Ֆուտբոլային ամենաերկարաժամկետ որակազրկումները

Ֆուտբոլային ամենաերկարաժամկետ որակազրկումները

Հիշենք ֆուտբոլի պատմության երկարաժամկետ որակազրկման դեպքերը: Դոպինգի համար սահմանված պատիժները մի կողմ թողնենք, քանի որ արգելված նյութերի օգտագործման պատճառով Մարադոնան, Մուտուն, Տիտովը և տասնյակ այլ ֆուտբոլիստներ երկար ժամանակով են հեռացել դաշտից: 

Խրիստո Ստոիչկով – 3 ամիս

Բուլղարացու կարիերան «Բարսելոնայում» կարող էր հենց սկզբում հեշտությամբ կոտրվել: «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կարևորագույն խաղում Ստոիչկովը դուրս եկավ ափերից. սկզբում գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆին մրցավարական գուտուց հեռացնելու համար «ջերմ» խոսքեր հասցեագրեց մրցավարին, իսկ կարմիր քարտը տեսնելուց հետո ազատություն տվեց նաև ձեռքերին: Ավելի ճիշտ՝ մրցավար Իլդեֆոնսո Ասպիտարտեին բաժին հասավ նրա ոտքի հարվածը:

Իսպանիայի ֆուտբոլի կարգապահական կոմիտեն սկզբում ցանկանում էր Խրիստոյին հեռացնել Իսպանիայից ու արգելել երկրում հանդես գալ, սակայն արդյունքում հանրահայտ Ստոիչկովին ավելի մեղմ պատիժ բաժին հասավ՝ 3 ամսվա որակազրկում, և 10 խաղ հետո ֆուտբոլիստը նորից դաշտ դուրս եկավ կապտանռնագույն մարզահագուստով:

Լուիս Սուարես – 4 ամիս

Որակազրկումը շատ առումներով Սուարեսին խոչընդոտեց դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, առաջադրվել «Ոսկե գնդակը» ստանալու համար: Ֆուտբոլային օրենքների հետ Սուարեսի խնդիրները դեռևս Հոլանդիայից սկսվեցին. «Այաքս»-«ՊՍՎ» խաղի ժամանակ Լուիսը կծեց մրցակցի կիսապաշտպան Օտման Բակկալին, ինչի համար 7 խաղով որակազրկվեց: Դրանից հետո Սուարեսը տեղափոխվեց «Լիվերպուլ», որտեղ ռասիստական սկանդալի մեջ հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրայի հետ, ինչից հետո մրցաշրջանի մյուս կեսը բաց թողեց ու վաստակեց ԱՊԼ-ի ամենատհաճ ֆուտբոլիստներից մեկի համբավը: Լուիսը հաջորդ մրցաշրջանում ապացուցեց վերոնշյալը՝ այս անգամ կծելով Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը: Թեև խաղի մրցավարը շրջանցեց կատարվածը, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Լուիսին որակազրկեց 10 խաղով:

Սուարեսի վարքագծի գագաթնակետը Մունդիալ 2014-ի Իտալիայի դեմ խաղում կատարվածն էր. նա կծեց Ջորջիո Կյելինիի ուսը: Իվանովիչի հետ դրվագի պես մրցավարն ուշադրություն չդարձրեց, սակայն հանդիպումից հետո Սուարեսը քննադատությունների անսպառ ալիքի տակ հայտնվեց, արժանացավ 4-ամսյա որակազրկման, 100.000 եվրո տուգանք վճարեց ու բաց թողեց Ուրուգվայի հավաքականի հետագա 9 խաղերը:

Պեպե – 4 ամիս

Ինչպե՞ս կարող է այս ցանկում Պեպեի անունը չլինել: Այո, այսօր «Ռեալի» պաշտպանին այլևս նման իրավիճակներում չենք տեսնում, բայց նախկինում նրան իսկապես բնութագրում էր «մարդասպան ֆուտբոլիստ» ձևակերպումը: Ֆուտբոլիստն ամենակոպիտը, թերևս, «Խետաֆեի» կիսապաշտպան Խավյեր Կասկերոյի հանդեպ իրեն պահեց: Պեպեն շատ կոպիտ էր նաև խաղընկերոջն օգնության հասած Խավիեր Խուան Ալբինի հետ. ում էլ ապտակ հասավ: Նման պահվածքի համար Պեպեն իսպանական ֆուտբոլի ռեկորդային որակազրկումներից մեկին արժանացավ՝ 10 խաղ:

Բրանդաո – 6 ամիս

«Մարսելի» հարձակվող Բրանդաոն այնքան էլ լավ չսկսեց 2014-15թթ. մրցաշրջանը: Լիգա 1-ի մեկնարկային տուրերից մեկի ժամանակ նրա գլխում ինչ-որ բան կատարվեց: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել բրազիլացու պահվածքը: Նա նախ ընդհարման մեջ մտավ «ՊՍԺ»-ի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլի հետ, ով դաշտից կոտրվածքներով հեռացավ, ապա տրիբունաներից այն կողմ ընդհարվեց Տյագո Մոտտայի հետ: Կատարվածից հետո հարձակվողը փախուստի դիմեց, իսկ կարգապահական կոմիտեի նիստին մոր հետ ներկայացավ, սակայն դա չփրկեց նրան կես տարով ֆուտբոլից հեռու մնալուց:

Վիննի Ջոնս – 6 ամիս

Վիննին դեռևս կարիերայի կսզբում ոսկոր ջարդողի համբավ ուներ, սակայն իր որակազրկմանը կոպիտ խաղի համար չէ, որ արժանացել է: 1992-ին Ջոնսը կարճամետրաժ «Ֆուտբոլային կոպիտ տղաներ» ֆիլմի նկարհանումների էր մասնակցում, որտեղ նկարագրում էր, թե իրեն որքան է դուր գալիս կոտրել մրցակցների ոտքերը: Որպես արդյունք՝ Վիննին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայից 6 ամսվա որակազրկման և 20.000 ֆունտ տուգանքի արժանացավ:

Լևան Կոբիաշվիլի – 7 ամիս

Անցումային խաղերը միշտ էլ նյարդային են լինում, հաճախ ընդհարումների առիթ դառնում: Այդպիսին էր նաև «Հերտայի» ու «Ֆորտունայի» միջև հանդիպումը: 2013-14թթ. Բունդեսլիգայում հանդես գալու իրավունքի համար անցկացվող խաղը բորբոքեց վրացի Կոբիաշվիլիի արյունը: Փորձառու խաղացողը չկարողացավ զսպել իրեն ու հարվածեց մրցավար Վոլֆգանգ Շտարկի դեմքին, ինչի համար մեկ տարով որակազրկվեց: Հետագայում պատիժը մեղմեցին, բայց նա ստիպված եղավ 19 խաղ բաց թողնել:

Իսմայիլ Գյունդուզ – 70 խաղ

Զինեդին Զիդանի դափնին, հավանաբար, երկար ժամանակ հանգիստ չի տվել ավստրիական 5-րդ դիվիզիոնի «ՍԿ Ռումի» կիսապաշտպան Իսմաիլ Գյունդուզին: «Ինսբրուկի» դեմ խաղի 87-րդ րոպեին նա գլխով հարվածել է գլխավոր մրցավարի կրծքին, ինչի համար 70 խաղով որակազրկվել է: Պատիժը մինչև այսօր ուժի մեջ է: Իրավիճակին ծնունդ է տվել 26-ամյա ֆուտբոլիստին ցուցադրած երկրորդ դեղին քարտը: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ մրցավարն անհապաղ հիվանդանոց է տեղափոխվել, իսկ խաղն ընդհատվել է:

Ռիկարդու Ֆերերյրա – 50 տարի

Շվեյցարիայում ևս նմանատիպ դեպք է տեղի ունեցել: Չորրորդ՝ «Պորտուգալիայի» դիվիզիոնի գավաթի խաղարկության ժամանակ, որտեղ, ինչպես դժվար չէ կռահել, խաղում են բացառապես այդ երկրի ներկայացուցիչները, կար նաև Ռիկարդու Ֆերեյրա անունով մի ֆուտբոլիստ, ով այնքան էլ համերաշխ չէր սեփական նյարդերի հետ: Նա որակազրկվել է պաշտոնական դեմքերին վիրավորելու, մրցակցի վրա հարձակման և մրցավարի բերանից սուլիչը հանելու համար, սակայն անցյալ տարի նա գերազանցել է ինքն իրեն: Պարտված խաղի վերջում պահեստայինների նստարանին նստած Ֆերեյրան մի քանի անգամ գնդակով հարվածել է մրցավարի դեմքին, ապա մրցավարի օգնականի վրա դատարկել է ջրի շիշը: Կարգապահական կոմիտեն նրան անժամկետ որակազրկման արժանացրեց, սակայն հետագայում կանգնեց 50 տարվա վրա, ինչն էլ ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ:

Էրիկ Կանտոնա – 9 ամիս

Կանտոնայի որակազրկման դրվագը կհիշեն թերևս ԱՊԼ-ի երկրպագուները: Արքա Էրիկը երբեք զսպվածությամբ չի առանձնացել, դրա համար էլ առանց մտածելու վազել ու հարվածել է իրեն վիրավորող երկրպագուին: Ֆրանսիացու անվան շուրջ քննարկումների մեծ ալիք բարձրացրեց: Արդյունքում նա 120 ժամ ուղղիչ աշխատանք կատարեց, մինչև հոկտեմբեր որակազրկվեց և 10.000 ֆունտ տուգանք վճարեց: «Կարծում եմ, որ շատերն են ցանկանում ապտակել նման մարդկանց, այնպես որ՝ կարելի ես ասել՝ դա արեցի նրանց փոխարեն»,-ավելի ուշ հայտարարեց Կանտոնան:

 

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում