Դավիթ Սաֆարյանն օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունի

Դավիթ Սաֆարյանն օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունի

2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատոճային Դավիթ Սաֆարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի:

«Wrestag.ru»-ից տեղեկանում ենք, որ Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել. մարզիկն արգելված «Միլդրոնատ» դեղամիջոց է օգտագործել, ինչի հետևանքով որակազրկվել է:

Սերբիայում կայացած վարկանիշային մրցաշարում Սաֆարյանը կիսաեզրափակիչ փուլում պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևին և զրկվեց ուղեգրից: Մրցաշարի մյուս կիսաեզրափակչում հանդիպել էին վրացի Զուրաբի Յակուբուշվիլին և ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկին, վերջինս հաղթել էր վրացի ըմբիշին և մտել եզրափակիչ` ապահովելով Ռիո-2016-ի ուղեգիր: Քանի որ հաջորդ վարկանիշային մրցաշարում վրացի ըմբիշին հաջողվել էր ուղեգիր ձեռք բերել, Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում կքննարկի որակազրկված մարզիկի ուղեգիրը Դավիթ Սաֆարյանին տրամադրելու հարցը. այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերն ավարտվել են, իսկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում