Ի՞նչ ընդհանրություններ ունեն օրվա հոբելյարները

Ի՞նչ ընդհանրություններ ունեն օրվա հոբելյարները

Այսօր՝ փետրվարի 5-ին, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է ծննդյան 31-ամյակը, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը՝ 24-ամյակը: Տարբեր ակումբներ, տարբեր խաղաոճեր, տարբեր նախասիրություններ… Առաջին հայացքից կարող է թվալ, որ օրվա հերոսներն ընդհանրություններ չունեն, բայց մի քանի ընդհանրություն, այնուամենայնիվ, կա:

Ծանր մանկություն

Կրիշտիանու Ռոնալդուն աղքատ ընտանիքում է ծնվել, մանկուց երազել է ֆուտբոլի միջոցով բարելավել կյանքն ու օգնել հարազատներին: Հարբեցող հոր և ֆինանսական խնդիրների պատճառով Ռոնալդուին հաճախ են ծաղրել: Սկզբում «Սպորտինգում» ակադեմիայում նա հեղինակություն չի եղել, իսկ մայրը միայն ժամանակ առ ժամանակ է կարողացել այցելել որդուն: Իր հարցազրույցներում պորտուգալացին չի խուսափում ծանր մանկության մասին պատմություններից, ընդգծում է, թե որտեղից ուր է հասել և դրանով փորձում է օրինակ ծառայել:

Նեյմարի մանկությունը ևս ծանր է անցել: Բրազիլացին առաջին անգամ Եվրոպա է եկել 14 տարեկանում, սակայն «Ռեալի» ակադեմիայում շատ քիչ է մնացել. պատանին չի կարողացել ապրել ընտանիքից հեռու, և նրա հայրը «Սանթոսի» ղեկավարությանը խնդրել է հետ վերադարձնել որդուն:

Գործակալների ազդեցությունը

Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը նրա հայրենակից Ժորժե Մենդեշն է՝ ժամանակակից ֆուտբոլի ամենազդեցիկ դեմքերից մեկը: Մենդեշը համագործակցում է Ռոնալդուի, Դավիդ դե Խեայի, Օտամենդիի, Տյագո Սիլվայի, Խամես Ռոդրիգեսի, Անխել դի Մարիայի, Ժոզե Մոուրինյուի և այլ հեղինակությունների հետ: Ռոնալդուի մասին ֆիլմում ներկայացված են ֆուտբոլիստի ու գործակալի ջերմ հարաբերությունները: Ռոնալդուն նշում է, որ իր ներկայիս կարգավիճակի համար շնորհակալ է Մենդեշին, իսկ վերջինս շեշտում է՝ Կրիշտիանուն իր համար որդու պես է: Պատահական չէ, որ Մենդեշի հարսանյաց արարողությանը Ռոնալդուն փեսային ուղեկցողի կարգավիճակում էր և նորապսակներին Հունաստանում կղզի նվիրեց:

Նեյմարի գործակալը նրա հայրն է: Ավագ Նեյմարը զբաղվում է որդու գործերով այն օրվանից, երբ նա հայտնվել է «Սանթոսի» ակադեմիայում: Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխության արդյունքում նրա հայրը՝ որպես գործակալ վաստակել է 40 մլն եվրո… Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ամռանը Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Համենայն դեպս, Նեյմարին Մադրիդում տեսնելու մեծ ցանկություն ունի «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, անձամբ Նեյմարն այդ լուրերը չի հերքում, իսկ ահա նրա հայրը դեմ է որդու տեղափոխությանը: Մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը:

Սիմուլյացիաներ

Որքան էլ տաղանդավոր ու աստղային են այս ֆուտբոլիստները, ոչ ոք չի կարող ժխտել, որ ժամանակ առ ժամանակ նրանք աչքի են ընկնում ոչ այնքան գեղեցիկ պահվածքով: Այս առումով վերջին շրջանում Նեյմարն առաջընթաց է գրանցել և արդեն մրցակիցների ամեն թեթև հարվածից չի հայտնվում խոտածածկին, իսկ Ռոնալդուն սիմուլյացիների փոխարեն սկսել է կոպիտ խաղալ: Սիմուլյացիներ չանելու հարցում Ռոնալդուի վրա մեծ ազդեցություն է ունեցել սըր Ալեքս Ֆերգյուսոնը: «Երբ Ռոնալդուն նոր էր «Սպորտինգից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաճախ էր սիմուլյացիաներ անում: Նրան բնորոշ էր այդ լատինական ոճը, բայց կես տարվա ընթացքում Կրիշտիանուն փոխվեց»,-հիշում է Ֆերգյուսոնը:

Արձաններ

2014 թվականին Ռոնալդուի հարազատ քաղաքում՝ Ֆունշալում նրա պատվին արձան կանգենցրին: Այս առիթով հակասական արձագանքներ եղան. ոման կարծում էին, որ պորտուգալացին նման պատվի արժանի չէ:

2012 թվականին, երբ արդեն հայտնի էր, որ Նեյմարը «Սանթոսում» չի մնալու, բրազիլական ակումբի ղեկավարությունը նրա պատվին արձան կանգեցրեց, որին նայելիս անմիջապես Նեյմարին հիշելը մի փոքր բարդ է… Շուտով Նեյմարի մոմե արձանը կհայտնվի Մադամ Տյուսոյի թանգարանում, որտեղ Ռոնալդուի արձանն արդեն ներկայացված է:

Միայնակ հայրեր

Ո՞վ է կրտսեր Կրիշտիանու Ռոնալդուի մայրը… Պորտուգալացի ֆուտբոլիստն այս հարցին չի պատասխանում, միայն նշում է, որ այդ խորհրդավոր կնոջ հետ համաձայնություն է ձեռք բերել և որդու դաստիարակությամբ զբաղվելու է միայն ինքը: Դատելով մամուլի հրապարակումներից և սոցիալական ցանցերում Ռոնալդուի գրառումներից՝ նա կարողանում է որդուն լավ դաստիարակել:

«Միշտ երազել եմ երիտասարդ տարիքում` 25 տարեկանում հայր դառնալ: Այդպես էլ եղավ: Ինչ վերաբերվում է նրան, որ ես միայնակ հայր եմ` շատ մարդիկ ո’չ հայր ունեն, ո’չ մայր: Այնպես որ` միայնակ հայր լինելը նորմալ է: Ես երբեք ոչինչ չեմ պատմել որդուս ծնունդի, նրա մոր մասին և չեմ էլ պատրաստվում պատմել: Երբ որդիս մեծանա, ինքս նրան ամեն ինչ կբացատրեմ, կպատմեմ, թե ինչ եմ զգացել: Որդուս ծնունդը շատ է փոխել ինձ: Երեխան միշտ օգնում է, միշտ ժպտում է»,-ասում է Ռոնալդուն:

Նեյմարը ևս միայնակ հայր է, բայց չի կարողացել թաքցնել մոր անունը: Նեյմարն ու Կարոլինան կարճ սիրավեպ են ունեցել և բաժանվել են Դավի Լուկայի ծնունդից շատ չանցած: 

Հնարավոր ընդահանրություն

Եթե հավատանք իսպանական պարբերականների հրապարակումներին, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ամեն ինչ անում է, որ այս ֆուտբոլիստներն ունեն ևս մեկ ընդհանրություն՝ ներկայացնեն Մադրիդի «Ռեալը»…

Հետևեք մեզ նաև Telegram-ում