Ռոբերտ Արզումանյանը որոշել է հեռանալ հավաքականից

Ռոբերտ Արզումանյանը որոշել է հեռանալ հավաքականից

Հայաստանի հավաքականի և Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը որոշել է ավարտել ելույթներն ազգային հավաքականում։ 30-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին հայտնել է News.am-ին տված հարցազրույցում։

-Ռոբերտ, անցել է մի քանի ամիս, ինչ Հայաստանի ազգային հավաքականի ինը ֆուտբոլիստներ նամակով հանդես եկան, որտեղ հայտնեցին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հնչեցված բոլոր մեղադրանքները իրենց հասցեին չեն համապատասխանում իրականությանը: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Միանալո՞ւ ես հավաքականի առաջիկա խաղին:

-Ես շատ եմ մտածել և որոշել եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում: Ես չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ խոսել, բայց նշեմ, որ հաշվի առնելով իմ և խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում և Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը: Շնորհակալություն եմ հայտնում անխտիր բոլոր երկրպագուներին: Իմ անցկացրած 11 տարիների, 74 խաղերի ընթացքում միշտ զգացել եմ ձեր անմնացորդ աջակցությունը մեզ,-ասել է Արզումանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում