Հակաֆուտբո՞լ, թե՞ ճշգրտություն | Ինչո՞ւ պետք չէ ատել Սիմեոնեի փիլիսոփայությունը

Հակաֆուտբո՞լ, թե՞ ճշգրտություն | Ինչո՞ւ պետք չէ ատել Սիմեոնեի փիլիսոփայությունը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բավարիա»-«Ատլետիկո» խաղից հետո շատ են խոսակցություններն այն մասին, որ մադրիդյան թիմն արժանի չէր եզրափակիչ դուրս գալուն: Նման կարծիք արտահայտողները հիմնականում մեկ «փաստարկ» են առաջ բերում. ««Ատլետիկոն» ֆուտբոլ չի խաղում: Այն, ինչ անում է Սիմեոնեի թիմը, հակաֆուտբոլ է»:

Իրո՞ք…

Դիեգո Սիմեոնեի խաղային փիլիսոփայությունը շատերն են ձանձրալի համար: Նման բնորոշում տալիս են մրցակիցները, ֆուտբոլասերները, փորձագետները, իսկ արգենտինացի մասնագետը նման բնորոշումներից չի տխրում. «Իմ թիմը մրցակիցների համար ձանձրացնող ճանճ է»: Արի ու տես, որ «ձանձրացնող ճանճը» մեծ ուժ է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում, «ձանձրացնող ճանճը» երեք տարվա ընթացքում երկու անգամ դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Ժամանակակից ֆուտբոլը բևառացված է: Շատերին թվում է, որ դիտարժանությունն ու արդյունավետությունը չպետք է առանձնանան միմյանցից, բայց հիմա դրանք իրարից առանձին են քայլում: Մարզիչների մեծամասնության համար արդյունավետությունը գլխավորն է, իսկ խաղի էսթետիկ կողմը հաճախ այնքան էլ առաջնային չէ: Նման մոտեցումը, իհարկե, կարող է ձանձրույթ առաջացնել, սակայն, երբ այն արդյունք է, մի բան է մնում անել՝ լռել ու համակերպվել: 

Պաշտպանողական ֆուտբոլը, 1:0 հաշվով տոնած հաղթանակները ոչ մի կապ չունեն հակաֆուտբոլ կոչվածի հետ, որն ամեն ձևով կապում են «Ատլետիկոյի» հետ: Այդ տերմինն այլ մեկնաբանություն: Ֆուտբոլային բառարանով այսպես է. «հակաֆուտբոլ` մտածված կոպիտ, կտրուկ խաղ, որի հիմքում խախտումներն են, ժամանակի ձգձգումը դարպասապահի և ֆուտբոլիստների կողմից»: Գուցե, հիմա ասեք. «Սա է, որ կա: «Ատլետիկոյի» խաղը հենց այսպիսին է», սակայն վիճակագրությունն այլ բան է ասում:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հրապարակած վիճակագրության համաձայն, կիսաեզրափակիչ փուլի «Բավարիայի» հետ երկու խաղերում «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները 15 անգամ են խախտել կանոնները, «Բավարիայի» ֆուտբոլիստները՝ 25: Մադրիդցիները 2 դեղին քարտ են ստացել, մյունխենցիները՝ 5: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 12 խաղում Սիմեոնեի սաները մեկ խաղում միջինը 1.75 դեղին քարտ են ստացել, ավելի լավ ցուցանիշ ունեն «Բավարիան» (1,67), ԲԿՄԱ-ն (1,67), «Ռոման» (1,25) և «Սևիլյան» (1,17), իսկ ամենաշատը զգուշացվել են «Զենիթի» ֆուտբոլիստները (մեկ խաղում միջինը 3,27 դեղին քարտ):

Անշուշտ, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն անմեղ հրեշտակներ չեն, սակայն այս վիճակագրությունը փաստում է այն, որ Սիմեոնեի տղաներին վերագրվող կոպտությունը չափազանցված է, լրատվամիջոցների կողմից ձևավորած կարծրատիպ:

Սիմեոնեն ու իր սաներն էմոցիոնալ են, իսկ նրանց խաղը՝ ոչ: Նրանք չեն տրվում ավելորդ զգացմունքներին, շատ պրագմատիկ հայացքով են նայում ֆուտբոլին, որի նպատակը հաղթանակն է: Իսկ ո՞վ է ասել, որ հարձակողական ոճը պետք է համարել իդեալական ֆուտբոլի տեսակ: Այո՛, երկրպագուների սպասելիքները հենց այդպիսի պատկեր են ստեղծում, բայց պետք չէ մոռանալ, որ իրականությունը միշտ չէ, որ նախատեսվածի պես է լինում: Ֆուտբոլը յուրահատուկ է նաև նրանով, որ յուրաքանչյուր թիմ, ֆուտբոլիստ ու մարզիչ նրանով յուրովի է հետաքրքրված` կախված իր հնարավորություններից ու խաղը հասկանալու կարողությունից: Ինչ-որ մեկի համար վիճակագրական տվյալներն են կարևոր, մյուսի համար՝ դրանք նպատակին հասնելու միջոց են: Այս առիթով Ժոզե Մոուրինյուն, ում խաղային փիլիսոփայությունը ևս անհետաքրքիր ու ձանձրալի են համարում, լավ խոսք ունի. «Դուք ցանկանում եք հաճույք ստանալ խաղի՞ց, թե՞ հաղթանակ տոնելուց»:  

Այս «Ատլետիկոյի» համար իսկապես նշանակություն չունի, թե ով է մրցակիցը, քանի որ նրանք շարունակելու են պրագմատիկ ֆուտբոլ ցուցադրել: Խաղի՝ պատերազմի համար մարտավարությունը չի փոխվում, սուր պրեսսինգ, փոքրիկ ծուղակներ մրցակիցների համար, հակագրոհներ, և դա արդյունք է տալիս: «Ատլետիկոյին» քննադատողները և այս թիմի խաղը հակաֆուտբոլ անվանողները մտածո՞ւմ են՝ «Իսկ ինչպե՞ս է պետք խաղալ «Բարսելոնայի», «Բավարիայի» նման թիմերի հետ հաղթանակ տոնելու համար»: Հարցն այստեղ ոչ այնքան պաշտպանողական մարտավարությունն է, որքան ֆուտբոլիստների կարգապահությունը և իրենց անելիքների հստակ իմացությունը: Լավ պաշտպանություն ունենալը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է հստակություն, ինչը պակասեց օրինակ՝ «Յուվենտուսին» «Բավարիայի» հետ պատասխան խաղում, բայց «Յուվենտուսի» խաղին «հակաֆուտբոլ» բնորոշում չեն տալիս, կամ շատ քիչ դեպքերում: «Բավարիա»-«Յուվենտուս» խաղում հիշենք Պատրիս Էվրայի սխալը և բաց թողած գոլը: Երեկվա խաղում նմանատիպ սխալ թույլ տվեց Ֆերեյրա-Կարասկոն, սակայն համակարգված աշխատանքի շնորհիվ մադրիդցիներն ուղղեցին թիմակցի սխալը:

Գրեթե միշտ սև հագուստով, ոչ ամենաբարի հայացքով, բարկացկոտ, էմոցիոնալ, ինչ-որ տեղ անսիրտ և պրագմատիկ: Ահա այսպիսին է Դիեգո Սիմեոնեն, ով վստահ է, որ հաջողության հասնում են համակարգվածության և բնավորության, ոչ թե աստղային անունների շնորհիվ: Մյունխենցիների հետ առաջին խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Սիմեոնեն ասաց. «Պատերազմը հաղթում է ոչ թե նա, ով ավելի շատ զինվոր ունի, այլ նա, ով արդյունավետ է օգտագործում իր զինվորներին»: Սիմեոնեն կիսաեզրափակչում արդյունավետ օգտագործեց իր զինվորներին, առջևում եզրափակիչն է:

 ***

Որքան ցանկանում եք, կարող եք «կեղտոտ» համարել Դիեգո Սիմեոնեի սիրելի խաղաոճը, բայց դուք չեք կարող չխոստովանել, որ այդ մարտավարության ճշգրտությունը հիացնում է: Դադարենք ասել` «ձանձրալի՜, շա՜տ ձանձրալի «Ատլետիկո», հակաֆուտբոլ»: Չի կարելի իդեալականացնել խաղը, որում ցանկացած մարզիչ հաջողության հասնելու համար իրավունք ունի ընտրելու իր մեթոդները: Մի սպասեք, որ Սիմեոնեն կհրաժարվի իր փիլիսոփայությունից, քանի որ հաղթում է այն թիմը, որի ֆուտբոլիստները մարզչի սահմանած կանոնները հստակ են կատարում:

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում