Միհրան Հարությունյան․ Երբ գորգ եմ դուրս գալիս, իմ մեջ պատերազմ է սկսվում

Միհրան Հարությունյան․ Երբ գորգ եմ դուրս գալիս, իմ մեջ պատերազմ է սկսվում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով այս օրերին հավաքականի մյուս անդամների հետ հավաքի է մասնակցում Ծաղկաձորում, Sport.Times.am-ի հետ խոսել է Եվրոպայի առաջնությունում անհաջող հանդես գալու պատճառների, օլիմպիական երազանքի և մրցավարական անարդարություններ մասին։

-Եվրոպայի առաջնությունից հետո առաջին հավաքն է, որ անցկացնում ես թիմի հետ, իսկ Ծաղկաձորում բավականին բարդ է մարզվել։ Ինչպե՞ս ես քեզ զգում:

-Կլիմայական պայմաններին հարմարվելու հետ կապված որոշակի խնդիրներ կան: Նման պայմանների սովոր չեմ, քանի որ մեծացել եմ Մոսկվայում: Ինձ համար մի փոքր բարդ է, բայց աստիճանաբար հարմարվում եմ: Մարզմանը տեսաք՝ վատ չէի դիմանում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Ամենակարևորը՝ տրամադրությունս լավ է, ֆիզիկական վիճակս էլ վատ չէ։

-Եվրոպայի առաջնությունում անհաջող հանդես եկար, և լուրեր շրջանառվեցին, որ վնասվածք ունես։ Լիովին ապաքինվե՞լ ես:

-Այո, Եվրոպայի առաջնության ընթացքում կար վնասվածք, հիմա էլ կա, ոչ մի տեղ չի անհետացել (ծիծաղում է-խմբ.): Պարզապես ցավը բթացնում եմ ցավազրկողներով, բայց Օլիմպիական խաղերից հետո անպայման վիրահատության կենթարկվեմ և 1 տարվա ընթացքում կվերականգնվեմ։

-Իսկ ինչո՞ւ չվիրահատվեցիր նախքան Օլիմպիական խաղերը:

-Այո, ավելի ճիշտ կլիներ շուտ վիրահատվել, բայց անընդհատ մտածում էի հիմա՝ Աշխարհի առաջնությունն է, հետո Եվրոպական խաղերը։ Ամենակարևորը՝ 2015 թվականի Աշխարհի առաջնությունն էր, որտեղ խաղարկվում էր օլիմպիական ուղեգիր, իսկ դրանից հետո մտածեցի՝ այսքան դիմացել եմ, էլի կդիմանամ։ Իմ կողմից ոչ այնքան պրոֆեսիոնալ մոտեցում էր։

– Ի՞նչ բնույթի վնասվածքի մասին է խոսքը։

-Ոսկրային հյուսվածքի բորբոքում է՝ ուսաթիակային հատվածում։

-Ստացվում է՝ Եվրոպայի առաջնության ժամանակ խանգարող հանգամանքն այդ վնասվածքն է եղել։

-Եվրոպայի առաջնության ժամանակ էլ էր խանգարում, դրանից առաջ և հետո էլ սուր ցավեր ունեի։ Եվրոպայի առաջնությունից հետո նորմալ չեմ մարզվել։ Հիմա էլ ցավեր կան, բայց կարողանում եմ դիմանալ։ Կհասնեմ նպատակիս, դրանից հետո կորոշեմ՝ ինչ անել։

-Օլիմպիական խաղերի նպատակը…

-Հաղթանակը։

-Ցանկացած այլ արդյունք քեզ համար պարտությո՞ւն է։

-Մտածում եմ՝ ցանկացած գոտեմարտ ինչ-որ չափով հաղթանակ է, բայց միևնույն է՝ պետք է հաղթեմ Օլիպիական խաղերում, քանի որ դա իմ մարզական կյանքի նպատակն է։

-Մինչև Ռիո մեկնելը մրցակիցներիցդ ո՞ւմ հետ կցանկանայիր հանդիպել գորգում:

-Ինձ համար տարբերություն չկա: Այս պահին պատրաստ եմ ամեն ինչի: Երբ գորգ եմ դուրս գալիս, իմ մեջ պատերազմ է սկսվում, և մնացած ամեն ինչ դառնում է անկարևոր։

-Աշխարհի առաջնության ժամանակ տեսանք, որ մրցավարական սխալները քեզ հունից հանում են։ Հոգեբանորեն պատրա՞ստ ես նոր սխալների:

-Բարդ է։ Միշտ ինքս ինձ ասում եմ, որ նյարդային վիճակը և հոգեբանական կոփվածությունն ամենակարևորն են, բայց երբեմն չեմ կարողանում լարվածությանը դիմանալ։ Պայքարում եմ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում հաղթելու համար, իսկ ինձանից, ասես, գողանում են մեդալը… Շատ ցավոտ է։ Իհարկե, հավատում եմ ինքս ինձ և իմ հաղթանակին, բայց արդյո՞ք կկարողանամ մյուս անգամ էլ լավ մարզավիճակում լինել: Սա կյանք է, սպորտ է, ժամանակը անցնում է, մենք թուլանում ենք, գալիս են ավելի ուժեղները․․․

-Այսինքն՝ այս Օլիմպիական խաղերը քեզ համար վերջի՞ն հնարավորությունն են:

-Կարող եմ ևս մեկ օլիմպիական շրջափուլ անցնել, բայց այս անգամ կպայքարեմ այնպես, ասես վերջին հնարավորությունն է: Շատ եմ ուզում հաղթել։

Զրուցեց Հասմիկ Գրիգորյանը
Լուսանկարները՝ Անի Մեջլումյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում