«Ռեալը»՝ եվրոպական ֆուտբոլի արքա (տեսանյութ)

«Ռեալը»՝ եվրոպական ֆուտբոլի արքա (տեսանյութ)

Միլանի «Սան Սիրո» մարզադաշում կայացավ եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր իրադարձությունը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մադրիդյան թիմերի պայքարում «Ռեալն» առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ և նվաճեց Չեմպիոնների լիգայի իր 11-րդ գավաթը:

Զինեդին Զիդանի սաներն ավելի ակտիվ սկսեցին հանդիպումը: 6-րդ րոպեին Կազեմիրոն տուգանային հարվածի խաղարկումից հետո աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Յան Օբլակը փրկեց իր թիմին:

Րոպեներ անց կրկին ստանդարտ իրավիճակից «Ատլետիկոյի» տուգանայինում խառնաշփոթ առաջացավ, սակայն այս անգամ Յան Օբլակը չկարողացավ հետ մղել Սերխիո Ռամոսի հարվածը:

Բաց թողած գոլից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը հաշվի հավասարությունը վերականգնելու համար առանձնակի ջանքեր չգործադրեց, իսկ «սերուցքայինները» համակարգված խաղ ցուցադրեցին:

Երկրորդ կեսի մեկնարկում խաղի պատկերը զգալիորեն փոխվեց. արդեն 46-րդ րոպեին Պեպեն սեփական տուգանային հրապարակում խախտեց Ֆերնանդո Տորրեսի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը Կեյլոր Նավասի դարպասին 11-մետրանոց հարված նշանակեց: Նշակետին մոտացավ Անտուան Գրիզմանը, սակայն չկարողացավ դիպուկ հարվածել:

«Ատլետիկոյին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը 79-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Յանիկ Կարասկոն: Հիմնական ժամանակի մնացած հատվածում երկու թիմերն էլ զգուշավոր խաղ ցուցադրեցին, և խաղը տեղափոխվեց հավելյալ ժամանակ:

Հավելյալ ժամանակահատվածում թիմերին չհաջողվեց գոլեր խփել, և Չեմպիոնների լիգայի գավաթի ճակատագիրը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով, որն առավել դիպուկ իրացրեցին Զինեդին Զիդանի սաները. «Ատլետիկոյի» կազմում վրիպեց Խուանֆրանը:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Ռեալ» – «Ատլետիկո»` 1:1
Հետխաղյա 11-մետրանոց՝ 5:3

Հետևեք մեզ նաև Telegram-ում