Եվրոպայի առաջնության ամենաերիտասարդ հավաքականները

Եվրոպայի առաջնության ամենաերիտասարդ հավաքականները

Շատ հավաքականներ Եվրոպայի առաջնությունն Աշխարհի առաջնությանը լավագույնս պատրաստվելու առիթ են դարձնում: Երիտասարդ ֆուտբոլիստները հրավիրվում են փորձ ձեռք բերելու և հաջորդ Մունդիալի ժամանակ ավելի լավ հանդես գալու համար: Մարզիչներն էլ նման խոշոր մրցաշարերից առաջ հաճախ տարբեր փորձարկումներ են կատարում: Մեկ խոսքով՝ Եվրոպայի առաջնությունը ոչ միայն ֆուտբոլային տոն է, այլև մեծ փորձադաշտ։ 

Ներկայացնում ենք այն Եվրոպայի առաջնությանը մասնակցող այն 5 հավաքականներին, որոնց մարզիչները չեն վախենում փորձարկումներից և երիտասարդներին վստահելուց։

5. Ուելսի հավաքական (միջին տարիքը՝ 26.2)

Ուելսեցիները շատ երիտասարդ խաղացողներ չունեն, բայց շատ չեն նաև ավագները (հիմնական կազմի ֆուտբոլիստներից միայն երկուսն են 30 տարեկան): Պաշտպանությունում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա «Տոտենհեմի» 23-ամյա ֆուտբոլիստ Բեն Դևիսը: Հավաքականում կլինի նաև 22-ամյա Թոմ Լոուրենսը, ով Չեմպիոնշիփում է հանդես գալիս այնպես, ինչպես նրա հավաքականի շատ խաղացողներ: Ուելսի հավաքականում շատ  են ֆուտբոլիստները, ովքեր դաստիարակվել կամ վաղ հասակում Անգլիա են տեղափոխվել, շատերը մեծ ակումբների ակադեմիաներում են ուսանել, դրա համար էլ այդ ֆուտբոլիստները շատ լավ հիմք ունեն: Այս հավաքականի առաջատարները ևս միջին տարիքի են: Գլխավոր հույսը, Ուելսի կուռք Գարեթ Բեյլը 26 տարեկան են: Ջո Ալենը ևս նրանց հասակակիցն է, իսկ Ռեմսին 25 տարեկան է: 

4. Թուրքիայի հավաքական (միջին տարիքը` 26.1)

Վերջապես Թուրքիայի հավաքականը սերնդափոխություն կատարեց ու հիմա մայրցամաքի ամենաերիտասարդ թիմերից է: Սկսենք ընտրանու առաջատար Չալխանողլուից, ով ընդամենը 22 տարեկան է ու Եվրոպայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է: Հիմա նա «Բայերում» է խաղում, բայց շուտով կարող է ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվել: Թուրքիայի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները ներքին առաջնությունում են հանդես գալիս: Միայն առաջատարներն են «մեծ հնգյակի» թիմերում: Այդ ֆուտբոլիստներից են Թուրանն ու Շահինը: Հավաքականի կազմում է նաև պակաս հայտնի, 24-ամյա Յունուս Մալլին, ով այժմ «Մայնցում» է խաղում: Տեղական առաջնությունից կարելի է 22-ամյա Ահմեդ Չալիկին առանձնացնել, ով չնայած տարիքին՝ իր հավաքականի հիմնական կազմի կենտրոնական պաշտպանն է: Հարձակման կենտրոնում է 24-ամյա Թոսունը: Թուրքիայի հավաքականի երիտասարդների մակարդակն այնքան էլ բարձր չէ, բայց պոտենցիալը հսկայական է: Եթե մեծ առաջնություններում խաղային փորձ ունենան, կարող են գերաստղերի վերածվել:

3. Անգլիայի հավաքական (միջին տարիքը` 25.9)

Եթե գոնե մի փոքր հետևում եք ֆուտբոլային նորություններին, ապա ծանոթ եք անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստների ազգանուններին: Առաջին հերթին խոսքը Քեյնին է վերաբերում: Անցյալ մրցաշրջանում իր արդյունավետությամբ բոլորին զարմացրած ֆուտբոլիստն այս տարի ոչինչ չնվազեցրեց ու դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն: Այդ ամենն ընդամենը 22 տարեկանում: Լսել եք նաև Դելե Ալլիի անունը, ով 20 տարեկան է: Հավաքականում է նաև Էրիկ Դայերը, ով 22 տարեկանում անգլիական լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է և, ամենայն հավանականությամբ, կհայտնվի մեկնարկային կազմում: Չպետք է մոռանալ Ռոս Բարկլիին։ Սթերլինգը ևս կմեկնի Ֆրանսիա, նա 21 տարեկան է ու ապացուցելու շատ բան ունի: Հայտացուցակում է նաև 18-ամյա Ռաշֆորդը, բայց Քեյնի, Վարդիի և Ռունիի հետ մրցակցության պարագայում նա խաղաժամանակ ստանալու քիչ հնարավորություն ունի։

Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն անընդհատ դաշտում են ԱՊԼ-ի և եվրագավաթների խաղերի ժամանակ, դրա համար էլ Անգլիայի հետ երիտասարդ ֆուտբոլիստների որակի հետ կարող է միայն Գերմանիան մրցակցել: Վստահությամբ կարելի է հայտարարել, որ այս հավաքականը փայլուն ապագա ունի և Մունդիալ 2018-ին ֆուտբոլիստներն ավելի մեծ հնարավորություններ կունենան։

2. Գերմանիայի հավաքական (միջին տարիքը` 25.8)

Բունդեսթիմը շատ քիչ է երիտասարդ անգլիական ընտրանուց, բայց ֆուտբոլիստների խաղամակարդակի առումով Գերմանիան առաջատարն է: Գերմանական ընտրանու ամենահեռանկարային ֆուտբոլիստը կարող է համարվել 21-ամյա Ջոշուա Կիմիխը, ով շատ բարձր մակարդակով կարողանում է խաղալ թե՛ հենակետային կիսապաշտպանի, թե՛ կենտրոնական պաշտպանի դիրքում: Նա դա անում է ոչ թե շարքային հանդիպումներում, այլ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Հավաքականում է նաև Էմրե Ջանը, ով հանդես է գալիս «Լիվերպուլում» և Եվրոպայի առաջնությունում պաշտպանի պարտականություններն է կատարելու: Հայտացուցակում են նաև Լերոյ Սանեն, ով նոր է դարձել 20 տարեկան ու մրցաշրջանում արդեն իսկ 10 միավոր ունի «գոլ+փոխանցում» ձևաչափով: Այս ֆուտբոլիստները դեռ կարող են խաղալ Գերմանիայի երիտասարդական հավաքականում։ Նրանցից տարիքով մի փոքր մեծ ևս մի քանի ֆուտբոլիստներ կան: Օրինակ՝ Մարիո Գյոտցեն, ով 24 տարեկան է ու տաղանդը չի կորցրել: Անտոնիո Րյուդիգերը 23 տարեկան է, բավականաչափ առաջարկներ ունի եվրոպական լավագույն ակումբներից: Թվում է՝ Գերմանիան շատ հանգիստ հավասարազոր երկու թիմով կարող է հասնել առնվազն մինչև 1/4 եզրափակիչ: 

1. Շվեյցարիայի հավաքական (միջին տարիքը` 25.7)

Պատահական չէ, որ շվեյցարցիներն են գլխավորում հնգյակը: Վերջին տարիներին եվրոպական ֆուտբոլում շատ են այս երկիրը ներկայացնող երիտասարդ ֆուտբոլիստները: Նրանք հիմնականում Գերմանիայի առաջնությունում են հանդես գալիս։ Շվեյցարիայի հավաքականի գլխավոր աստղը Շերդան Շակիրին է, ով տարիներ առաջ հանդես էր գալիս «Բավարիայում», բայց ավելի շատ խաղաժամանակ ստանալու ցանկությամբ տեղափոխվեց «Ինտեր», ապա «Սթոք Սիթի»: Աստղային մյուս երիտասարդ ֆուտբոլիստը Ռիկարդո Ռոդրիգեսն է: Նա ձախ պաշտպանի դիրքում է հանդես գալիս: Հիմա շատ են նրա տեղափոխության մասին շշուկներն ու որպես ամենահավանական տարբերակ «Ռեալի» անունն է նշվում: Հենակետայիններից է Գրանիտ Ջական: 23-ամյա ֆուտբոլիստը լավ մրցաշրջան անցկացրեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիայում» և հենց նրա համար «Արսենալը» վերջերս կլորիկ գումար վճարեց: Պաշտպանության կենտրոնում 24-ամյա Ֆաբիան Շերն է: Վատ ցուցակ չէ, այնպես չէ՞: Հավաքականում է նաև հեռանկարային Բրել Էմբոլոն: Ծագումով կամերունցի 19-ամյա ֆուտբոլիստն արդեն երկրորդ անընդմեջ մրցաշրջանն է՝ շվեյցարական առաջնությունում 10 գնդակ է խփում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում