալդուի երկու տարվա գերիշխանությունից հետո Մեսսին իսկապես արժանի հաղթանակ տոնեց: Այժմ արգենտինացին երկու «Ոսկե գնդակով» գերազանցում է Կրիշտիանուին: Մեր ֆուտբոլիստը մնացել է լավագույնների կողքին՝ Կրույֆ, Պլատինի, վան Բաստեն, ովքեր ևս 3 «Ոսկե գնդակ» ունեն: Մնում է հուսալ, որ Ռոնալդուն դեռ կվերադառնա»:

«Ոսկե ձեռք»

Կատալոնական առաջատար «Mundo Deportivo» և «Sport» պարբերականների առաջին էջում Մեսսիին տեսնելը նորություն չէ. այս թերթերը տարի 12 ամիս են գովաբանում արգենտիանցուն: Այսօր երկու պարբերականների շապիկին էլ գրված է «Ոսկե ձեռք» («Sport»-ի դեպքում ձեռքը փաղաքշական երանգով):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում