Ռամոս. Պետք է ցույց տանք մեր միասնականությունը

Ռամոս. Պետք է ցույց տանք մեր միասնականությունը

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպման կապակցությամբ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Զինեդին Զիդանի, Կրիշտիանու Ռոնալդուի մասին, հիշել է հոր և պապու խորհուրդները, որոնք օգնում են իրեն առաջ շարժվել:

Միլան տանող ճանապարհի մասին. «Մենք արժանի էինք եզրափակչի ուղեգրին: Եթե անկեղծ՝ հեշտ ուղի չենք անցել: Խմբային փուլում բարդ հանդիպումներ ունեցանք «Պարի Սեն Ժերմենի» հետ, ապա «Վոլֆսբուրգի» հետ արտագնա խաղում վատ հանդես եկանք, բայց տանը կամային հատկանիշների շնորհիվ հաղթեցինք: Հետո էլ «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչ խաղերը: Ուրախ ենք, որ անկախ վերելքներից ու վայէջքներից՝ անցանք այդ ուղին: Միլանյան եզրափակչում մեզ հիանալի թիմ է դիմակայելու: Դա հրաշալի է»:

Լավ ծանոթ մրցակցի մասին. «Այո, մենք շատ լավ գիտենք իրար: «Ատլետիկոն» ևս արժանի էր այս եզրափակչին: Մեր մրցակիցը ուժեղ թիմերի է դուրս թողել պայքարից և հիմա լավ մարզավիճակում է: «Ատլետիկոն» հրաշալի կազմ ունի: Սիմեոնեի ֆուտբոլիստները գիտեն պայքարել, ինչն ամենակարևորն է: Մենք բարդ, համառ պայքար ենք ակնկալում: Պետք է լիովին կենտրոնանանք, քանի որ եզրափակիչ խաղերում յուրաքանչյուր մանրուք նշանակություն ունի: Հաղթում է այն թիմը, որը քիչ է սխալվում: Մենք պետք է ցույց տանք մեր միասնականությունը, պետք է մեկ բռունցք դառնանք, լավ խաղանք պաշտպանությունում: Եթե դա հաջողվի, ապա հաղթանակի ճանապարհին մեծ քայլ կկատարենք»:

2013-14թթ. մրցաշրջանի եզրափակչում խփած գոլի մասին. «Պապիկս ու հայրս ինձ միշտ ասել են, որ հույս կա, քանի դեռ չի լրացել վերջին վայրկյանը: Ես հենց նման ձևով եմ խաղում: Այդ գոլի շնորհիվ կյանքիս ամենահիանալի պահերից մեկն եմ ապրել՝ վերջապես նվաճելով ՉԼ-ի տիտղոսը: Ես մասնակցել էի Աշխարհի առաջնության եզրափակչի, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչների, կարողացել էի հաղթել այդ խաղերում, իսկ Չեմպիոնների լիգան անհասանելի էր: Ասես, պատք էի այս մրցաշարին, բայց ամեն ինչ ուղղվեց»:

Զինեդին Զիդանի աշխատանքի մասին. «Զիզուի մասին միշտ ամենալավն եմ ասում: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է եղել և որոշ շրջան մենք թիմակիցներ ենք եղել: Զիդանը լավ մարզիչ է: Նա մեծ փորձ չունի, բայց ճիշտ պահին մեզ ճիշտ ձևով առաջ է մղել: Նա ամբողջովին նվիրված է աշխատանքին: Զիդանը մեծագույն ֆուտբոլիստ է եղել, և դա երևում է նրա մարզչական աշխատանքում: Փորձում ենք իրագործել նրա գաղափարները, որոնց մասին նա մտածել է դեռ խաղալու տարիներին: Նա կարողացավ մրցաշրջանի կարևորագույն հատվածում մեծանից ստանալ առավելագույնը»:

Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին. «Բարդ է պատկերացնել «Ռեալն» առանց Կրիշտիանու Ռոնալդուի: Նա մեկ մրցաշրջանում թիմի համար 50 և ավելի գոլ է խփում: Շատ բարդ է երկար տարիներ մնալ նման մակարդակում, բայց նրան հաջողվում է: Պարզապես ֆանտաստիկ է, որ ակումբը կարող է հույսեր կապել նրա հետ»:

Իկեր Կասիլյասի հեռանալուց հետո ավագի թևկապը ստանալու մասին. «Դու կարող ես օրինակ ծառայել երիտասարդների համար, եթե ինքդ տքնաջան աշխատում ես և ուժ չես խնայում թիմի համար: Շատ ուրախ եմ, որ այս թիմի առաջատարը լինելու հնարավորություն եմ ստացել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում