Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ հաղթեց «Ռոլան Գարրոսում»

Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ հաղթեց «Ռոլան Գարրոսում»

Ֆրանսիայի Բաց առաջնության՝ «Ռոլան Գարրոսի» եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առավելության հասավ երկրորդ ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ։

Առաջին սեթը ձախողելուց և 3։6 հաշվով պարտվելուց հետո սերբ թենիսիստը հաջորդող 3 սեթում առավել վստահ հանդես եկավ՝ հաղթելով 6:1, 6:2, 6:4 հաշվով և նվաճելով «Ռոլան Գարրոսում» իր առաջին տիտղոսը։

Նովակ Ջոկովիչն ընդհանուր 11 անգամ հաղթել էր «Մեծ Սաղավարտի» մյուս մրցաշարերում՝ Ավստրալիայի Բաց առաջնությունում (6), «Ուիմբլդոնում» (3) և ԱՄՆ-ի Բաց առաջնությունում (2), իսկ Ֆրանսիայի Բաց առաջնությունում հաջողության չէր հասել։

Այս հաղթանակի համար Նովակ Ջոկովիչը կստանա 2 մլն դոլար մրցանակային գումար և 2000 վարկանիշային միավոր։ Նշենք նաև, որ սա Ջոկովիչի և Մարեյի 34-րդ հանդիպումն էր, սերբ թենիսիստը հաղթել է 24 անգամ։

Հիշեցնենք, որ կանանց մրցաշարի եզրափակչում Գարբինյե Մուգուրուսան հաղթել է WTA վարկանիշային աղյուսակի առաջին համար Սերենա Ուիլյամսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում