Մեսսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Մեսսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ և պայքարը շարունակելու լուրջ հայտ ներկայացրեց:

Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին դաշտի տերերը: «Զինագործներն» աչքի էին ընկնում գրագետ գործողություններով, ինչի արդյունքում հյուրերը միայն խաղակեսի վերջնամասում ակտիվացավ: Այդուհանդերձ առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ խաղակեսում պայքարն ավելի ակտիվ էր, ինչից շահեցին կատալոնացիները: 71-րդ րոպեին Լուիս Էնրիկեի սաներն օգտվեցին «Արսենալի» դիրքային գրոհի ձախողումից, և Լիոնել Մեսսին բացեց հանդիպման հաշիվը: Նշենք, որ կարիերայի ընթացքում Մեսսին առաջին անգամ կարողացավ գրավել Պետր Չեխի պաշտպանած դարպասը («Չելսիի» կազմում Չեխը 6 անգամ խաղացել է Մեսսիի դեմ և նրանից գոլ բաց չի թողել):

Նախքան հանդիպման ավարտը «Բարսելոնան» ևս մեկ գոլ խփեց. 83-րդ րոպեին Մեսսին դիպուկ իրացրեց «զինագործների» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 16-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Արսենալ» – «Բարսելոնա»՝ 0:2
Գոլերը՝ Մեսսի 71′, 83′ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում