Մխիթարյանը, Օզիլը և գոլային փոխանցումների մյուս վարպետները

Մխիթարյանը, Օզիլը և գոլային փոխանցումների մյուս վարպետները

Գոլերի հեղինակները միշտ ուշադրության կենտրոնում են, նրանցից լավագույնը հաճախ արժանանում է «Ոսկե գնդակի»: Չնայած բավականին բարդ է գոլ խփել առանց լավ, տեղին փոխանցման, գոլային փոխանցում կատարողներն ինչ-որ տեղ ստվերում են մնում: Իսկ ովքե՞ր են 2015 թվականի Եվրոպայի ամենառատաձեռն ֆուտբոլիստները: Պատասխանը հետևյալ տասնյակում է:

10. Հակիմ Զիեշ, 16 գոլային փոխանցում

Ծնվելով Հոլանդիայում՝ Զիեշը դարձել է Էրեդիվիզիայի աստղերից մեկը: 2015-ին նա առաջնության 33 խաղում 17 գնդակ է խփել ու 16 գոլային փոխանցում կատարել: Եվրոպական առաջնություններից շատերում «աշուն-գարուն» մեխանիզմով են աշխատում, և Էրեդիվիզիան բացառություն չէ: Այնպես որ, վիճակագրությունը երկու տարբեր մրցաշրջանով է կառուցվում. 2014-15թթ. մրցաշրջանի երկրորդ մասում Հակիմի ակտիվում 11 փոխանցում կար, իսկ 2015-16-ին դրան 5-ը ավելացավ: Այս թեթև, արագ ու տեխնիկապես լավ պատրաստված հարձակողական ոճի կիսապաշտպանը հիանալի է խաղում ձախ ոտքով, հրաշալի տեսնում է դաշտն ու լավ է իրացնում տուգանայինները: Զիեշը ելույթ է ունեցել Հոլանդիայի երիտասարդական հավաքականում, բայց ամիսներ առաջ նախապատվությունը Մարոկոյի ազգային ընտրանուն:

9. Լուիս Սուարես, 16 գոլային փոխանցում

«Բարսելոնայի» հարձակման գծի Մեսսի-Նեյմար-Սուարես եռյակում յուրաքանչյուրը թե՛ գոլային փոխանցումներ կատարող է, թե՛ դրանք եզրափակող: Թեև ուրուգվայցին կենտրոնական հարձակվողի է, քիչ չեն նաև անցյալ տարվա նրա կատարած գոլային փոխանցումները: 2015-ի ընթացքում Սուարեսն Իսպանիայի առաջնության 33 խաղի է մասնակցել ու աչքի է ընկել գոլային 16 փոխանցմամբ. 12-ը՝ անցյալ մրցաշրջանի կեսին, 4-ը՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: 

8. Լիոնել Մեսսի, 16 գոլային փոխանցում

Հիասքանչ Մեսսին ոչ միայն մեծաթիվ գոլեր է խփում, այլև հաճույքով գոլային փոխանցումներ է կատարում: 2015 թվականին արգենտինացին 33 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում ու դարձել է գոլային 16 փոխանցման հեղինակ: Գարնանը նրա անվան դիմաց 12 փոխանցում կար, իսկ արդեն նոր մրցաշրջանում Մեսսին ևս 4 փոխանցում կատարեց «Լևանտեի», «Սելտայի», «Վալենսիայի» և «Դեպորտիվոյի» դեմ խաղերում: «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր ավելի բարձր հորիզոնականում կլիներ, եթե վնասվածքի պատճառով որոշ խաղեր բաց թողած չլիներ:

7. Հենրիխ Մխիթարյան, 16 գոլային փոխանցում

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպանը 2015 թվականին Բունդեսլիգայում այնքան գոլային փոխանցում է կատարել, որքան Մեսսին Իսպանիայի առաջնությունում: Մխիթարյանին դրա համար 32 խաղ է անհրաժեշտ եղել: Այդ փոխանցումներից հատկապես տուժել է «Վոլֆսբուրգը», որին «Բորուսսիան» հաղթեց հենց Մխիթարյանի փոխանցումների շնորհիվ: Հենրիխն այս ցուցանիշով Գերմանիայում միանձնյա առաջատար է, ինչն էլ հերթական անգամ ապացուցում է, որ նա իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստ է:

6. Դիմիտրի Պայետ, 17 գոլային փոխանցում

Ռեյունյոն կղզում ծնված Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանն անցյալ տարվա ընթացքում մի քանի ակումբի կազմում է խաղացել: Մրցաշրջանն ավարտել է «Մարսելում», իսկ ամռանը Լիգա 1-ի գոլային փոխանցումները լավագույնս կատարող ֆուտբոլիստի կարգավիճակում տեղափոխվել է «Վեսթ Հեմ»: Ֆրանսիայի առաջնության գարնանային շրջանում Պայետը 14 գոլային փոխանցում է կատարել «Մարսելի» կազմում, իսկ տարվա ավարտին ևս 3-ն ավելացրել է ԱՊԼ-ում: 28-ամյա ֆուտբոլիստը խաղընկերներին հատկապես «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում է օգնել աչքի ընկնել: Նման տպավորիչ վիճակագրություն ունենալու համար ֆրանսիացուց 30 խաղ է պահանջվել:

5. Հալկ, 17 գոլային փոխանցում

«Զենիթի» բրազիլացի ֆուտբոլիստը 2015 թվականի գոլային փոխանցումներ կատարած լավագույն ֆուտբոլիստների հնգյակն է գլխավորում: Ով կարող էր պատկերացնել, որ Հալկը կկարողանար թիմային ֆուտբոլիստ դառնալ… Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա գլխավորում է գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների աղյուսակը: 16 փոխանցման համար նրան 28 խաղ է անհրաժեշտ եղել:

4. Նիել Մակգին, 18 գոլային փոխանցում

Հյուսիային Իռլանդիայի և «Աբերդինի» ֆուտբոլիստն այնքան էլ ծանոթ չէ ֆուտբոլասեր հասարակության լայն շերտերին, սակայն Մակգինը ցույց է տալիս, որ Շոտլանդիայի առաջնությունում նախկինի պես կարելի է հիանալի վարպետների գտնել: Վճռական, ոչ ստանդարտ, անկանխատեսելի փոխանցումներ հեղինակելու վարպետ ֆուտբոլիստը 18 գոլային փոխանցում է կատարել առաջնության 39 խաղում: 

3. Քևին դե Բրույնե, 19 գոլային փոխանցում

Բելգիայի հավաքականի կիսապաշտպանն անցյալ մրցաշրջանն ավարտեց Բունդեսլիգայում, սակայն ամռանը «Վոլֆսբուրգը» նրան 74 մլն եվրոյի դիմաց վաճառեց «Մանչեսթեր Սիթիին»: 2015-ի առաջին կեսում Քևինը Գերմանիայի առաջնությունում 11 գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ Անգլիայի առաջնությունում մինչև տարեվերջ ևս 8 փոխանցում կատարեց: Տարվա ընթացքում Քևինը 34 խաղի է մասնակցել: Այժմ ԱՊԼ-ում այս ցուցանիշով Քևինին միայն Օզիլն է շրջանցում:

2. Մեսութ Օզիլ, 21 գոլային փոխանցում

Գերմանիայի հավաքականի և «Արսենալի» խաղացողն այս մրցաշրջանում արդեն 16 գոլային փոխանցում է կատարել ԱՊԼ-ում: Օզիլը երկուական փոխանցումներ է կատարել «Ուոտֆորդի», «Սուոնսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում: 2015-ին ԱՊԼ-ի 34 խաղում Օզիլը 21 արդյունավետ փոխանցում է կատարել: 27-ամյա ֆուտբոլիստը շարունակում է հիանալի մրցաշրջան անցկացնել և կանգ առնելու մտադրություն, կարծես, չունի:

1. Յուրի Մամաև, 27 գոլային փոխանցում

31-ամյա կիսապաշտպան Յուրիին անգամ հայրենիքում բոլորը չէ, որ ճանաչում են: Գերմանական «Շտուտգարդի» սանը 2015-ին սկսեց հանդես գալ Լիտվայում: Մամաևը խաղացել է նաև «Շիննիկում», «Տերեկում», «Լուչ-Էներգիայում», «Բալտիկայում», «Պետրոտրեստում», բայց իրեն գտավ «Տրակայի» կազմում: Մամաևը 33 խաղում 27 փոխանցում է կատարել և թիմին օգնել է Լիտվայի առաջնության փոխչեմպիոն դառնալ: Մամաևի փոխանցումները հաճախ գոլերի է վերածել 21-ամյա Դավիթ Արշակյանը, ով 25 գնդակի շնորհիվ երկրորդն է Լիտվայի լավագույն ռմբարկուների շարքում:

 

* Ներկայացված են ոչ թե 2015-16թթ. մրցաշրջանի, այլ 2015 թվականի տվյալները, ներառված են ազգային առաջնություններում կատարած գոլային փոխանցումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում