Ի՞նչ պատահեց խաղացող-մարզիչների հետ

Ի՞նչ պատահեց խաղացող-մարզիչների հետ

Կար ժամանակ, երբ ֆուտբոլում երկու աշխատանք համատեղելը սովորական էր, իսկ մեր օրերում նմանատիպ երևույթները հազվադեպ են:

«Օլդեմ Ատլետիկի» համար 2010-11թթ. մրցաշրջանը որևէ բանով յուրահատուկ չէր, սակայն երբ «Բրիստոլ Ռովերսի» դեմ խաղի ավարտին 4 րոպե էր մնացել, թիմի գլխավոր մարզիչ Պոլ Դիկովը փոխարինեց հարձակվող Դին Կելլին:

«Ես դաշտ դուրս եկա ու միանգամից քարտ ստացա: Խաղից առաջ ֆուտբոլիստներին ասում էի, թե որքան կարևոր է ինքնատիրապետումը, բայց ինքս միանգամից սխալվեցի»,-հիշում է մարզիչը:

Դիկովը կարծում է, որ մեր օրերում մարզիչների աշխատանքային ծարնաբեռնվածությունը թույլ չի տալիս նաև խաղադաշտ դուրս գալ.

«Մի քանի անգամ ես փոխանցումների ժամանակ սխալվեցի: Տղաները պատրաստ էին հարձակվել ինձ վրա, բայց վերջին պահին հիշում էին, որ մարզիչ եմ: Այդ պահին հասկացա, որ խաղակոշիկներս դարակում դնելու ժամանակն է: Մեր օրերում մարզիչների համար այնքան բարդ է, որ երկու աշխատանք համատեղելն անհնար է:

Ժամանակակից մարզիչը միլիոնավոր խնդիրներ է լուծում: Պետք է ֆինանսական խորհրդատու լինել, դպրոցական ուսուցիչ, հոգեբան և վիճակագիր, ծրագրել մարզումները, զբաղվել վնասվածքներով, վերլուծել խաղերը, ուսումնասիրել մրցակիցներին, մտածել տրանսֆերների մասին, շփվել գործակալների ու ֆուտբոլիստների հետ… Եվ սա ամեն օր: Հասկանալի է, թե ինչու խաղացող մարզիչներ այլևս չկան»:

Բարդ անցում

Միշտ այսպես չի եղել: Խաղացող-մարզիչները սովորական երևույթ են եղել անգլիական ֆուտբոլում: Հիշենք «Հադերսֆիլդի» և «Արսենալի» լեգենդ Հերբերտ Չապմանին կամ «Բարնսլիից» Նորման Հանտերին: Խաղացող ֆուտբոլիստները շատ են եղել, բայց ոչ բոլորն էին հաջողակ: Շատ ֆուտբոլիստներ կարիերայի ավարտին միայն ուրախ էին իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնելու համար: 1973-ին Ջոնի Ջայլզը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, երբ «Վեսթ Բրոմի» կազմում էր խաղում, մարզում էր թիմն ու Իռլանդիայի հավաքականը:

«Անցյալում ակումբներն այդպես երկու աշխատողի մեկի գնով էին ստանում: Շատերն ուրախ էին փորձառու մեկին վստահել մարզչի դերը: Այդ ժամանակ մարզիչների որակավորումը դեր չուներ, կարգավիճակի բարձրացումը հեշտ էր ու անցավ»,-ասում էր Գորդոն Թեյլորը՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիայի տնօրենը:

Անգլիայում մեծ ակումբները չէին շտապում վստահել իրենց ֆուտբոլիստներին: Ամեն ինչ փոխվեց 1985-ին, երբ «Լիվերպուլի» ղեկավարությունը մարզչի պաշտոնում նշանակեց Կենի Դալգլիշին: Առաջին տարում նա հաղթեց լիգայում և գավաթի խաղարկությունում դրա հետ մեկտեղ «Սթեմֆորդ Բրիջում» դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Կենիի համար հեշտ չէր, և նա մեծապես հենվում էր մարզչական անձնակազմի փորձի վրա: Բոբ Փեյսլիին նշանակել էին Դալգլիշի օգնական, իսկ հավատարիմ Ռոննի Մորանը, Ռոյ Էվանսը և Թոմ Սոնդերսը կիսվում էին իրենց փորձով: Շոտլանդացին, իհարկե, չէր վախենում պատասխանատվությունն իր վրա վերցնել:

«Ստիպված էի անսպասելիորեն հեռանալ հանդերձարանից, որտեղ այդքան շատ էի սիրում կատակել տղաների հետ: Անհրաժեշտ էր որոշել, թե ինչպես պետք է ինձ կոչեին: Ընտրությունը «բոսս»-ի կանգնեց»,-հիշում է Դալգլիշը:

Բոլորը չէ, որ ուրախ էին նոր մարզիչ ունենալու առիթով: Օրինակ՝ պաշտպան Ֆիլ Նիլը նոր մարզչին պարզապես «Կենի» էր կոչում:

«Ստիպված զրուցեցի նրա հետ: Ֆիլին ասացի. «Ինձ բոսս անվանիր»: Այդքանով ամեն ինչ ավարտվեց, Ֆիլը կարգի բերեց իրեն և ենթարկվեց: Նա ընտրության հնարավորություն չուներ, քանի որ ես էի ղեկավարը»:

Ուշագրավ է, որ հետո Նիլը լքեց «Էնֆիլդը» և խաղացող մարզչի կարգավիճակում տեղափոխվեց «Բոլթոն»:

Երբ Դալգլիշը սկսեց մարզել «Լիվերպուլը», գիտակցում էր, որ շուտով ստիպված է լինելու մոռանալ ֆուտբոլիստի կարիերայի մասին, բայց ամբողջ մրցաշրջանի ընթացքում կարողացավ կատարել երկու աշխատանքն ու 18 խաղում 6 գնդակ խփեց: 

«Կենին կարողացավ համատեղել պարտականությունները, քանի որ հանճարեղ ֆուտբոլիստ էր, ում բոլորն առանց բացառության հարգում էին: Նա այնպիսի էներգիա ուներ, որ զգում էին թե՛ դաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Կարծում եմ, որ խաղացող-մարզիչ միայն իսկապես հանճարեղ ֆուտբոլիստը կարող է լինել, և Կենին այդ իմաստով ավելի քան համապատասխանում էր: Մյուսները նայում էին նրան ու մտածում, թե իրենց մոտ ինչպես կստացվի»,-կարծում է «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջիմ Բեգլին:

Հետաքրքրությունների բախում

Ճիշտ է՝ Դալգլիշից հետո խաղացող մարզիչները շատացան: Թրեվոր Ֆրենսիսը 1991-ին խաղալու հետ մեկտեղ սկսեց ղեկավարել «Շեֆիլդ Ուենդսին», իսկ Պիտեր Ռիդը երեք տարի շարունակ ղեկավարեց ու խաղաց «Մանչեսթեր Սիթիի» կազմում, որը երկու տարի անընդմեջ հինգերրորդ հորիզոնականում հայտնվեց: Այս ակումբներին միացավ «Չելսին», որը երեք ֆուտբոլիստի հնարավորություն տվեց. Գլեն Հոդլը, Ռուդ Գուլիտը և Ջանլուկա Վիալին իրենց ուժերը փորձեցին նոր ասպարեզում: Երկակի մասնագիտությունը արդիական դարձավ, բայց այն ոչ բոլորի սրտով էր:

«Հիանալի էր, բայց բարդ երկու դերերի համատեղումը: Չեմ կարծում, որ մեր օրերում նման բան առհասարակ կարող է տեղի ունենալ, որովհետև դեռ այն ժամանակվա «Մանչեսթեր Սիթիում» շատ դժվար էր: Ամենադժվարը հանգստանալն էր, այն, ինչը կենսական կարևորություն ունի ցանկացած ֆուտբոլիստի համար: Մարզիչը երբեք չի հանգստանում. Միշտ նոր խնդիրներ են առաջանում: Սարսափելի ծանր է»,-կարծում է Պիտեր Ռիդը:

Բարդ էր նաև կազմի ընտրությունը, հատկապես՝ ինքն իրեն թիմում ընդգրկելը, «Ես այն մարդը չեմ եղել, ով ամեն անգամ իրեն կազմում է ընդգրկել»,-ասում է Ռիդը:

Սակայն, ոչ բոլոր մարզիչներն էին այդքան բարեհամբյուր. 1997-ին Մարկ Հեյտիլը «Հալի» ղեկին աբսուրդային պայմանագիր կնքեց՝ ամեն անգամ դաշտ դուրս գալով՝ նա 1000 ֆունտ էր ստանում:

Ճնշման ներքո

90-ականների վերջին ֆուտբոլը սկսեց փոխվել: Պրեմիեր լիգայի հայտնվելուց հետո մարզչի մասնագիտությունը ևս փոփոխություններ կրեց:
«Հիմա ամեն ինչ արդյունքն էր որոշում,-ասում է Ռիչարդ Բեվանը՝ Մարզիչների ասոցիացիայի տնօրենը:-Մարզիչներն արդյունքի հասնելու համար քիչ ժամանակ ունեն, իսկ երկրպագուների սպասելիքները միայն աճում են: Ակումբները համաշխարհային բրենդ են դարձել, լրատվամիջոցներն անընդհատ ճնշում են գործադրում: Դեռ չասենք այն մասին, որ ակումբները ցածրակարգ առաջնություն տեղափոխվելուց ավելի շատ են կորցնում: Երկու աշխատանքները համատեղելն արդեն ֆիզիկապես անհնար է դարձել»:

Մարզչի աշխատանքի միջին տևողությունը հիմա 1.3 տարի է, իսկ ցածրակարգ դիվիզիոներում մարզիչներն ավելի քիչ են գոյատևում: Ֆուտբոլը երբեք այսչափ դաժան ու պահանջկոտ չի եղել, իսկ ֆուտբոլիստները երբեք այսքան ջանասիրաբար չեն աշխատել, ուստի զարմանալի չէ, որ ֆուտբոլիստները չեն ձգտում մարզել:

«Ես ֆուտբոլիստներին խնդրեցի մարզվել, ասես խաղում են ու խաղալ, ասես մարզվում են: Եթե ես հանդիպման համար մարզումը բաց եմ թողել, ինձ մեղավոր եմ զգացել: Սա բարդ աշխատանք է: Ասես նորից 16 տարեկան էի ու ամեն ինչ զրոյից էի սովորում: Արդյունքում, ես ամենավերջում դաշտ դուրս եկա»,-հիշում է Պոլ Դիկովը:

Եվրոպայի մյուս առաջնություններում դեպքերը քիչ էին արձանագրվում, քանի որ այդ երկրներում մարզչի մասնագիտությունը լիցենզավորման երկար ու դժվարին ընթացք էր պահանջում: Իտալիայում յուրաքանչյուր մարզիչ գրեթե մեկ տարի պարտավոր էր դասընթաց անցնել: 2013-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Իտալիայում 40.023 մարզիչ A, B և Pro լիցենզիա են ունեցել, իսկ Իսպանիայում՝ 24.814, իսկ Անգլիայում՝ ընդամենը 10.943: Սակայն, ժամանակները փոխվում են. A, B և Pro լիցենզիա ստանալու համար պետք է ծախսել ավելի քան 500 ժամ:

«Մենք Եվրոպայում ավելի շատ ենք առաջ գնում, որովհետև այնտեղ գնահատում են պրոֆեսիոնալ որակավորումը: Ֆուտբոլիստները սովորելու և խաղալու ժամանակ չունեն»,-ասում է Գորդոն Թեյլորը:

«Ֆուտբոլիստներին խորհուրդ ենք տալիս այնքան երկար խաղալ, որքան կարող են: Խաղացողի պայմանագիրն ավելի կարևոր է. ֆուտբոլիստին հեռացնելը բարդ է»,-շարունակում է Գորդոն Թեյլորը:

Ո՞վ կարողացավ գլուխ հանել

Ադոլֆո Պեդերնա, «Միլյոնարիոս» (1951-53թթ.)

Արգենտինացին Հարավային Ամերիկայի ամենահանճարեղ ֆուտբոլիստներից մեկն է համարվում: 1951-ին նա տեղափոխվել է «Միլյոնարիոս», որտեղ 3 տարի անընդմեջ չեմպիոն է դարձել:

Գրեմ Սունես, «Ռեյնջերս» (1986-91թթ.)

Ակումբի պատմության առաջին խաղացող-մարզիչ Սունեսը նրան վերադարձրեց Շոտլանդիայի ամենահաջողակի կոչումը: Անգլիայից ունեցած հաջող ձեռքբերումները՝ Քրիս Վուդսը, Թերրի Բուտչերը, Թրեվոր Սթիվենը, Գարի Սթիվենսը, Ռեյ Ուիլկինսն օգնել են նրան չեմպիոնության հասնել ու երեք գավաթ նվաճել:

Գորդոն Ստրական, «Քովենտրի» (1996-97թթ.)

Ռոն Ակտիվսոնը ֆուտբոլային տնօրեն դարձավ, իսկ փորձառու Ստրականը՝ խաղացող մարզիչ: Նա ամենաավագ ֆուտբոլիտը դարձավ ու հենց նրա շնորհիվ վերջին մրցաշրջանում ակումբը կարողացավ խուսափել դուրս մնալու վտանգից:

Գլեն Հոդլ, «Սուիդոն» և «Չելսի» (1991-95թթ.)

Հոդլն ակումբի ղեկը ֆինանսական դժվարին իրավիճակում ստացավ, բայց դա  նրան չխանգարեց թիմին ԱՊԼ առաջնորդելու համար: Շուտով նա «Չելսիում» հայտնվեց, որտեղ ևս հաջողության հասավ:

Դենիս Ուայս, «Միլլուոլ» (2003-05թթ.)

Ուայսը «Միլլուոլին» օգնեց ԱՊԼ-ի ձևավորումից հետո առաջին անգամ հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ: Ակումբը հայտավորվեց նաև Եվրոպայում, բայց դրանից հետո մարզիչը տարաձայնություններ ունեցավ նախագահի հետ:

Ո՞վ չկարողացավ գլուխ հանել

Բոբի Չարլթոն. «Պրեստոն Նորտ Էնդ» (1973-75թթ.)

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Բոբի Չարլթոնը «Պրեստոնին» չփրկեց երրորդ դիվիզիոնից դուրս մնալուց, իսկ 2 տարի անց ղեկավարության հետ տարակարծության պատճառով ստիպված էր լքել ակումբը:

Ռոմարիո, «Վասկո դա Գամա» (2007-08թթ.)

Բրազիլացին 41 տարեկանում ղեկավարում էր ակումբը: Նրա կարճաժամկետ իշխանությունը վառ ստացվեց՝ 6 խաղում 3 գնդակ խփեց, իսկ հետո վիճեց նախագահի հետ ու դոպինգ-թեստ հանձնեց:

Մարիո Կեմպես, «Պելիտա Ջայա» և «Լյուշա» (1966թ.)

Ալբանական «Լյուշայի» հետ Կեմպեսը գործը գլուխ բերել չկարողացավ, բայց դա արգենտինացուն չխանգարեց նույն հաջողությամբ ինքնադրսևորման փորձ անել «Պելիտա Ջայայում»:

Սթիվ Քլերիջ, «Պորտսմուտ» (2000-01թթ.)

Սթիվն ընդամենը 25 խաղ կարողացավ դիմանալ, իսկ հետո տեղափոխվեց մալազիական «Վեյմուտ», որտեղ նրան երկրորդ անհաջողությունն էր սպասում: 

Թերրի Բուտչեր, «Կովենտրի» (1990-92թթ.)

Առաջնության ամենաերիտասարդ մարզիչը՝ 32-ամյա Բուտչերը չկարողացավ երկու աշխատանքի հետ համակերպվել, իսկ երկու տարի անց նրան հեռացրին ակումբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում