Եվրո-2016․ Բրիտանացիները, Սլուցկու հավաքականն ու անկանխատեսելի Սլովակիան

Եվրո-2016․ Բրիտանացիները, Սլուցկու հավաքականն ու անկանխատեսելի Սլովակիան

Եվրոպայի առաջնությանը հաշված օրեր են մնացել։ Ֆուտբոլային տոնին ընդառաջ` ներկայացնում ենք B խմբի հավաքականներին: 

Անգլիա

Բրիտանական ընտրանու ֆուտբոլիստները փոթորկի պես անցան նախընտրական փուլը՝ հաղթելով բոլոր խաղերում։ Այդ ամենից անկախ, չեմպիոն դառնալու նրանց հնարավորությունն այնքան էլ իրատեսական չէ: Այս անգամ Ռոյ Հոջսոնի տրամադրության տակ շատ են երիտասարդ խաղացողները: Անցյալ առաջնության Ուեյն Ռունիի «ոսկե սերունդը» կարող է նույնիսկ չընդգրկվել հիմնական կազմում: Հոջսոնը, հավանաբար, հույս ունի այս տղաների հետ աշխատել մինչև Մունդիալ-2018-ը, բայց առաջնությունում 1/4 եզրափակիչ դուրս գալն էլ կվտանգի նրա ապագան։ Համենայն դեպս, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը վերջերս հայտարարել է, որ հավաքականը պետք է նվաճի Եվրոպայի առաջնության ոսկին:

Ուելս

Մունդիալ 1958-ից հետո Ուելսի հավաքականը միջազգային արենայում եզրափակիչ փուլերին չի մասնակցել: Քրիս Քոուլմենի թիմը պետք է ապացուցի, որ նախընտրական փուլից դուրս գալը դեռ իր բարձրագույն սահմանը չէ: Երկրպագուների համար Ֆրանսիա մեկնելը կարող է կյանքի ամենավառ հիշողություններից մեկը դառնալ, իսկ հաճելի զգացողությունները կախված կլինեն մեծապես Գարեթ Բեյլից, ով նախընտրական փուլում շատ օգնեց թիմին: Եթե նա շարունակի այդպես խաղալ, ապա օրինակ 1/4 եզրափակիչ դուրս գալն այնքան էլ անհավանական իրադարձություն չի լինի:

Ռուսաստան

Ռուսաստանի հավաքականն անդունդն էր գլորվում, քանի դեռ ՌՖՄ-ն չէր վճռել գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Ֆաբիո Կապելոյին: Հայրենիքը փրկելու գործին ձեռնամուխ եղավ ԲԿՄԱ-ի մարզիչ Լեոնիդ Սլուցկին, ով պատասխանատվություն վերցրեց համատեղելու ակումբի ու հավաքականի աշխատանքը: Հուսադրող է, որ նրա գլխավորությամբ Ռուսաստանը կարողացավ առաջնության ուղեգիր նվաճել: Ճիշտ է, նա էլ իտալացի մարզչի պես նույն խնդրի առաջ է կանգնել՝ լեգեոներների ժամանակն արդեն անցել է, իսկ երիտասարդներն այնքան էլ շատ չեն։ Ամեն դեպքում, տնային Մունդիալից առաջ հարկավոր է ցանկացած գնով երիտասարդացնել թիմն ու զգալի հաջողության հասնել։

Սլովակիա

Փոքրիկ երկրի հավաքականից, որը երկրորդ անգամ է միջազգային արենայում ելույթ ունենում, որևէ մեկը շատ բան չի սպասում: Ճիշտ է, չէին սպասում նաև ՀԱՀ-ում, երբ 2010-ի Մունդիալի ժամանակ սլովակները, Իտալիայի առաջ դռները փակելով, դուրս եկան փլեյ-օֆֆ: Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում Ուկրաինայի և Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակները 6 հանդիպումից բաղկացած հաղթական շարքի մի մասն էին։ Հետո թիմը նահանջեց ու երեք խաղ անընդմեջ գնդակ խփել չկարողացավ, բայց Լյուքսեմբուրգի դեմ նյարդային հաղթանակը նրանց համար դեպի Եվրոպայի առաջնություն ճանապարհ հարթեց: Ժամանակից շուտ մի շտապեք նրանց դուրս թողել պայքարից: Նրանք բավականին յուրահատուկ են տակտիկապես, կարողանում են հարմարվել դաշտում տիրող իրավիճակին և, իհարկե, պարծենալ Մարեկ Համշիկով:

Խաղ, որը չպետք է բաց թողնել

Վիճակահանության ժամանակ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քոուլմենը հայտարարեց, որ կցանկանար բրիտանական մյուս թիմերից հեռու մնալ: Ճակատագիրը նրան չլսեց ու որպես պատասխան Հոջսոնի թիմին ուղարկեց: Հունիսի 16-ին Լանսում յուրահատուկ տապ է լինելու: Եթե անգամ եղանակն անբարենպաստ լինի, ֆուտբոլիստները հարկ եղած ջերմաստիճանը կապահովեն: Ուելսն Անգլիային երբեք չի հաղթել միջազգային հարթակում, բայց Բեյլը կարող է շատ բան փոխել: Չկա վստահություն, որ անգլիացիները կկարողանան կանգնեցնել Ուելսի առաջատարին։

Անհատական գլխավոր դիմակայություն՝ Շկրտելն ընդդեմ անգլիացի հարձակվողների

Անգլիայում շատերն արդեն քննարկում են, թե ինչպես են Սմոլինգն ու Սթոունսը կարողանալու կանգնեցնել Բեյլին: Պակաս հետաքրքիր չէ «Լիվերպուլի» կազմում 8 տարի անցկացրած Մարտին Շկրտելի և իր համար երկրորդ հայրենիք դարձած Անգլիայի հարձակվողների սպասվելիք դիմակայությունը: Այլ հարց է, թե նա ում է դիմակայելու։ Մեծ փորձ ունեցող Ռունի՞ն, տաղանդավոր Հարրի Քե՞յնը, երկրի նորաթուխ չեմպիոն Ջեյմի Վարդի՞ն, Մարկուս Ռաշֆո՞րդը․․․ Պարզ չէ՝ ով կլինի Անգլիայի գլխավոր աստղը: Ամեն դեպքում, Շկրտելն այդ հարցը գուցե իր համար սովորական դարձած ուժային տարբերակով լուծի։

Խմբի գլխավոր հարցը՝ Անգլիան կարդարացնի՞ սպասելիքները

Ֆավորիտը հենց առաջնության սկզբից պետք է վստահ լինի սեփական ուժերին, քանի որ Բրազիլիայում նրանք հայտնվել էին Ուրուգվայի և Իտալիայի քառյակում: Այս անգամ Անգլիան խմբում իրեն հավասարը չունի, թեև մյուս հավաքականներին թերագնահատել չի կարելի: Բրազիլիայում Ռոյ Հոջսոնի մարտավարությունը սկզբում դրական ակնկալիք էր ծնում, դրա համար էլ հետաքրքիր է հետևել՝ բրիտանացիները պատրա՞ստ են փոխվել խաղի ընթացքում: Վերջին անգամ Անգլիան նախընտրական փուլը հարյուր տոկոսանոց արդյունքով անցել էր 1988-ին: Այդ ժամանակ խմբային փուլում նրանց մրցակիցների թվում էին ԽՍՀՄ-ը և բրիտանական կղզիների մեկ այլ ներկայացուցիչ։ Իռլանդացիների դեմ մեկնարկային հանդիպումն անգլիացիների համար անհաջող ավարտ ունեցավ: Դրան հետևեց Նիդեռլանդներից ու ԽՍՀՄ-ից կրած պարտությունը: Հետաքրքիր է՝ նման զուգադիպությունն ինչպե՞ս կազդի անգլիացիների տրամադրվածության վրա։

 

Նախորդ հրապարակումը՝ Եվրո-2016․ Հյուրընկալող Ֆրանսիան և А խմբի մյուս հավաքականները։

Հավելենք, որ խմբային փուլի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում