Գեորգի Կետոև. Ռիո եմ գնում միայն մեդալի հետևից

Գեորգի Կետոև. Ռիո եմ գնում միայն մեդալի հետևից

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Գեորգի Կետոևը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքական տեղափոխվելու, Օլիմպիական խաղերի սպասելիքների և առաջիկա պլանների մասին:

-Գեորգի, բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Կցանկանայի, որ պատմես այս 2-3 տարիների մասին, քանի որ քեզ ասպարեզում չէինք տեսնում: Ինչո՞վ էիր զբաղված:

-Ես շուրջ երեք տարի չեմ մասնակցել մրցաշարերի, սակայն ամեն օր մարզվել եմ: Չեմ պատկերացնում կյանքս առանց ըմբշամարտի: Ինձ համար սա միայն սպորտ չէ: Ես հաճույք եմ ստանում մարզվելուց, գոտեմարտելուց և, իհարկե, հաղթելուց: Դա ինձ համար իսկապես գերագույն հաճույք է:

-Պեկինի Օլիպիական խաղերի ժամանակ գրեթե բոլորը հավատում էին քո հաղթանակին: Մասնագետների կարծիքով՝ խնդիրը քո քաշն էր: Ըստ քեզ, դա՞ էր պատճառը:

-Ոչ, քաշ գցելը չէր կարող պարտության պատճառ դառնալ: Պարզապես այդ հաղթանակը ինձ չտրվեց Աստծո կողմից: Հիմա, երբ հետ եմ նայում՝ հնարավոր էր հաղթել այդ գոտեմարտը, սակայն կրկին հանգում եմ նույն եզրակացությանը՝ Աստված չտվեց ինձ դա: Սա սպորտ է և պարտությունների հետ ժամանակի ընթացքում համակերպվում ես:

-Հիմնականում ներկայացել ես 84 կգ քաշային կարգում, ինչպե՞ս ես քեզ զգում 97 կգ-ում:

-Լավ եմ զգում: Կարծում եմ, որ քրտնաջան մարզումները ինձ կօգնեն հնարավորինս լավ մարզավիճակ ձեռք բերել:

-Երկար դադարից հետո մասնակցեցիր մրցաշարի, ձեռք բերեցիր ուղեգիր և ոսկե մեդալակիր դարձար: Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց:

-Չգիտեմ, անկեղծ եմ ասում: Այնտեղ, որտեղ ես եմ մարզվում, ըմբշամարտի լավ դպրոց կա և լավ մարզավիճակ ձեռք բերելու հրաշալի պայմաններ (խմբ. Վլադիկովկաս): Բացի այդ, երևի այն փորձն էր, որ ունեի: Մրցաշարի մեկնելուց վստահ էի, որ ուղեգիր ձեռք կբերեմ, սակայն չէի կարծում, որ կհաղթեմ:

-Հայաստանի հավաքականի տղաների հետ արդեն ծանոթացե՞լ ես: Հասցրե՞լ ես այստեղ մարզվել:

-Իհարկե: Ես օտարություն չեմ զգում այստեղ: Բոլորին էլ ճանաչում էի մինչև Հայաստանի հավաքականին միանալը: Մենք ըմբշամարտի ընտանիքի անդամներ ենք, և բոլորիս մեջ այդ հարազատության զգացումը կա: 3 տարի չեմ եղել ասպարեզում, սակայն այնպես ընդունեցին ինձ, կարծես թե իմ տանն էի: Դեռ չեմ մարզվել: Հավաքներից կսկսենք:

-Բացի Հայաստանից, ուրիշ պետություններ հետաքրքրվե՞լ են քեզանով:

-Այո, եղել են առաջարկներ, սակայն ես ցանկանում էի հենց Հայաստանի հավաքականին միանալ, քանի որ մենք քրիստոնյա եղբայր ազգեր ենք, և ինձ այստեղ տանն եմ զգում:

-Մինչև Օլիմպիական խաղերը ի՞նչ մրցաշարերի ես մասնակցելու:

-Կարծում եմ՝ մինչ այդ ևս երկու մեկնարկ կունենամ: Մեկը Իտալիայում, մյուսը՝ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում:

-Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին, ովքեր արդեն Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն:

-Բոլորի հետ գոտեմարտել եմ և ճանաչում եմ նրանց:

-Իսկ, Ռիոյի Օլիմպիական խաղերից ի՞նչ ակնկալիքներ ունես:

-Աստծո կամոք՝ Ռիոյում կբարձրացնենք մեր եռագույնը (ժպտում է): Ռիո եմ գնում միայն մեդալի հետևից: Ցանկացած մարզիկ, ով մասնակցում է Օլիմպիական խաղերին, երազում է հաղթանակի մասին: Ավել ոչինչ չեմ կարող ասել: Երբեք չեմ էլ ասել: Անգամ 2007-2008 թվականներին, երբ բոլորն ինձ ասում էին. «դու ես չեմպիոնը, վստահ ենք», ես լռում էի: Այստեղ մի ճշտմարտություն կա՝ գորգը ցույց կտա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում