Լևոն Ջուլֆալակյան․ Պետք է հաղթել ցանկացած հակառակորդի՝ անկախ անունից

Լևոն Ջուլֆալակյան․ Պետք է հաղթել ցանկացած հակառակորդի՝ անկախ անունից

Այս օրերին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ծաղկաձորի մարզաբազայում  հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

Sport.Times.am-ը զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի հետ և պարզել է՝ թիմը նախապատրաստական ի՞նչ փուլում է, առաջիկայում ի՞նչ անելիքներ կան։

-Պարոն Ջուլֆալակյան, այս հավաքի ընթացքում շեշտն ինչի՞ վրա եք դրել:

-Օլիմպիական խաղերին պատրաստվելու վերջին փուլն է։ Առաջին հավաքն է, որտեղ ուշադրությունը կենտրոնացնում ենք հատուկ և ընդհանուր ֆիզիկական, ֆունկցիոնալ պատրաստվածության վրա։

-Նախատեսո՞ւմ եք հավաքից հետո մասնակցել ինչ-որ մրցաշարի։

-Մայիսի 25-ին Օլիմպիական խաղերի վարկանիշ ունեցող ըմբիշները մեկնելու են իտալական Սասարի քաղաք՝ մասնակցելու ամենամյա «Միլոնե Տրոֆի Մաթեո Պելիկոնե» միջազգային մրցաշարին։ Մրցաշարից վերադառնալուց 10 օր անց կմեկնենք Ղրիմ՝ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Հետո 1 շաբաթ ընդմիջում կլինի, ապա կմեկնենք Բելառուս՝ Ստայկիի մարզաբազայում հավաք անցկացնելու։

-Ո՞րն է Սասարիում անցկացվող մրցաշարին մասնակցելու հիմնական նպատակը։

-Ընդհանրապես պրոֆեսիոնալ ըմբիշները պետք է 3 ամիսը մեկ մրցաշարի մասնակցեն, որպեսզի կարողանան զգալ մրցումային ռիթմը, հետ չվարժվեն գորգից, սուլիչից և մրցավարից։ Հիմնական նպատակը դա է։

-Իսկ Բելառուսում անցկացվելիք հավաքի ժամանակ ինչի՞ վրա եք ուշադրություն դարձնելու։

-Հիմնականում կլինեն գորգային մարզումներ: Այնտեղ կլինեն նաև այլ երկրների հավաքականներ։ Ամենակարևոր հավաքներից մեկն է, որտեղ ըմբիշները պետք է լավ մարզավիճակ ձեռք բերեն։ Ռիո մեկնելուց առաջ վերջին հավաքը կանցկացնենք Երևանում՝ հուլիսի վերջին։

-Ռիո ամբողջակա՞ն կազմով ենք մեկնելու։

-Ոչ։ Ռիո մեկնելու ենք ոչ միասին։ Այնպես ենք հաշվարկել, որ ամեն քաշային կարգ ներկայացնող մարզիկ իր ելույթից 3 օր առաջ այնտեղ լինի։

-Հաշվարկել եք, որ կլիմայափոխությունն այդպես ավելի՞ լավ կընթանա:

-Այո, ավելի լավ կլինի։ Բացի այդ, Օլիմպիական խաղերի ժամանակ տեղում մարզումներ կազմակերպելը բարդ է, կա նաև զույգերի խնդիր։ Իմ անցած ճանապարհը թույլ է տալիս ենթադրել, որ այսպես ավելի լավ կլինի։

-Ասացիք, որ Իտալիայի մրցաշարին մեկնելու են ուղեգիր նվաճած մարզիկները։ Կարո՞ղ ենք հստակ ասել, որ հենց նրանք կմասնակցեն Օլիմպիական խաղերին։

-Գիտեք, որ վարկանիշ տրվում է ոչ թե անհատապես մարզիկին, այլ երկրին։ Այս պահին բոլոր քաշային կարգերում, որտեղ ուղեգիր ենք նվաճել, պատրաստվում ենք 2 մարզիկով։ Բացի 98 կգ քաշային կարգը, որտեղ չունենք այն մակարդակի մարզիկ, ով կկարողանա Արթուր Ալեքսանյանին փոխարինել։

-Կասե՞ք, թե մյուս 3 քաշային կարգերում ովքեր են պատրաստվում:

-66 կգ քաշային կարգում՝ Միհրան Հարությունյան, Արամ Ջուլֆալակյան, 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, Արթուր Շահինյան։

-Այդ դեպքում ինչո՞ւ այժմ հավաքականի հետ չեն մարզվում Կարապետ Չալյանն ու Արթուր Շահինյանը։

-Նրանք փոքր վնասվածքներ ունեին։ Թող լիարժեք ապաքինվեն։ Թիմին կմիանան մյուս հավաքներից։

-Արթուր Ալեքսանյանի համար սկզբունքային մրցակից է դառնում Ռուսաստանի հավաքականի անդամ Նիկիտա Մելնիկովը։ Հետևո՞ւմ եք նրա մարզումներին:

-Ոչ։ Իրենք իրենց համար են մարզվում, մենք՝ մեզ։ Ես չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա, ցանկացած մարզիկ անձամբ պետք է ճիշտ պատրաստվի և վստահ լինի, որ հաջորդ մրցմանը կհաղթի։ Պետք չէ կենտրոնանալ մեկ մրցակցի հաղթելու վրա, դա հոգեբանորեն կճնշի։ Պետք է պատրաստ լինել հաղթել ցանկացած հակառակորդի՝ անկախ անունից ու ազգանունից։

-Ըմբշամարտի համաշխարհային միությունը որոշել է դեկտեմբերին ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնություն անցկացնել։ Ինչքանո՞վ եք կարևորում այդ առաջնության անցկացումը։

– Շատ ճիշտ մոտեցում է UWW-ի կողմից: Այն ըմբիշները, ովքեր չեն կարողանում մասնակցել Օլիմպիական խաղերին, գոնե այս առաջնությունով որոշակիորեն կլրացնեն բացը։ Ըստ իս, շատ լավ միտք է։

-Արդեն որոշվա՞ծ է մեր հավաքականի մասնակցության հարցը:

-Ֆեդերացիայում դեռ պետք է քննարկենք այս հարցը: Չմասնակցելը շատ լուրջ բացթողում կլինի։

 

Զրուցեց Հասմիկ Գրիգորյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում