Ռիո-2016 | Հայ ազատոճային ըմբիշները Ստամբուլում ուղեգրեր չնվաճեցին

Ռիո-2016 | Հայ ազատոճային ըմբիշները Ստամբուլում ուղեգրեր չնվաճեցին

Ստամբուլում ավարտվեց Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային ըմբշամարտի վերջին մրցաշարը։

Մայիսի 8-ին գորգ դուրս եկան ազատոճային ըմբիշները։ Հայաստանը ներկայացնում էին 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը։

65 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 2։3 հաշվով զիջեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենկ Մոլինարոյին։ 74 կգ քաշային կարգում 1/16 եզրափակչում Գրիգոր Գրիգորյանը 11։0 հաշվով հաղթեց բելառուս Անդրեյ Կարպաչին, սակայն 1/8 եզրափակչում 8։18 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Թեյմուրազ Ֆրիևին։ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 1/8 եզրափակչում 0։4 հաշվով պարտվեց գերմանացի Վիլյամ Հարթին։ Նշենք, որ ուղեգիր տրվում է միայն եզրափակիչ հասած ըմբիշներին: 

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ի 6 հնարավոր ուղեգրից ձեռք է բերել 3-ը. ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում