150 տարի «խաղից դուրս» | ինչպե՞ս է ծնվել ֆուտբոլային ամենավիճարկելի կանոնը

150 տարի «խաղից դուրս» | ինչպե՞ս է ծնվել ֆուտբոլային ամենավիճարկելի կանոնը

1866 թվականի մարտի 31-ին Չարլզ Էլկոկը, իր իսկ սահմանած կանոնների համաձայն, «խաղից դուրս» իրավիճակում հայտնվեց: Այդ օրվանից մինչ օրս «խաղից դուրս»-ի շուրջ վեճերը չեն դադարում:

19-րդ դարի երկրորդ կեսին Անգլիայում բացի «Շեֆիլդից», «Ուոնդերերսից» և մի քանի այլ պաշտոնական ակումբներից, տասնյակ ոչ պաշտոնական ակումբներ կային: Դրանք սովորաբար խմբեր էին, որ երկու գյուղի, երկու թաղամասի բնակիչներից էին կազմված: Հանգստյան օրերին նրանք հավաքվում էին կրիկետի դաշտում, համաձայնության գալիս սպասվելիք խաղի կանոնների շուրջ և խաղում էին, քանի դեռ հանդիսատեսը խաղադրույքներ էր կատարում: Երբեմն էլ ֆուտբոլի փոխարեն հենց կրիկետ էին խաղում: Այդ ժամանակ թիմերում որպես այդպիսին դարպասապահներ չկային, իսկ դարպասի բարձրությունը սահմանափակ չէր: «Խաղից դուրս» վիճակ գրանցվում էր, երբ խաղացողը հայտնվում էր գնդակի առաջ: Եթե հաշվի առնենք նաև այն, որ փոխանցումներով խաղալն ընդունված չէր, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես էին ընթանում հանդիպումները…

«Ուոնդերերսի» ավագ Չարլզ Էլկոկն առաջիններից էր, ով հայտարարեց, որ ապագան «համակարգված խաղինն է»: Էլկոկը «խաղից դուրս»-ի կատարելագործված կանոնի հեղինակներից է: Ջոն Թրինգի Քեմբրիջյան օրենքի ընդունումից 3 տարի անց Էկլոկի մասնակցությամբ փոխվեցին «խաղից դուրս»-ի կանոնները. ֆուտբոլիստն արդեն կարող էր թիկունքից փոխանցում ստանալ, եթե նրա առաջ 3 միցակից կա: Բուռն քննարկումներից հետո շատ թիմեր հավանություն տվեցին կանոններին: Ուշագրավ է, որ Էկլոկը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով նոր կանոնի համաձայն «խաղից դուրս» իրավիճակում հայտնվեց:


Չարլզ Էլկոկ, 1895 թվական

«Խաղից դուրս». ծուղակն ու փոփոխված կանոնը

Հաջորդ փոփոխությանը հարկ եղավ սպասել մինչև 1925 թվականը: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որոշ ակումբներ սկսեցին օգտագործել «խաղից դուրս»-ի ծուղակը: Պաշտպաններն առաջ էին գնում այն ժամանակ, երբ մրցակցի ֆուտբոլիստները պատրաստվում էին փոխացում կատարել իրենց հարձակվողի ուղղությամբ: Հատկապես աչքի ընկան «Նյուքասլի» պաշտպաններ Բիլլ Մակրեկենն ու Ֆրենկ Հադսպետը: Նրանք հիանալի հասկանում էին իրար և խաղի ընթացքում տասնյակ անգամներ նմանատիպ իրավիճակ էին ստեղծում: Երբ «Նյուքասլը» 6-րդ անընդմեջ խաղը 0:0 հաշվով ավարտեց, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան միջնորդեց ու «խաղից դուրս»-ի արձանագրման համար ֆուտբոլիստների թիվը երեքից հասցրեց երկուսի, ընդ որում՝ այդ երկուսի մեջ նկատի ունենալով նաև դարպասապահին:

1990-ին ևս կանոնը փոխվեց՝ այս անգամ դիտարժան խաղ ապահովելու միտումով: Մինչև հիմա «խաղից դուրս» է աձանագրվում այն ժամանակ, երբ հարձակվող թիմի ֆուտբոլիստը փոխանցման ժամանակ ավելի մոտ էր հակառակորդի դարպասին, քան գնդակն ու պաշտպանվող թիմի նախավերջին ֆուտբոլիստը (ներառյալ դարպասապահը): 2009-ին ևս մեկ հստակեցում կատարվեց. ֆուտբոլիստը, ով առանց մրցավարի թույլատվության լքում է դաշտը, պաշտոնապես խաղի մեջ է համարվում, և «խաղից դուրս»-ը արձանագրելիս նրա դիրքը ևս հաշվի է առնվում:

Սկանդալներ

Տուգանայինները, սիմուլյացիաներն ու «խաղից դուրս»-ը հիմնական պատճառներն են, որոնց համար երկրպագուները տեսագրություններ են պահանջում, որոնք իրենց հերթին օգնում են մրցավարներին որոշումներ կայացնելիս: Հավանաբար, մինչև այսօր էլ շատերի աչքի առաջ է աշխարհի 1986 թվականի առաջնության 1/8 եզրափակչի Բելգիա-ԽՍՀՄ խաղը: Բելգիացիները 4:3 հաշվով հաղթեցին լրացուցիչ ժամանակում, բայց երկու գոլերը «խաղից դուրս» դիրքից խփեցին. մեկը՝ վիճելի, մյուսը՝ ակնհայտ:

Նմանատիպ սխալներից կարելի է թվել նաև 2012-13թթ. Չեմպիոների լիգայի 1/4 եզրափակչի խաղը: Յուրգեն Կլոպի «Բորուսսիան» լրացուցիչ ժամանակում հաղթանակ տոնեց «Մալագայի» նկատմամբ, բայց հարվածի ժամանակ, որով խփվեց որոշիչ գնդակը, դորտմունդյան թիմի 4 (!) ֆուտբոլիստ «խաղից դուրս» վիճակում էին:

Նմանատիպ պատմությունները շատ են: Բոլորը թվելու համար տասնյակ հրապարակումները ո՛չ կբավարարեն, ո՛չ էլ կսփոփեն տուժածներին և նրանց երկրպագուներին:

Ֆիլիպո Ինձագի

Եթե ինչ-որ մեկն արժանի է «խաղից դուրս» իրավիճակում որպես օրինակ ներկայացվելու, ապա դա Ինձագին է: Իտալացին, ասես, ապրում էր «խաղից դուրս» վիճակում, իսկ Ալեքս Ֆերգյուսոնը մի առիթով ասել է. «Ինձագին, հնարավոր է, «խաղից դուրս» դիրքում է ծնվել»«Նա պարզապես միշտ անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում է հայտնվում»,-Ինձագիի մասին կատակով ասել է Կրույֆը:

Ամեն դեպքում, գրանցած արդյունքերն ամեն ինչ հարթել են. Ինձագին գրեթե ամեն երկրորդ խաղում գնդակ էր խփում, իսկ ամբողջ կարիերայի ընթացքում դրանց թիվն անցել է 300-ի սահմանը:

Այլընտրանքային ապագա

Վերջերս թվում էր, որ «խաղից դուրս»-ի ապագան ուրախալի չի լինելու, քանի որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը քննարկում էր այս կանոնն առհասարակ չեղարկելու մասին: Բլատերը մի շարք քննարկումներ կազմակերպեց, հանդիպեց նաև Խոտի հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, քանի որ այդ մարզաձևում արդեն արմատական փոփոխություններ իրականացվել են: Բլատերին արդեն ազատել են աշխատանքից և գործող կանոններին դեռևս վտանգ չի սպառնում:

Կարդացեք նաև՝ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում