Սառույցը շարժվեց | Ինչպե՞ս են կիրառելու տեսագրությունները

Սառույցը շարժվեց | Ինչպե՞ս են կիրառելու տեսագրությունները

ՖԻՖԱ-ն վերջերս հաստատեց տեսագրությունների կիրառման վերաբերյալ որոշումը: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, գործնականում ինչպե՞ս է իրականացվելու և ի՞նչ որոգայթներ են սպասվում այդ հեղափոխությունից:

Բոլորովին վերջերս ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հստակ հայտարարությամբ հանդես եկավ ու հույս հայտնեց, որ Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունն առաջինը կդառնա, որի ժամանակ մրցավարներին օգնության կգան խաղային այս կամ այն դրվագի տեսագրությունները: Հնարավոր է՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահն այն իշխանությունը չունի, ինչ ուներ Զեպ Բլատերը, բայց Ինֆանտինոն, ի տարբերություն նախկին նախագահի, առավել բաց է նորարարությունների համար: Ինչպես երևում է՝ փաստաբանի և ՈւԵՖԱ-ի գործադիր ճյուղի ղեկավարի աշխատանքային փորձն Ինֆանտինոյին թույլատրում են ավելի ճկուն լինել: Բլատերի մեջ բոլորը տեսնում էին մի մարդու, ով խաղի իր տեսլականն էր ներկայացնում և դա վերջնական ճշմարտություն համարում, իսկ Ինֆանտինոն ֆուտբոլային հանրության համար թարմ օդ դարձավ, նա սեփական կարծիքի վրա չի հենվում և փորձում է հաշվի առնել մեծամասնության ձայնը:

Բացի այդ, Ինֆանտինոն ոչ միայն խոսքի, այլև գործի մարդ է: Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աթոռը զբաղեցնելուն պես նա փորձում է լուծումներ գտնել վերջին տարիների խնդրահարույց հարցերի համար: Հիմա ավելի շատ մարդիկ են հակված մտածելու, որ այս կամ այն դրվագի կրկնությունը կօգնի մրցավարներին և դրական փոփոխություններ կբերի մեր սիրելի մարզաձև: Այս առումով կարևոր քայլ էր Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB)՝ տեխնոլոգիան փորձարկելու համար ընդունած որոշումը:

Հենց այս մարմինն է պատասխանատու ֆուտբոլային կանոնների փոփոխության համար: Այն 8 անդամից է բաղկացած. մի մասին ՖԻՖԱ-ն է նշանակում, մյուս մասը կազմում են Անգլիայի, Հս. Իռլանդիայի, Ուելսի, Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչները: Նրանք ասես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները լինեն: Հասկանալի է, որ այս դեպքում մոտեցումը բավականին հին է, բայց հիմա խոսքն այդ մասին չէ: Առավել հետաքրքրական է, թե մի քանի տարում ինչպես է փոխվել նրանց կարծիքը: 2010-ին տեսագրությունների ինստիտուտը ներդնելու քվեարկության ժամանակ գաղափարը մերժվեց՝ վեցը դեմ էին, երկուսը՝ կողմ: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները դեմ էին քվեարկել, ինչը բացարձակ զարմանալի չէ. նրանք Բլատերի կողմնակիցներն էին: Հյուսիսիռլանդացի Պատրիկ Նելսոնն այդ ժամանակ ասաց, որ շատ է գնահատում խաղի մարդկային կողմը: Այսինքն, նորմա՞լ է, երբ ֆուտբոլի օրենքների համար պատասխանատու մարդն ասում է, որ նրան դուր են գալիս վիճահարույց որոշումները և դրա հետ կապված դաշտում ծնվող ընդհարումները: Ուելսցի Ջոնաթան Ֆորդը ևս այդ ժամանակ դեմ էր քվեարկել, իսկ հիմա նա ղեկավարում է խորհուրդն ու բոլորին հորդորում ընդունել նորարարությունը: 

Առաջիկայում կսկսվի նոր տեխնոլոգիայի փորձարկումը, բայց սկզբում փակ ռեժիմով՝ Էկրանի առաջ լրացուցիչ մրցավար կնշանակվի, որը գլխավոր մրցավարին հուշելու հնարավորություն չի ունենա: Ամենաուշը 2017-18թթ. մրցաշրջանում կանցկացվի տեսագրությունների ամբողջական փորձարկումը: 

Տեսագրությունը բոլոր իրավիճակներում չի օգտագործվի: Դրա օգնությանը մրցավարները կդիմեն միայն ամենակարևոր իրավիճակներում՝ գոլերի, տուգանային հարվածների, ֆուտբոլիստին դաշտից հեռացնելու և մեղավոր ֆուտբոլիստի հաշվով սխալվելու դեպքում: Մրցավարի օգնականը կնստի փակ սենյակում, էկրանի միջոցով կդիտի վիճահարույց դրվագի կրկնությունն ու անհրաժեշտության դեպքում գլխավոր մրցավարին կզեկուցի սխալի մասին: Այդ դեպքում վերջինս կա՛մ միանգամից կուղղի սխալը, կա՛մ պլանշետային սարքով ինքն անձամբ այն կդիտի: Գլխավոր մրցավարն ինքն էլ առանց օգնականի միջամտության անհրաժեշտ դեպքում կարող է դիտել անհրաժեշտ դրվագի կրկությունը: 

Կարևոր է հիշել՝ ինչ-որ բանն ավելի լավ է, քան ոչինչը: Խաղերի ժամանակ հաճախ այնպիսի պահեր են լինում, երբ իրական ժամանակահատվածում հնարավոր չէ օպտիմալ անկյունից հետևել իրողությանը: Իսկ ի՞նչ կարելի է ասել «խաղից դուրս» դիրքի, եզրից նետման կամ տուգանային հարվածների մասին, երբ կրկնություն չկա և արդյունքում դարպասի գրավում է արձանագրվում: Ինչպե՞ս վարվել, եթե դեղին քարտը, որն անարդարացիորեն է ցույց տրվել ֆուտբոլիստին, կարող է դաշտից հեռացման պատճառ դառնալ:

Դեռևս չենք խոսել ֆինանսական հարցի մասին, չէ՞ որ ֆուտբոլը կարող է երկու մակարդակի բաժանվել. առաջինում նրանք կլինեն, ովքեր կարող են իրենց թույլ տալ կիրառել տեխնոլոգիան, մյուսում՝ մնացած բոլորը: Դասական իրավիճակ է, երբ լավագույնը լավի թիշնամին է: Հասկանալի է, որ տեսագրությունները կօգնեն խուսափել ակնհայտ սխալներից, բայց դեռևս հարցեր ու հնարավոր խնդիրներ կան, որի համար էլ հենց իրականացվելու է փորձարկումը:

Հիմնական դժվարությունը՝ արդյո՞ք հաշված վայրկյանների ընթացքում հնարավոր կլինի տարբեր կողմերից տեսնել դրվագի բոլոր մանրամասները: Հիշենք լոնդոնյան դերբիի ժամանակ Գաբրիելի և Դիեգո Կոստայի վեճը, երբ խաղային դրվագի լավագույն տեսագրությունը ոչ թե խաղի պաշտոնական հեռարձակողինն էր, այլ եզրում աշխատող լրագրողինը: Ավելի հեռու գնանք. Ֆրանչեսկո Տոտտին Եվրո-2004-ի ժամանակ 4-խաղյա որակազրկման արժանացավ Կրիստիան Պոուլսենի վրա թքելու համար, որը նկարհանել էր ամբողջ խաղի ընթացքում իտալացուն հետևած դանիացի լուսանկարիչը: Իրավիճակը դիտելու համար անհրաժեշտ է հստակ ուրվագծել դրա շրջանակը, մրցավարներին օգնող տեսախցիկների քանակն ու տեղաբաշխումը:

Պետք է հստակ հասկանալ, որ տվյալ դրվագի տեսագրությունը չդիտած մրցավարները կարող են հեշտությամբ սխալվել: Ընդլայնված թիմի օպերատիվությունն ու հետևողականությունն էլ սկզբում հարցեր կառաջացնի: Ինչ վերաբերում է լիգաներին, որոնք նորարարությունն կիրառելու հնարավորություն չեն ունենա, հարց չէ, որովհետև կարևորը մրցակիցների հավասար պայմաններում գտնվելն է: Ֆուտբոլում հարուստների ու աղքատների բևեռացումը եղել է, կա ու կլինի:

Մրցավարի հիմնական դերը, այն, որ վերջնական որոշում ընդունողը գլխավոր մրցավարն է, անփոփոխ է: Անգամ տեսագրությունը դիտելուց հետո նրա վճիռը կարող է տարբերվել մյուսների կարծիքից: «Մրցավարի հայեցողությամբ» արտահայտությունը չի վերանա, բայց ավելի քիչ կօգտագործվի: Նպատակը բոլոր սխալները վերացնելը չէ, դա անհնար է: Խնդիրը կարևորագույն իրավիճակները ճիշտ մեկնաբանելն է:

Վերադառնանք Մունդիալ-2006-ի բեռլինյան եզրափակիչ: Գլխավոր մրցավար Օրասիո Էլիսոնդոն կամ նրա օգնականները չէին նկատել Զինեդին Զիդանի և Մարկո Մատերացիի ընդհարումը: Նրանց հուշել էր պահեստային մրցավար Լուիս Մեդինա Կանտալեխոն, ով վստահեցրել էր, որ հարվածը ոչ թե դաշտի էկրանով, այլ իր աչքերով է տեսել, չէ՞ որ խաղը դաշտի մյուս հատվածում էր ընթանում: Զարմանալի չէ, որ նա պնդում էր իրենը, որովհետև, եթե մրցավարներից որևէ մեկը կատարվածը սեփական աչքերով չէր տեսել, ֆրանսիացուն հեռացնելու իրավունք չունեին: 

Ընդհանուր առմամբ, սխալները շարունակելու են խաղի մաս կազմել, շարունակելու են բավականին մեծ ազդեցություն թողնել խաղի վերջնական արդյունքի վրա, բայց առանցքային պահերի սխալները կքչանան, ինչը շատ մեծ առաջընթաց կլինի համաշխարհային ֆուտբոլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում