Արսեն Ջուլֆալակյան. Օլիմպիական խաղերին պատրաստվող մարզիկի համար չպետք է մտահոգիչ հանգամանքներ լինեն

Արսեն Ջուլֆալակյան. Օլիմպիական խաղերին պատրաստվող մարզիկի համար չպետք է մտահոգիչ հանգամանքներ լինեն

Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է մասնակցել արդեն երրորդ Օլիմպիական խաղերին: Sport.Times.am-ի հետ զրույցում տիտղոսակիր մարզիկը խոսել է նախաօլիմպիական փուլի դժվարությունների, մարզումային գործընթացի և ակնկալիքների մասին։

-Արսեն, ինչպե՞ս է ընթանում Ծաղկաձորի հավաքը: 

-Ծանր հավաք է: Առհասարակ, Ծաղկաձորի հավաքները, որոնք անցկացնում ենք դեկտեմբեր ու մայիս ամիսներին, տարվա ամենածանր հավաքներն են: Այստեղ բարձրավանդակ է, ու ծանրաբեռնվածությունը կրկնակի է: Եթե ծովի մակարդակին անենք նույն մարզումները, հնարավոր է՝ այսպես չհոգնենք:

-Բացի կլիմայական պայմաններից նաև ուժային մարզումներն են հոգնեցնում։

-Այո։ Ուժային մարզումներն ավելի շատ են, քան գորգայինները։ Մենք հիմա գրեթե ծանրորդի կարգավիճակում ենք՝ ավելի շատ ծանրամարտի, ուժային մարզումներ ենք անում, քան գորգային:

-Ստացվում է՝ այս փուլում մարզավիճակդ իդեալական չէ՞։

-Մարզավիճակս այն փուլում է, որ նախատեսել էինք։ Հիմա գորգային մարզավիճակում չեմ եմ, և դա օրինաչափ է։ Իմաստ էլ չունի այս պահին լավագույն մարզավիճակում լինել: Մինչև Օլիմպիական խաղերը մեր մարզավիճակի զարգացման փուլը պետք է նմանվի շենքի կառուցմանը. սկզբում հիմքն ենք ամրապնդում, դեռ ո՛չ պատերն են շարված, ո՛չ տանիք կա։ Լավագույն մարզավիճակին կփորձենք հասնել Օլիմպիական խաղերին:

-Վերջին մրցաշարերից ի՞նչ հետևություններ ես արել:

-Եթե նայենք վերջին 8 տարվա պարտված գոտեմարտերս, ապա կտեսնենք, որ պարտվել եմ մեկ հնարքով: Դա ինչ-որ չափով պայմանավորված է իմ կառուցվածքով, ցածրահասակ եմ, ու այդ հնարքից պաշտպանվելմ ինձ համար ավելի բարդ է: Հիմա էլ աշխատում ենք այդ հնարքի պաշտպանությունը կատարելագործելու ուղղությամբ: Ճիշտ է, Հայաստանում նման հնարք կատարողների պակաս ունենք, բայց մի քանի միջազգային հավաքներ ունենք, որտեղ կլինեն նման մրցակիցներ, նրանց հետ հնարավոր կլինի շտկել դա:

-Ըստ քեզ, Օլիմպիական խաղերում ովքե՞ր են ամենավտանգավոր մրցակիցներդ:

-Օլիմպիական խաղերում բոլոր մրցակիցներն էլ վտանգավոր են: Եթե մարզիկը հասնում է Օլիմպիական խաղերի, նշանակում է՝ իրենից մի բան ներկայացնում է: Պատահակ մարդ չի կարող լինել։

-Ի՞նչ ես կարծում՝ տիտղոսակի՞ր ըմբիշների համար է ավելի հեշտ մասնակցել Օլիմպիական խաղերին, թե՞ միջին մակարդակի ըմբիշների։

-Երբ լավագույնները գալիս են Օլիմպիական խաղերի, նրանց վրա մեծ է ճնշումը։ Պարտավորվածություն կա սեփական անձի, պետության, օլիմպիական կոմիտեի, ժողովրդի նկատմամբ: Միջին կարգի մարզիկները գալիս են առանց այդ ամենի, հոգեբանորեն ազատ վիճակում, իսկ դա առավելություն է:

-Քո քաշային կարգը ամենաբարդերից է…

-Իմ քաշային կարգում կան շատ լուրջ հակառակորդներ՝ 6 աշխարհի չեմպիոն: Ուրիշ ոչ մի քաշային կարգում այդպիսի բան չկա: Բացի այդ, կան տարբեր տարիների Եվրոպայի չեմպիոններ, երկու Օլիմպիական չեմպիոն: Ստացվում է՝ 19 մարզիկից 12-ը Եվրոպայի, Ասիայի կամ Օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մրցանակակիրներ են:

-Հնարավոր չէ անտեսել մրցավարական գործոնը։ Հաճախ մեր ըմբիշների ճանապարհը փակում են հենց մրցավարները։ Ըստ քեզ, ի՞նչ պետք է անեն մեր մարզական գերատեսչությունները նման դեպքերից խուսափելու համար։

– Պատասխանս կարող է զարմանալի հնչել, բայց ես էլ ոչ մեկի վրա հույս չեմ դնում ու չեմ սպասում, որ ինչ-որ մեկը հարց կլուծի: Ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ բացի խոսքից ոչ մի քայլ առաջ չենք գնում: Մրցավարական խնդիրները նորություն չեն՝ եղել են թեʹ 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ, թեʹ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում։

-Այսինքն՝ ինչ-որ գործնական քայլեր չեն ձեռնարկվում…

-Լավագույն դեպքում սահմանափակվել ենք նամակ-բողոքով: Հետևողական ոչինչ չի եղել: Իմ պարագայում եղել է, որ գոտեմարտի հաջորդ օրը մոտեցել են ու ասել, որ գոտեմարտս վարած մրցավարին որակազրկել են կես տարով: Բայց դա ինձ ի՞նչ է տալիս: Օրինակ՝ Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում մրցավարները երեկոյան մոտեցան և ասացին, որ իմ և Ռոման Վլասովի գոտեմարտի ժամանակ սխալ որոշում է կայացվել։ Ռոմանի կատարած հնարքը ոչ թե 4 միավորանոց էր, այլ 2, իսկ գոտեմարտի ընթացքում մեր բողոքարկումը սխալ էին համարել և դրա համար ևս 1 միավոր տվել էին մրցակցիս։

Այնպես որ՝ նման սիրաշահումներն անիմաստ են, ավելի լուրջ լծակներ են պետք: Օլիմպիական խաղերին մնացել է 2-3 ամիս, ու վստահ եմ, որ շեշտակի փոփոխություններ չեն լինի: Ուղղակի պետք է կարողանանք ինքներս մեզ տրամադրել, հույսներս չդնենք ոʹչ մրցավարների, ոʹչ բարձրաստիճան պաշտոնյաների վրա: Պետք է ավելի ուժեղ լինեք մրցակցից ու հաղթենք: Հակառակ դեպքում, անգամ հավասար գոտեմարտի ժամանակ պարտվելու ենք:

-Մոնղոլիայի համաշխարհային վարկանիշային մրցաշարի առաջին գոտեմարտում պարտվեցիր, այնուհետև կարողացար երրորդ տեղ գրավելով՝ ուղեգիր նվաճել: Շատերի կարծիքով, պետք է այդ մրցաշարում հեշտությամբ հաղթեիր բոլորին: Ի՞նչ կատարվեց:

-Շատերն էին ինձ նման բան ասում, բայց ես ներքուստ գիտեի, որ այդպես չի լինելու: Աշխարհի առաջնությունում պարտվելուց հետո բոլորն ասում էին՝ մի շնչով կանցնես վարկանիշային մրցաշարը, բայց ես գիտեմ իմ հակառակորդներին։ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների առնվազն 5-6 մրցանակակիրներ դեռ ուղեգիր չունեին, մի մրցաշարում էլ 2-3 ուղեգիր է խաղարկվում: Շատ վտանգավոր գոտում էի, վրիպելու իրավունք չունեի: Մրցաշարից ուղիղ մեկ ամիս առաջ լուրջ վնասվածք ստացա: Երեք-չորս օր ոտքս գետնին չեմ դրել, չեմ քայլել: Չորս օր անց տրամադրեցի ինձ, սկսեցի քայլել, ընդ որում՝ ամեն ինչ ինքնուրույն եմ արել, ոչ մի մասնագետ չի օգնել, իսկ գորգի վրա լիարժեք մարզումներ միայն մեկ շաբաթ եմ արել:

Նման վիճակում մեկնեցի Մոնղոլիա: Առաջին գոտեմարտում հանդիպեցի իմ ամենասկզբունքային հակառակորդներից մեկին (Պետեր Բասչիին, Հունգարիա-խմբ.): Առաջին գոտեմարտն էր, լուրջ հակառակորդ, վախ կար, որ ոտքս կարող է խանգարել։ Կար նաև ժամային գոտիների տարբերությունը՝ 6 ժամ: Մրցումները սկսվում էին ժամը 9-ին, երբ Հայաստանում ժամը 4-ն էր: Ստացվում էր՝ Հայաստանում այդ ժամին պետք է քնած լինեի, իսկ այնտեղ գոտեմարտում էի: Ինձ թվում էր՝ ամեն ինչ հասկանում էի, սակայն մարմինս չէր ենթարկվում: Ընդամենը մեկ օր առաջ էին մրցավայր ժամանել:

-Քո ֆիզիոթերապևտը եկել է Գերմանիայից, բայց աշխատում է նաև թիմի հետ: Հետաքրքիր է, նա քո՞ հրավերով է այստեղ, թե՞ ֆեդերացիայի:

-Իմ անձնական հրավերով է, բայց շնորհակալություն պետք է հայտնել նաև ֆեդերացիային, որովհետև 2011 թվականից անձնական կապերի միջոցով էր գալիս, մասնակցում Ծաղկաձորի հավաքներին: Յոահիմ Ամոնը լուրջ մասնագետ է, երկու անգամ եղել է Գերմանիայի օլիմպիական հավաքական թիմերի` մեկ անգամ աթլետիկայի, մեկ անգամ թիավարության թիմի ֆիզիոթերապևտը: Հիմա էլ Գերմանիայի առաջնությունում իմ ակումբի գլխավոր ֆիզիոթերապևտն է: Ոսկե ձեռքեր ունի, ում հպվում է՝ 5-10 րոպեից 20-30% բուժված ոտքի են կանգնում (ժպտում է-խմբ.): Այս տարի մեր ֆեդերացիան հոգաց բոլոր ծախսերը: Նա էլ, հարգելով ինձ, լրացուցիչ գումար չի պահանջում։ Աշխատում է ամբողջ հավաքականի հետ, նույնիսկ ծանրորդներին է օգնում: Եթե կարողանանք Հայաստանում նման մասնագետների պատրաստել, շատ օգտակար կլինի:

-Իսկ թիմի հետ Օլիմպիական խաղերից առաջ հոգեբան աշխատո՞ւմ է:

-Արդեն մայիսի կեսն է, բայց ես չեմ զգում ինչ-որ լրացուցիչ, կողմնակի ուշադրություն, կամ զուտ օգնություն հավաքականին: Խոսում եմ միայն մեր հավաքականի մասին, մյուսների հետ գործ չունեմ: Ես չեմ զգում, որ մենք պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Ինչպես միշտ մարզվել ենք, նույնն էլ հիմա է` նույն պայմաններում, նույն վիճակով: Ամեն ինչ նույնն է, բայց հիմա պետք է ունենայինք լավագույն բժիշկները, ֆիզիոթերապևտները, վերականգնիչները, սնունդը, հոգեբանները, ինչու չէ՞ լավագույն հանդերձանքը, հավաքների վայրը:

Այսինքն՝ Օլիմպիական խաղերի պատրաստվող մարզիկը խանգարող, մտահոգիչ հանգամանք չպետք է ունենա: Չպետք մտածի՝ եթե այդ օրվա սնունդը թույլ է, գնա ընդմիջմանը խանութից բերի, կամ եթե թիմը չունի լավ ֆիզիոթերապևտ, ո՞ր հիվանդանոց զանգի ու սպորտային բժիշկ, սպորտային հոգեբան գտնի, չէ՞ որ դու պայքարում ես ամբողջ պետության համար։ Մենք ուժեղ ենք, ու, հավանաբար, կկարողանանք նաև այս կերպ պատրաստվելով հաղթել։ Յուրաքանչյուրս մեր առաջ դրված խնդիրները կկարողանանք ինքնուրույն լուծել: Մեր հավաքականը շատ հզոր է, մեկս մյուսին օգնելով՝ առաջ կգնանք:

 

Զրուցեց Հասմիկ Գրիգորյանը
Լուսանկարները՝ Անի Մեջլումյանի
Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում