Նյարդերի խաղ | Ամեն ինչ 11-մետրանոց հարվածների մասին

Նյարդերի խաղ | Ամեն ինչ 11-մետրանոց հարվածների մասին

Պատմություն 11-մետրանոց տուգանային հարվածի, ժամանակի ընթացքում դրա կրած փոփոխությունների ու այն մասին, թե ի՞նչ կապ ունի այն իտալական ազգային ուտեստի հետ:

Դեռևս 1866 թվականին, երբ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հրապարակեց իր միասնական օրենքների առաջին շտկումները, ֆուտբոլի օրենսդիրները հիանալի հասկանում էին՝ յուրաքանչյուր «հանցանք» պետք է համապատասխան պատժի արժանանա: Ֆուտբոլի զարգացման առաջին տասնամյակում բոլորը խախտման ու խաղի շարունակության ճիշտ հավասարակշռության փնտրտուքի մեջ էին: 1877 թվականին կանոնների մեջ ազատ հարվածը հայտնվեց (անուղղակի տուգանային), որը նշանակվում էր ֆուտբոլի դաշտում փոքրիկ խախտումների, խաղից դուրս դիրքի համար: 13 տարի անց ավելի արմատական փոփոխություններ անելու գաղափար ծագեց: 

«Ի՞նչ կլինի, եթե դարպասին մոտ, առանց պատի հարված նշանակվի»,-մի բաժակ վիսկի վայելելու ժամանակ մտածեց իռլանդացի դարպասապահ Ուիլյամ Մակրամը:

«Միլֆորդի» կազմում խաղալով՝ նա հիանալի տեսնում էր, թե դարպասի մոտ ինչպես են աշխատում պաշտպանները. հնարավոր գոլային հարվածից խուսափելու համար նրանք միտումնավոր թաքցնում էին գնդակը հարձակվողների տեսադաշտից կամ ձեռքով որսում էին այն: Մրցավարը տուգանային հարված էր նշանակում, սակայն դա ձեռնտու էր պաշտպաններին, քանի որ նրանք դարպասի դիմաց պատ էին կազմում և կրկին գնդակը հետ էին մղում: Դե փորձիր գոլ խփել…

Երբ Մակրամը սկսեց աշխատել Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայում, 1890-ի. ամռանն առաջարկեց պաշտպանների խախտումների համար առանց պատի ուղիղ հարված նշանակել, սակայն, ինչպես գիտեք, պաշտոնյաներն արմատական փոփոխություններ չեն սիրում. նրանք կես տարի մտածում էին առաջարկի շուրջ, իսկ այդ ընթացքում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի գավաթի՝ «Սթոք Սիթի»-«Նոտս Քաունտի» խաղի ժամանակ դարպասի մատույցներում կանգնած պաշտպանը դեպի ցանցը թռչող գնդակը որսաց ձեռքերով: Մրցավարն ազատ հարված նշանակեց, որը թեև ոչինչ չփոխեց դաշտում, բայց Անգլիայում զանգվածային անհանգստություն առաջ բրեց. որտե՞ղ է արդարությունը…

1891 թվականին Մակրամի առաջարկը վերջապես ընդունվեց: Մրցակցին գցելու, մրցակցի գործողությունները դանդաղեցնելու, ձեռքով միտումնավոր խաղի համար հարձակվող թիմի ֆուտբոլիստներն իրավունք էին ստանում դարպասից 12 մետրից մի փոքր պակաս հեռավորությունից, ցանկացած կետից հարվածել դարպասին: Բացի հարվածը կատարող ֆուտբոլիստից ու դարպասապահից բոլոր ֆուտբոլիստները պետք է նշված կետից մոտ 6 մետր հեռավորության վրա լինեին: 1891 թվականի օգոստոսի 22-ին Շոտլանդիայի առաջնության «Ռենտոն»-«Լեյթ Ատլետիկ» խաղի ժամանակ Ալեքս ՄաքԿոլն իրացրեց նմանատիպ առաջին հարվածը:

Սա նշանակում է՝ առաջիկա ամռան վերջում բոլորս պետք է գարեջրով լի բաժակ բարձրացնենք պատմության առաջին 11-մետրանոց հարվածի 125-ամյակի համար: 

Շուտով «Սթոք Սիթին» դժգոհելու ևս մեկ պատճառ ունեցավ. այս անգամ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում թիմին 11-մետրանոցն իրացնելու համար ժամանակը չբավականացրեց, քանի որ բրիմինգեմյան թիմի ֆուտբոլիստը միտումնավոր, ժամանակ շահելու համար խախտման դիրքից դաշտից դուրս բերեց գնդակը: Զանգվածային խռովությունից խուսափելու համար պաշտոնյաները որոշեցին թույլ տալ իրացնել հարվածը, եթե անգամ ժամանակը լրացել է:

Կարելի է ասել, որ օրենքները մշակելիս գործնական քայլերն առաջ անցան թեորիայից: Դրանք հուշեցին՝ քանի որ կանոնների մեջ 11-մետրանոց հարված է ներդրվել, պետք է գծագրել դաշտը: Նույն 1891-ին դաշտում հստակեցվեց դարպասի սահմանը, դարպասապահի տարածքը, եզրային գծեր հայտնվեցին, ավելացվեց կենտրոնական շրջանը: 1902 թվականին խոտածածկի գծանշումն ավելի շատացավ՝ առանձնացվեց հատվածը, որը հիմա «տուգանային հրապարակ» է կոչվում, իսկ «տուգանայինի» կենտրոնում «նշան» հայտնվեց, որտեղից էլ իրացվում է 11-մետրանոց հարվածը:

11-մետրանոցներին վերաբերող հաջորդ փոփոխությունը կատարվել է Ուիլյամ Ֆլուկ անունով դարպասապահի շնորհիվ: Նա 188 սմ հասակ ուներ և 150 կգ էր կշռում: Մի անգամ խաղի ժամանակ նա կախվեց վերին դարպասաձողից, դա օգտակար էր ողնաշարի համար, վնասակար՝ ձողի, քանի որ այն ծանրությունից կոտրվեց: Խաղը ստիպված եղան հետաձգել:

Ֆուլկը լավ էր հետ մղում 11-մետրանոցները, նա հասկանում էր, որ դա նյարդերի խաղ է, նշանակում է՝ պետք է հոգեբանորեն ներգործել հարվածողի վրա: Երբ հարվածող ֆուտբոլիստը մոտենում էր գնդակին, Ֆուլկը դանդաղ նրան ընդառաջ էր գնում, թափահարում ձեռքերն ու բարկանում էր, երբեմն սպառնալիքներ հնչեցնում: Պատկերացրեք՝ ձեզ ընդառաջ է գալիս 188 սմ հասակ ունեցող հսկա ու ասում է. «Ի՞նչ է, տղա: Դարպասը գրավե՞լ ես պատրաստվում: Խփես՝ հայելու մեջ ինքդ քեզ չես ճանաչի…»: Ամեն մեկը չէ, որ այդ խոսքերից հետո սառնասրտություն կպահպանի: 1905 թվականին ֆուտբոլային իշխանավորները վերջ տվեցին Ֆուլկի ճնշմանը. 11-մետրանոցների ժամանակ դարպասապահներն այլևս իրավունք չունեին առաջ գալու: 

Դարպասապահները, այնուամենայնիվ, փորձում էին որևէ կերպ ազդել հարված կատարող ֆուտբոլիստի վրա, թեկուզ առանց նրան մոտենալու: Տարբերակները շատ են, օրինակ՝ ցատկել նախքան հարվածը, կամ վազել դարպասի երկայնքով: 1929-ին նման երևույթների վերջն էլ եկավ. 11-մետրանոց հարվածի ժամանակ դարպասապահներն իրավունք չունեին շարժվելու, քանի դեռ ֆուտբոլիստը չէր դիպել գնդակին:

Իսկ ի՞նչ էին անում մյուս ֆուտբոլիստները հարվածից առաջ: Կենտրոնանում էին հարվածող ֆուտբոլիստի թիկունքում, որպեսզի հարվածից հետո միանգամից պայքարի մեջ մտնեին: Դա անկարգության առիթ էր տալիս, քանի որ յուրաքանչյուրը ձգտում էր առաջինը հասնել գնդակին: 1937-ին տուգանային հրապարակում որոշեցին D-աձև գիծ գծել, որից այն կողմ էլ պետք է գտնվեին մյուս ֆուտբոլիստները: Նրանք սկսեցին ավելի քիչ հրել միմյանց, ավելի հավասարակշռված դիրքավորվել:

Հաջորդ 30 տարիների ընթացքում 11-մետրանոց հարվածի հետ կապված փոփոխություններ չկատարվեցին, իսկ 1968 թվականին Իսրայելի հավաքականը Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակչից մետաղադրամով վիճակ գցելու արդյունքում դուրս մնաց: Դա պատճառ դարձավ, որ իսրայելցի Յոզեֆ Դագանը որոշեր՝ այլևս այդպես ապրել չի կարելի: Նա առաջարկեց, որ ոչ-ոքի արդյունքի դեպքում մյուս փուլ անցնող թիմը որոշվի 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում:

11-մետրանոց առաջին հարվածաշարը խաղարկվեց 1976 թվականին Եվրոպայի առաջնությունում, երբ Չեխոսլովակիայի հավաքականը հաղթեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականին: 6 տարի անց Մունդիալի հանդիսականը ևս ականատես եղավ հետխաղյա 11-մետրանոցների, որտեղ գերմանացիներն ավելի հստակ կատարեցին հարվածները, քան ֆրանսիացիները:

11-մետրանոց Պանենկայի ոճով

Գործողություններ կան, որ կապված են դրանք առաջին անգամ կիրառողի հետ: Օրինակ՝ գոյություն ունի 11-մետրանոց Պանենկայի ոճով: Չեխոսլովակցի կիսապաշտպան Անտոնին Պանենկայի խաղին քչերն են ծանոթ, բայց հենց նա է իրացրել 1976 թվականի Եվրոպայի առաջնության՝ գերմանական ընտրանու հետ եզրափակչի վճռորոշ 11-մետրանոց հարվածը: Հարվածից առաջ Պանենկան դադար վերցրեց, որի ընթացքում դարպասապահ Մայերը հայտնվեց դարպասի անկյունում, ինչից հետո Անտոնինը հանգիստ հարվածեց գնդակին, որպեսզի այն կենտրոնով հայտնվի ցանցում: Հետագայում ով ասես չօգտագործեց այս տարբերակը…

11-մետրանոց մեկ քայլից. Սոկրատես

Բրազիլիայի հավաքականի ավագ, լեգենդար, բարձրահասակ, մորուքավոր ֆուտբոլիստը կարելի է ասել կանգնած դիրքից էր իրացնում 11-մետրանոց հարվածները: Դա անում էր երկար և ուժեղ ոտքերի հաշվին: Նրա կատարմամբ 11-մետրանոց հարվածները Մունդիալ 1986-ի կարևորագույն դրվագներից էին, սակայն 1/4 եզրափակչում նա ձախողեց: Ֆրանսիացի դարպասապահ Բարտսը խաղի նախորդ գիշերվա ընթացքում պատրաստվել էր այդ կրկեսային համարին և որսաց Սոկրատեսի հարվածը:

Վազելու ընթացքում դադար ու հարված. Մարիո Բալոտելլի

«Դա մենամարտ է իր տեսակի մեջ: Նյարդերի խաղ իմ և դարպասապահի միջև: Ես գիտեմ՝ ինչպես վերահսկեմ ինձ: Եթե դարպասապահն ինձանից առաջ է շարժում կատարում, ապա նյարդերի խաղում նա պարտվել է»:

Իր տեխնիկական հնարքներն այդպես է բացատրել Մարիո Բալոտելլին: Արտառոց ոչինչ չի արել Մարիոն: Վազքի ընթացքում հեշտությամբ դադար է վերցրել, այդպես ստիպել դարպասապահին մատնել գաղտնիքը՝ որ կողմ է պատրաստվում ցատկել (նույնն անում էր նաև Պանենկան): Սուպեր Մարիոյին այսպես հաջողվել է անել 21 անգամ, բայց ոչինչ հարատև չէ, և Բալոտելլին հիմա նախկին ճշգրտությամբ չի իրացնում հարվածները:

Ուժեղ 11-մետրանոցներ. Իգոր Բելանով

Իգոր Բելանովը խորհրդային այն երեք  ֆուտբոլիստներից է (Լև Յաշինի և Օլեգ Բլոխինի հետ), որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել: 1986 թվականին նա մեկնեց Մեքսիկայի Մունդիալին մասնակցելու և իր հայտնիության սահմաններն ընդլայնելու: Բելանովը սիրում էր ուժով հարվածել. ոչ այնքան դիտարժան, բայց արդյունավետ տարբերակ: Դարպասապահները գիտեին, որ նա հարվածելու է հիմնականում վերին աջ անկյունը: Գիտեին ու ոչինչ անել չէին կարողանում, որովհետև գնդակը չափազանց ուժեղ էր ընթանում:

Եթե գնդակը 11 մետր հեռավորությունից շարժվում է 120կմ/ժ արագությամբ, ապա այն ցանցում կլինի 500 միլիվայրկյանում: Եթե դարպասապահը ճամայկացի վազորդ չէ, պետք է կարողանա 600 միլիվայրկյանում կենտրոնից դարպասաձողերից մեկի մոտ հայտնվել…

Գայսկա Մենդյետայի տեխնիկան

Կան դաշնակահարներ, ովքեր նվագելիս իրենց մատներին չեն նայում, մատները հիանալի գիտեն՝ ինչ պետք է անեն: «Վալենսիայի» լեգենդ Մենդյետան 11-մետրանոց իրացնում էր առանց գնդակին նայելու: Իսպանացի կիսապաշտպանը հիանալի տեսողություն ուներ և վազքի ընթացքում նայում էր դարպասապահին՝ սպասելով, որ վերջինս ցույց կտա, թե որ կողմ է ցատկելու և այդ ժամանակ գնդակը հանգիստ կերպով հակառակ ուղղությամբ կուղարկի: Եթե դարպասապահը հանգիստ էր ու գաղտնիքը չէր բացահայտում, Մենդյետան ուժգին հարվածում էր: Իսպանացին ամուր նյարդեր ուներ: 

11-մետրանոցներ իրացնող հանճար. Մեթյու Լե Տիսյե

«Սաութհեմփթոնի» կազմում հանդես եկող Լե Տիսյեն տարբերվող տեխնիկա ուներ, երկու ոտքերով էլ հիանալի հարվածում էր և իրացնում 11-մետրանոցները: Հավանաբար ֆուտբոլիստը մի անգամ կարդացել է, թե ինչ են ասում Չինաստանի իմաստունները՝ «Կատարյալ արարչագործության մեջ անպայման որևէ սխալ պետք է լինի», ու դրանից հետո որոշել է վրիպել՝ հանուն բացառության ու կատարելության: Կարիերայի ընթացքում անգլիացի հարձակողական ոճի կիսապաշտպանը 48 11-մետրանոցներից 47-ն իրացրել է. սա ֆուտբոլի պատմության բարձրագույն ցուցանիշներից է: Ուշագրավ է, որ Տիսյեն Ֆաբիո Կապելոյին առաջարկել է իր օգնությունը՝ 11-մետրանոց հարվածների գծով մարզիչ լինել, բայց իտալացին մերժել է:

Խաղարկած 11-մետրանոց

Այն, ինչ արգելված չէ, թույլատրելի է: Թերևս առաջին խաղարկած 11-մետրանոցը, որը տեսագրվել է, 1957 թվականի Բելգիա-Իսլանդիա խաղի ժամանակ է եղել: Անրի Կոպենսը փոխանցում կատարեց Անդրե Պիտերսին, նա էլ տեսնելով, որ ամբողջ արագությամբ իր կողմն էր թռչում մրցակցի դարպասապահը՝ փոխանցում կատարեց Կոպենսին, որն էլ գնդակն ուղարկեց դարպասը:

25 տարի անց նմանօրինակ հնարք կատարեցին Յոհան Կրույֆը և Յեսպեր Օլսենը: Միայն թե այս անգամ դարպասապահն առանձնապես ջանք չգործադրեց: Ասում են՝ Մեսսին և Սուարեսն իրենց խաղարկած 11-մետրանոցը հենց նրանց՝ մասնավորապես Յոհանին են նվիրել: 

Իսկ Պիրեսն ու Անրին 2005-ին բրիտանական հողի վրա «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի ժամանակ չկարողացան իրացնել 11-մետրանոց հարվածը: Ոչ-ոք ոչինչ չհասկացավ, իսկ մրցավարն ազատ հարված նշանակեց «քաղաքաբնակների» օգտին այն բանի համար, որ Պիրեսը կանգնել է վազքի ժամանակ:

Հիմա դարպասապահների մասին
Սպագետի-ոտքեր, Դիկ Ռուզից մինչև Բրյուս Գրոբելար

Մեծ ֆուտբոլիստ և ապշեցուցիչ մարդ Դիկ Ռուզն առաջին դարպասապահը դարձավ, ով 11-մետրանոց հարվածն ընդունելիս շարժում էր ծնկները: Ռուզն իտալացիների դեմ ոչինչ չուներ, նրա հնարքը հետագայում է, որ «սպագետի-ոտքեր» անվանեցին: Ոչ միայն անուն տվեցին, այլ սկսեցին կրկնել:

Օրինակ` աֆրիկացի դարպասապահ Գրոբելարը: Վերջինս «Լիվերպուլի» կազմում 627 խաղ է անցկացրել, բայց դրանցից մեկն առանձնահատուկ էր. «Ռոմայի» դեմ Եվրոպական չեմպիոնների գավաթի 1984թ. եզրափակիչ խաղը ոչ-ոքի ավարտվեց, և 11-մետրանոց հարվածաշար նշանակվեց: Այդտեղ էլ երևաց Բրյուսի արտիստիկ տաղանդը` ամեն հարվածից առաջ նա ծամածռվում էր ու մակարոն ուտելու տեսարան բեմադրում, կրկնօրինակում ոտքերի սպագետի շարժումները: Դարպասապահի ջանքերն իզուր չէին. երկու իտալացիներ, ազգային ուտեստի նկատմամբ ոտնձգությունը կուլ չտալով, վրիպեցին:

Հաջորդ տարի «Լիվերպուլը» կրկին եզրափակչում էր: Երբ «Լիվերպուլի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց, Գրոբելարը փորձեց կրկնել իր հնարքը, քանի որ «Յուվենտուսի» դեմ էին խաղում: Բրյուսը մոռացել էր, որ նույն գետը երկրորդ անգամ պետք չէ մտնել: Հարվածը Միշել Պլատինին էր իրացնում, ով մակարոնի նկատմամբ հատուկ վերաբերմունք չուներ: Զարմանքով նայելով դարպասապահի շարժումներին՝ Պլատինին գոլ խփեց:

150 11-մետրանոց հետ մղած դարպասապահը… Իհարկե, Լև Յաշին

11-մետրանոց չոր հարվածաշարեր

Ալեքսանդր Շովկովսկին է այն դարպասապահը, ով ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Մունդիալի ժամանակ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերում որևէ գնդակ բաց չի թողել: Դեպքը տեղի է ունեցել 2006 թվականի առաջնության Ուկրաինա-Շվեյցարիա խաղի ժամանակ: Հետաքրքական է, որ Շվեյցարիայի հավաքականը Մունդիալի պատմության առաջին ընտրանին դարձավ, որը պայքարից դուրս մնաց առանց խաղերի ընթացքում գոլ բաց թողնելու և առանց որևէ պարտության:

Իսկ պատմության մեջ առաջին ու դեռևս միակ դարպասապահը, ով Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակչում կարողացել է հետ մղել 11-մետրանոց 4 հարված, «Ստյաուայի» դարպասապահ Հելմուտ Դուկադամն է: 1986թ. մայիսի 7-ին «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կատարած 4 հարվածներն էլ հետ մղվեցին: Այդ երեկոյի ընթացքում կատարվածը բացի հրաշքից որևէ այլ բառով չես մեկնաբանի…

Կարդացեք նաև՝ 

 

Օգտագործված աղբյուրներ՝ fifa.com, uefa.com. thefa.com:

Հետևեք մեզ նաև Telegram-ում