ՉԼ. «Ատլետիկոն» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. «Ատլետիկոն» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Հայտնի է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման առաջին մասնակիցը. կիսաեզրափակչի «Բավարիա»-«Ատլետիկո» դիմակայությունում հաղթեցին մադրիդյան թիմի ֆուտբոլիստները:

«Ալյանց Արենայում» կայացած պատասխան հանդիպման մեկնարկային րոպեներից դաշտի տերերն ունեին շոշափելի առավելություն, սակայն հաշվի մեջ առաջ անցան ստանդարտ դրությունից. 31-րդ րոպեին տուգանային հարվածից աչքի ընկավ Խաբի Ալոնսոն:

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները չէին հասցրել ուշքի գալ, երբ Խիմենեսը սեփական տուգանային հրապարակում խախտեց Խավի Մարտինեսի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Ջունեյթ Չակիրը մադրիդցիների դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված: Նշանակետին մոտեցավ Թոմաս Մյուլլերը, սակայն չկարողացավ դիպուկ իրացնել հարվածը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, Ֆերնանդո Տորրեսի հիանալի փոխանցումից հետո Անտուան Գրիզմանը գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը: Եզրափակիչ դուրս գալու համար Խոսեպ Գվարդիոլայի սաները պետք է 2 գոլ խփեին, բայց խփեցին միայն մեկը. 74-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին: Այսպիսով, երկու խաղերի արդյունքում արձանագրվեց 2:2 հաշիվը, սակայն արտագնա խաղում խփած գոլի կանոնով տիտղոսի համար պայքարը կշարունակեն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարում են «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին». այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ պատասխան խաղը կայանալու է մայիսի 4-ին:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բավարիա» – «Ատլետիկո»՝ 2:1 / 2:2
Գոլերը՝ Ալոնսո 31′, Լևանդովսկի 74′ – Գրիզման 54′
Չիրացրած 11-մետրանոցներ՝ Մյուլլեր 34′ – Տորրես 84′

Հետևեք մեզ նաև Telegram-ում