Արայիկ Բաղդադյան. Օլիմպիական խաղերում բոլորը հավասար են

Արայիկ Բաղդադյան. Օլիմպիական խաղերում բոլորը հավասար են

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր է նվաճել։ Ռիոյում Հայաստանը ներկայացնելու են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն։ 

Sport Times.am-ի հետ զրույցում ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը խոսել է նախաօլիմպիական շրջանի և սպասելիքների մասին:

-Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունենք։ Ավելի վաղ նշել էիք, որ 2-3 ուղեգիրը կհամարեք լավ արդյունք։

-Ասել եմ, որ 3 ուղեգիրը նորմալ է։ 4 ուղեգիրը չեմ համարի գերազանց արդյունք, բայց լավ է։ Ճիշտ է, սպասելիքներ կային թե՛ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանից, թե՛ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևից, բայց սա սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է։ Երկու երնեկ մեկ տեղում չեն լինում (ժպտում է-խմբ.): Նկատի ունեմ Դավիթ Սաֆարյանի ուղեգիրը։ Եթե անկեղծ լինենք, դա պատահականություն չէր. Սերբիայի մրցաշարում նրա 3-րդ տեղը, քրտնաջան աշխատանքն ու մարզումները վարձատրվեցին։

Ինչ վերաբերում է Գրիգոր Գրիգորյանին, կարող եմ ասել, որ նրա բախտը չբերեց։ Վերջին՝ Թուրիքայում կայացած վարկանիշային մրցաշարում նա սկզբում 8։0 հաշվով հաղթում էր Իսպանիան ներկայացնող ըմբիշին, բայց հաշիվը պետք է այդ պահին լիներ 10:0 կամ 12։0։ Մրցավարները թույլ չտվեցին բողոքարկել՝ ասելով, որ կվերանայեն, սակայն որոշումը նույնը թողեցին։ Ինձ թվում է՝ դրանից հետո Գրիգորը կոտրվեց, վատ շարունակեց գոտեմարտն ու պարտվեց։

-Վարկանիշային մրցաշարերում Գրիգոր Գրիգորյանի գոտեմարտերին հետևելիս տպավորություն էր ստեղծվում, որ նա կա՛մ վերջում է «միանում» ու սկսում միավոր վաստակել, կա՛մ սկզբում է միավոր վաստակում է, ապա հեշտությամբ բաց թողնում հնարքներ ու պարտվում։ Ո՞րն է խնդիրը։

-Մոնղոլիայում նա սպասվածից վատ հանդես եկավ, իսկ Ստամբուլի մրցաշարում արդեն ասացի, որ հոգեբանական ծանր վիճակում հայտնվեց, երբ մաքուր հաղթանակը չտվեցին իրեն։

-Նրա հետ այդ թեմայով խոսե՞լ եք:

-Այո, բայց ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է։ Նա վերսկսել է մարզումները, մինչև Օլիմպիական խաղերը հավաքականի հետ է լինելու, քանի որ մեր առաջատարներից է։ Գրիգորը դեռ իր խոսքը չի ասել մեծ սպորտում։

-Սերբիայում կայացած առաջին վարկանիշային մրցաշարին 57 կգ քաշային կարգում մասնակցեց Գառնիկ Մնացականյանը: Ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումը։

-Դեռ 2015 թվականի դեկտեմբերի ծաղկաձորյան հավաքին բոլորին զգուշացրել էի, որ ոչ ոք ապահովագրված չէ, և ամեն ինչ որոշվելու է ըստ ընթացիկ մրցաշարերում ցույց տված արդյունքների։ Օրինակ՝ Կիևի մրցաշարում Գարիկ Բարսեղյանը Գառնիկ Մնացականյանից լավ հանդես եկավ և իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Մրցակցությունը պահելու համար որոշեցինք, որ Գառնիկը կմեկնի առաջին վարկանիշային մրցաշարին։

-Իսկ Գառնիկից նման արդյունք սպասո՞ւմ էիք։

-Այո, Գառնիկը լավ է հանդես եկել, մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի։ Շատ լավ հանդես եկավ հատկապես Իրանում կայացած աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ 5 գոտերմարտից 4-ում հաղթեց։ Նա պատահական ըմբիշ չէ, Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի մրցանակակիր է։

-Նախապես նշել էիք, որ Ռիո կմեկնեն այն ըմբիշները, ովքեր վարկանիշ ձեռք կբերեն։ Ձեր որոշումն անփոփո՞խ է:

-Այո, ըստ էության անփոփոխ է, բայց չմոռանանք՝ մինչև Օլիմպիական խաղերը բավականին ժամանակ կա, կարող է շատ բան պատահել։

-Այսինքն՝ հնարավո՞ր է Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարից հետո ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։

-Այդ մրցաշարը մեծ փոփոխություններ չի բերի։ Կազմի մեջ հիմնական փոփոխությունները կարող են կապված լինել վնասվածքների հետ կամ եթե ինչ-որ մեկը շատ վատ մասնակցի Ստեփան Սարգսյանի մրցաշարին, հետո էլ ուսումնամարզական հավաքներին, դա արդեն մտածելու առիթ կտա:

-Անդրադառնանք 97 կգ քաշային կարգին։ Գեորգի Կետոևը փորձառու ու տիտղոսակիր ըմբիշ է: Ինչպե՞ս կայացվեց նրան Հայաստանի հավաքական հրավիրելու որոշումը։

-Խոսակցություններ դեռ անցյալ տարվանից կային։ Առաջարկը նրանց կողմից է եղել, երբ 3 տարի միջազգային ասպարեզում բացակայելուց հետո Գեորգին նոր էր վերսկսել մարզումները։ Ես, անկեղծ ասած, չցանկացա ինձ վրա պատասխանատվություն վերցնել, քանի որ 3 տարին ըմբշամարտում հսկայական ժամանակ է, նա էլ տարիքով մեծ է։ Սակայն Մոնղոլիայում կայացած համաշխարհային վարկանիշային մրցաշարի ժամանակ նա բոլորիս զարմացրեց իր գոտեմարտերով։ Գեորգին փորձառու ըմբիշ է, բայց որ այսպիսի վերադարձ կունենա, ոչ ոք չէր սպասում։

-Մինչև Օլիմպիական խաղերը նա կհասցնի՞ լավ մարզավիճակ ձեռք բերել:

-Դեռ ժամանակ կա: Այժմ նա Վլադիկովկասում մարզվում է Ռուսաստանի հավաքականի հետ։ Մեզ կմիանա Ծաղկաձորի հավաքին: Հունիսի 9-24-ը Ծաղկաձորում հավաք կանցկացնենք, որից հետո կմասնակցնեք Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին: Այնուհետև կլինի 1 շաբաթ հանգիստ, իսկ օգոստոսի 1-ին կամ 2-ին կմեկնենք կա՛մ Վրաստան, կա՛մ Ռուսաստան՝ տեղի թիմերի հետ հավաք անցկացնելու:

-Անցյալ տարի Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարը բավական ուժեղ կազմ էր հավաքել։ Այս տարի ինչիպիսի՞ թիմերի ժամանում է նախատեսվում։

-Նախատեսվում է 10-12 երկրի մասնակցություն։ Իրանի հավաքականից արդեն տեղեկացրել են, որ որոշ քաշային կարգերում կմասնակցեն իրենց ուժեղագույն ըմբիշները և ըստ արդյունքի կկողմնորոշվեն՝ ով է մեկնելու Ռիո:

-Ռիո մեկնելու եք ըմնիշների ելույթներից 9-10 օր առաջ։ Հաշվարկե՞լ եք, որ կլիմայափոխությունն այդպես ավելի լավ կանցնի:

-Այո։ Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ Բրազիլիա պետք է գնալ անմիջապես մրցելույթների նախօրյակին կամ 9-10 օր շուտ: Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը։

-Այդ 9-10 օրվա ընթացքում մարզումային զույգերի խնդիր չի՞ առաջանա։

-Նախնական պայմանավորվածություն կա Վրաստանի հավաքականի հետ: Նրանք էլ մեզ նման 9-10 օր առաջ են այնտեղ լինելու: Այնպես որ՝ զույգերի հետ կապված խնդիր չի առաջանա։

-Սովորաբար Օլիմպիական խաղերի պատրաստվող թիմերի հետ հոգեբաններ են աշխատում։ Հայաստանում այդ պրակտիկան, կարծես, բացակայում է։ Մենք չունե՞նք դրա կարիքը։

-Շատ կա կարիքը, բայց հոգեբանը չի կարող 1-2 հադիպումով ազդեցություն թողնել մարզիկի վրա։ Նա պետք է շատ երկար աշխատի մարզիկի հետ, նրա հետ անցնի մարզումային ընթացք, որպեսզի արդյունք տա։

-Ստացվում է՝ Դուք և՛ մարզիչ եք, և՛ ինչ-որ չափով հոգեբան։

– Դե, այդպես է ստացվում (ժպտում է-խմբ.)։

-Կետոևը և Սաֆարյանն ունեն Օլիմպիական խաղերի մասնակցության փորձ, իսկ Բերիանիձեի ու Մնացականյանի համար սա նորամուտ է։ Վերջիններիս հետ ինչ-որ առանձին աշխատանք տարվելո՞ւ է։

-Օլիմպիական խաղերում բոլորը հավասար են, բոլորը են գալիս մեդալի հետևից։ Բերիանիձեն ավելի փորձառու, քան Գառնիկը: Նա մասնակցել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների։ Հիմնականում Գառնիկի հարցն է, սակայն նա էլ երիտասարդ մարզիկ չէ և որոշակի փորձ ունի։ Հուսով եմ, որ նրա վրա ոչ մի լարվածություն չի ազդի։ Գառնիկը շատ դժվարին պայքարում վարկանիշ ձեռք բերեց, դրանից հետո նրա մոտ աճ է գրանցվել։

-Եթե անկեղծ լինենք, Ռիոյից քանի՞ մեդալի ակնկալիք ունեք։

-Ես ունեմ ակնկալիքներ, բայց թե ինչպիսին են դրանք, ժամանակը ցույց կտա։

-Վերջերս Ձեր հասցեին տարատեսակ քննադատություններ են հնչում՝ կապված հավաքականի արդյունքների հետ…

-Ես չեմ ուզում արդարացումներ փնտրել, բայց խնդիրները շատ ավելի խորքային են, քան երևում են առաջին հայացքից։ Այս պահին մենք չունենք զարգացած մանկապատանեկան ազատ ոճի ըմբշամարտ։ Շատ մարզիչներ, ովքեր մարզադպրոցում աշխատում են 15-20 տարի և Հայաստանի հավաքականի գոնե մեկ անդամ չեն տվել, մարզիչ կոչվելու իրավունք չունեն։ Այնպիսի տպավորություն է, ասես մարզադպրոցներում երեխաների հետ ուղղակի ժամանակ են անցկացնում։ Կան լավ պայմաններով մարզադպրոցներ, որոնք հավաքականում ընդամենը 2 մարզիկ ունեն։ Քննադատելն ամենահեշտ բանն է, պետք է հարցին այլ տեսանկյունից նայել։ Այս քառամյա շրջափուլում մենք ունեցել ենք Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ։

 

Զրուցեց Հասմիկ Գրիգորյանը
Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում